Վաստակաշատ հայագետի բնակարանային խնդրի լուծումը հնարավոր չի դառնում անգամ Առաջին տիկնոջ գրասենյակի միջամտությամբ
Անկախ նրանից, թե ՀՀԿ-ն իրեն ինչ աջակցություն եւ հեղինակություն է վերագրում, իրականում թե ՀՀԿ հեղինակությունն է շատ ցածր, թե աջակցությունն է շատ թույլ: Դրա պատճառը երկրի սոցիալ-տնտեսական կյանքում, արդարադատության համակարգում, պաշտպանության ոլորտում եւ այլուր տիրող անմխիթար վիճակն է` կադրային լճացածությունը, չպատժվող անօրինականությունները, չվերջացող տապալումները:
Սակայն ՀՀԿ-ին մերժելու էլ ավելի առարկայական պատճառ են անհատ քաղաքացիների հանդեպ իշխանությունների կողմից դրսեւորվող անպատասխանատու, երբեմն հանցավոր վերաբերմունքը: Ահավասիկ՝ վաստակաշատ հայագետ, ԳԱԱ Լեզվի ինստիտուտի բազմամյա գիտաշխատող, բարբառագետ Անահիտ Հանեյանի պարագան:
Տիկ. Հանեյանի մոտ տարիներ առաջ հայտնաբերվել է երկարատեւ ընթացք ունեցող, անբուժելի հիվանդություն: Ընթացիկ բուժումը պահանջում է թանկարժեք դեղորայք, բուժանձնակազմի հսկողություն, մշտական խնամող եւ բոլոր այդ ծախսերը հոգալու տարբերակը ի վերջո մնացել է տիկ. Հանեյանի` Երեւանի կենտրոնում գտնվող բնակարանը վաճառելը:
Տիկ. Հանեյանը բնակվում է դստեր հետ, որը նաեւ պաշտոնապես ճանաչված է նրա խնամակալ: Երեւանում գնտվող բնակարանի վաճառելուց, գոյացած պարտքերը վճարելուց հետո, Հանեյանի դուստրը ընտանիքի համար նոր տուն է գնում Երեւանին մերձակա, Կոտայքի մարզին մաս կազմող Ձորաղբյուր ամառանոցային ավանում: Ամռանը կենցաղային եւ կլիմայական պայմանները հարմավետ են լինում բնակության համար, սակայն ձմռան ամիսները վերածվում են մղձավանջի եւ տունը թեկուզ մասամբ տաքացնելու բարդության, եւ հատկապես բարձրադիր դիրքի պատճառով դեպի առանձնատուն տանող ճանապարհի` ձյան տեղումներից փակվելու պատճառով: Շտապօգնության մեքենաներն անգամ չեն կարողանում մոտենալ տանը, ինչ էլ տիկ. Հանեյանի կյանքի համար ստեղծում է ռեալ սպառնալիք: Ճարահատյալ ընտանիքը ձմեռվա ամիսների համար բնակարան է վարձում եւ մի քանի ամսով տեղափոխվում Երեւան: Վարձակալությունը առաջացնում է նոր եւ անլուծելի ֆինանսական դժվարություններ:
Ստեղծված իրավիճակից չի մնում այլ ելք, քան Երեւանի քաղաքապետարանին դիմելը եւ խնդրելը, որ կյանքի մայրամուտը ծանր հիվանդության մեջ ապրող վաստակաշատ գիտնականին Երեւանում, քաղաքապետարանին հասանելի բնակարանային ֆոնդերից մի բնակարան հատկացվի: Հանեյանի դուստրը շուրջ երկու տարի առաջ դիմում է քաղաքապետարան եւ ստանում պատասխան. «Բարձր ենք գնահատում տիկին Հանեյանի գիտական վաստակը, սակայն բնակֆոնդում ապրելու համար նախատեսված որեւէ գույք չունենք, պատրաստակամ ենք, ունենալուն պես, քննարկել հարցը՛՛:
Սույն գրավոր պատասխանի ստացվելուց մեկ ամիս էլ չանցած՝ պաշտոնապես հաղորդվում է Երեւանի քաղաքապետարանի կողմից մի շարք անձանց բնակարններ հատկացնելու մասին:
Հանեյանի դուստրը բաց նամակ է հրապարակում ՛՛Հայկական ժամանակ՛՛ օրաթերթում՝ ուղղված Հանրապետության նախագահ Ս. Սարգսյանին: Նամակում ներկայացվում եմ հիմքերը, որոնք թույլ են տալիս տիկ. Հանեյանի համար ակնկալել բնակարանի հատկացում. դա տիկ. Հանեյանի գիտական վաստակն է և առաջին խմբի հաշմանդամությունը, որի դեպքում անձինք սպասարկվում են արտահերթ: Նախագահականից դիմումը կրկին ուղարկվում է քաղաքապետարան, որտեղից էլ ստացվում է նույն ՛՛բնակֆոնդ չունենալու՛՛մասին պատասխան:
Եվ դարձյալ ճակատագրի հեգնանքով, պատասխանից շատ չանցած՝ Երևանի ավագանին, քաղաքապետարանի Անշարժ գույքի վարչության պետի ներկայացմամբ, հաստատում է մի շարք ընտանիքների բնակարաններ հատկացնելու որոշում:
Խնդրին միջամտում է Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, սակայն՝ ապարդյուն: Երևանի քաղաքապետն անընդհատ հետաձգում է հարցի լուծումը, իսկ Անշարժ գույքի վարչության պետն առհասարակ ակնարկում է, թե խնդրի լուծման համար հարկ է, որ իրենց ասվի նախագահականից, ընդ որում՝ ամենաբարձր մակարդարդակով: Վաստակաշատ հայագետի բնակարանային խնդրի լուծումը հնարավոր չի դառնում անգամ Առաջին տիկնոջ գրասենյակի միջամտությամբ:
Մնում է միայն կռահումներ անել, թե ինչում է խնդիրը, ինչու է Երևանի քաղաքապետարանը դյուրությամբ բնակարաններ է նվիրաբերում դրա մեծ անհրաժեշտությունը չունեցող շոումենների, հեռուստահաղորդավարների, դերասանների և այլոց, իսկ վատառողջ գիտնականի պարագայում բնակֆոնդում բնակարան չի գտնվում: Արդյո՞ք ոչ այն պատճառով, որ հանրային տեսադաշտում գտնվող անձանց բնակարան հատկացնելը PR է, մինչդեռ գիտությունն ու գիտական գործունեությունը PR ոլորտ չեն …
Նանե Մակուչյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել