
Երկու ոսկի, մեկ արծաթ, երկու բրոնզ և թիմային 3-րդ տեղ՝ Աշխարհի գավթի խաղարկությունում
Մարտի 24-ից 25-ը Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում անցկացվեց Սամբոյի ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ՝ Ա.Խառլամպիևի հուշամրցաշարը, ուր ուժերը չափեցին 29 երկրի շուրջ 200 ուժեղագույն սամբիստները՝ մարզաձևի մարզական և մարտական դասերում:
Սամբոյի ֆեդերացիան հայտնում է, որ գերազանց հանդես եկան Հայաստանը ներկայացնող սամբիստները: Այսպես մրցումների առաջին օրը մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում պատվո վերին հարթակում կանգնեց ոսկե մեդալի արժանացած Տիգրան Կիրակոսյանը, իսկ 82 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ նվաճեց Դավիթ Գրիգորյանը:
Գերազանց ելույթներ են ունեցել Մարտական սամբոյի ներկայացուցիչները՝ Ջոն Բալայանը /52 կգ/ արժանացավ բրոնզե մեդալի, Մավրիկ Նասիբյանը /74կգ/ արծաթե, իսկ Սամվել Բադալյանը ճանաչվելով լավագույնը 62կգ քաշային կարգում նվաճեց ոսկե մեդալ:
Այս արդյունքով Հայաստանի մարտական սամբոյի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երրորդ տեղը, ինչը բավականին բարձր նվաճում է:
Հավելենք, որ մեր հինգ մեդալակիրներն էլ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են:
Հիշեցնենք, որ փետրվարին անցկացված A դասի մեկ այլ մրցաշարում՝ Բելոռուսի բաց առաջնությանը, ոսկե մեդալ էր նվաճել 57 կգ քաշային կարգում Գրիգոր Մխիթարյանը:
Ս.թ. ապրիլին և մայիսին տեղի կունենան Եվրոպայի առաջնությունները՝ նախ պատանիների ու երիտասարդների մասնակցությամբ, ապա՝ մեծահասակների: Վստահ ենք, որ մեր մարզիկները կշարունակեն վստահ ելույթները՝ պահելով թե հայկական սամբոյի, թե Հայաստանի պատիվը:
Մեկնաբանել