HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չարաշահումներ՝ ՊՆ կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով Պաշռպանության նախարարության կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում արձանագրված խախտումների դեպքի հանգամանքները, մեխանիզմը: Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ ձեռք բերված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ է ներգրավվել 3 անձ:

Նախնական քննության տվյալներով՝ N զորամասի զինծառայող, ենթասպա Է. Մելքոնյանը և նրա հանգուցյալ եղբոր կինը, տեղեկանալով, որ զոհված և մահացած զինծառայողների՝ սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող ընտանիքներին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից անհատույց տրամադրվում է պետական ֆինանսական աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու համար, որոշել են դիմել՝ այն ստանալու համար։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ կինն իր որդիների հետ բնակվելիս է եղել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանում, այսինքն՝ նշված ծրագիրն իրականում նրանց վրա չի տարածվել, այդուհանդերձ, գրավոր դիմում է ներկայացրել առ այն, թե որդիների և սկեսրոջ հետ բնակվում է վարձակալական հիմունքներով, և խաբեության եղանակով ընդգրկվել բնակարանի՝ կարիքավոր ընտանիքների առաջնահերթ ցուցակում։ ՊՆ-ի և այրու միջև 29.06.2012թ. կնքվել է թիվ 2/1 պայմանագիրը, որի հիման վրա՝ վերջինիս փոխանցվել է 21.115.000 ՀՀ դրամ՝ բնակարան ձեռք բերելու համար։

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ նշված գումարից 2 մլն դրամ որպես կաշառք է տրվել պաշտոնատար անձ հանդիսացող, ՊՆ բաժանմունքի պետին՝ նշված անձանց օգտին գործողություններ կատարելու համար։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Է.Մելքոնյանին և նրա հանգուցյալ եղբոր կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Բացի այդ, որոշում է կայացվել ՊՆ բաժանմունքի նախկին պետ Կ. Հարությունյանին ներգրավել որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 315-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:

Երկու մեղադրյալների մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է: Հանձնարարություն է տրվել օպերատիվ-հետախուզական մարմիններին ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter