Հացի և հացաբուլկեղենի փոխադրամիջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրեր կսահմանվեն
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայություն են հրավիրվել հացի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչները, որոնց ներկայացվել են ոլորտում առկա խնդիրները, իրավական կարգավորումները և անհրաժեշտ գործողությունները՝ արտադրական պրոցեսները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար, մասնավորապես՝ հացի արտադրությանը, մակնշմանը և տեղափոխմանը ներկայացվող պահանջները:
Խոսելով ոլորտի առանձնահատկությունների մասին՝ Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հաց արտադրողներին ներկայացրել է Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) տեխնիկական կանոնակարգերով ամրագրված պահանջները, մասնավորապես՝ արտադրանքի համապատասխանության գնահատման ընթացակարգերը, համաձայն որոնց 2017թ. հունվարի 2-ից հացը ենթակա է համապատասխանության հայտարարագրման:
Պարոն Դանիելյանը անդրադարձել է հացի և հացաբուլկեղենի տեղափոխման համար նախատեսված փոխադրամիջոցներին` ներկայացնելով դրանց ներկայացվող պահանջները: Նա զգուշացրել է, որ կամայական փոխադրամիջոցներով հացի և հացամթերքի տեղափոխումն այլևս անընդունելի է՝ տեղեկացնելով, որ շուտով շրջանառության մեջ կդրվեն սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրեր: Միաժամանակ արտադրողներին ներկայացվել են սննդամթերքի փաթեթավորման նյութերին, բեռնարկղերին և հաց, հացաբուլկեղեն առաքող անձանց ներկայացվող պահանջները:
Նա արտադրողներին նաև հորդորել է հացի ու հացամթերքի արտադրության համար անհրաժեշտ հումք և օժանդակ նյութեր (խմորիչներ, բարելավիչներ, սննդային հավելումներ և այլ բաղադրիչներ) ձեռք բերելիս, անպայման պահանջել և ունենալ դրանց անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթեր (համապատասխանության հավաստագրեր) և ձեռք բերման փաստաթղթեր՝ հետագծելիությունը ապահովելու նպատակով:
Բոլոր մասնակիցներին տրամադրվել են չփաթեթավորված հացի հետ առաքվող տեղեկատվական թերթիկի օրինակելի ձևերը, ինչպես նաև տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել