
Միասեռականության քրեական պատիժը անկախ Հայաստանում
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության ՀԿ-ները ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին հարցաթերթիկ են ուղարկել ԼԳԲՏ անձանց վերաբերյալ: Հարցին պատասխանել և նրանց իրավունքները ճանաչում են միայն չորսը՝ ՕՐՕ-ն, ԵԼՔ-ն, ՀՅԴ-ն եւ «Ազատ դեմոկրատներ»-ը: Այդ մասին Ֆեյսբուքում (ՖԲ) գրել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
ՕՐՕ դաշինքի համակիրը ՖԲ-ում մեղադրում է ՀԱԿ-ին, որ նրա ցուցակի առաջին դեմքի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք միասեռականներին դատում էին, իսկ ՀԱԿ-ի պաշտպաններն ասում են, թե «չենք ճանաչում մեկին, որին էդ մեղադրանքով նստեցրած լինեն մեր առաջին համարի օրոք», «Տեր-Պետրոսյանի օրոք քրեորեն պատժելի էր, բայց չես հիշատակում, որ չէր կիրառվում»:
Իրականում կիրառվում էր:
Ռուսաստանում 1917 թվականի հեղափոխությունից հետո` 1922 թվականին ընդունված քրեական օրենսգրքով միասեռականությունը ապաքրեականացվում է:
Լենինին վերագրվող մի տեքստ է շրջանառվում, ուր ասվում է. «Սեքսուալությանը վերաբերող բոլոր արգելքները պետք է վերացվեն... մենք պետք է սովորենք սուֆրաժիստներից, նույնիսկ միասեռական սիրո արգելքը պետք է վերացվի»:
Սակայն 1933 թվականին Սովետական Միությունում միասեռականությունը կրկին քրեականացվում է:
Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովն այս հոդվածով երկու անգամ դատապարտվել է` 1948-ին և 1974-ին:
Ըստ Վիքիպեդիայի` նախկին սովետական հանրապետություններում միասեռականությունը քրեականացնող հոդվածը հանվել է Ուկրաինայում՝ 1991-ին, Լատվիայում և Էստոնիայում` 1992-ին, Լիտվայում և Ռուսաստանում` 1993-ին, Բելառուսում` 1994-ին, Մոլդովայում` 1995-ին, Տաջիկստանում, Ղրղզստանում և Ղազախստանում` 1998-ին, Վրաստանում և Ադրբեջանում` 2000-ին:
Հայաստանում ամենից ուշն է հանվել՝ 2003-ին, երբ ընդունվեց նոր քրեական օրենսգիրքը:
Ուզբեկստանում և Թուրքմենստանում մինչ այժմ միասեռականությունը քրեական հանցանք է համարվում:
Իսկ մինչ 2003 թվականը Հայաստանի քրեական օրենսգրքում գործում էր Սովետական Հայաստանից ժառանգած «արվամոլություն» կոչվող 116-րդ հոդվածը, որով ««Տղամարդու սեռական հարաբերությունը տղամարդու հետ» ակտի համար մինչև 5 տարի ազատազրկում էր սահմանված: Ըստ ՀՀ Վիճակագրական ազգային ծառայության տվյալների` անկախության տարիներին՝ 1991-2002թթ., արվամոլություն հոդվածով ազատազրկման է դատապարվել 68 հոգի (2003-ի տվյալները ծառայությունը չուներ):
Նրանցից մեկի՝ այդ հոդվածով դատապարտված Հովհաննես Մանուկյանի մասին տե՛ս 2002-ին հրապարակված այս նյութը՝ «Հոմոսեքսուալիստները ոստիկանների համար փողի աղբյուր»:
Ըստ Վիճակագրության ազգային ծառայության` Հայաստանում «Արվամոլություն» հոդվածով դատապարտվել են.
Լուսանկարը՝ Կարեն Միրզոյանի
Մեկնաբանել