HY RU EN

Լ. Մեջլումյան․ «Առնվազն 5 տարի հետո վերակառուցված պղնձաձուլական գործարանում 1000 նոր աշխատատեղ կլինի»

«Հետքի» հարցերին պատասխանում է «Էյ-Սի-Փի»-ի ընկերության տնօրեն, Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով Ալավերդի քաղաքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Լուսինե Մեջլումյանը

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 19-ին ալավերդցիների հետ հանդիպմանը չանդրադարձավ չինացիների 400 մլն դոլար խոստացող ներդրումով Ալավերդու պղնձաձուլարանի վերակառուցման ծրագրին: Ձեր կարծիքով, ինչու՞ չանդրադարձավ: 

Ես վարչապետի փոխարեն չեմ կարող պատասխանել: Միգուցե ինքը համարեց, որ այդ ծրագիրն արժանի է յուրահատուկ ուշադրության և քննարկման: 

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մեր այս հարցին ի պատասխան՝ ասաց, որ վարչապետն այդ ծրագրին Ալավերդիում չի անդրադարձել, որովհետև անլուրջ է  համարել մարդկանց հետ խոսել մի ծրագրի մասին, որը դեռ քննարկման փուլում է և պաշտոնապես ընդունված չէ: Դուք հակառակը, Ձեր ամբողջ քարոզչության ընթացքում այդ ծրագրով բնակչությանը խոստանում եք 1000 աշխատատեղ: Ե՞րբ կիրականանա այդ ծրագիրը։ 

Մենք 1,5 տարի հետո արդեն կսկսենք պղնձաձուլական գործարանի վերակառուցման  շինարարական աշխատանքները: Առնվազն 5 տարի հետո վերակառուցված պղնձաձուլական գործարանում կունենանք ևս 1000 աշխատատեղ: 

Արդյոք սա «Էյ-Սի-Փի» ընկերության կողմից շրջանառության մեջ դրված գաղափա՞ր չէ՝  ամեն գնով  ևս 5 տարի ժամկետով պղնձաձուլարանի չնորմավորված արտանետումների համար կառավարության համաձայնությունը ստանալու նպատակով, որը նոր սպառնալիքներ կարող է ստեղծել գործարանի ազդակիր համայնքերի բնակչության առողջության համար:    

Քանի որ վերջին տարիներին գործարանի շահութաբերությունը շատ է նվազել, և ոչ մեր մեղքով, վերամշակողներին տրվող վերամշակման մարժան (զուտ շահույթը) շատ է պակասել, որպեսզի մենք կարողանանք մի փոքր էլ գոյատևել և մեր վերակառուցման ծրագիրն ի կատար ածել… 

Դուք պահանջում եք իրավունք ևս 5 տարի անթույլատրելի արտանետումներ կատարելու համար: 

Այո: Բայց, ամենայն հավանականությամբ, երբ կսկսեն շինարարական աշխատանքները, գործարանն իր գործունեությունը կդադարեցնի, ամբողջ աշխատուժը կներգրավվի շինմոնտաժային աշխատանքներում: Ասեմ, որ  կառավարությունը մերժել է վարչապետին ուղղված մեր դիմումը՝ ներդրումային ծրագիր ներկայացնելու հիմքով, և սրանից լավ տարբերակ ներդրումային ծրագիր կառավարությանը ներկայացնելու՝ կարծում եմ չէր լինի: Ժամկետները և պայմաններն ամբողջությամբ համընկան, և մենք, կարծում եմ, այս ծրագիրը անմիջապես կներկայացնենք կառավարություն, որպեսզի ստանանք համապատասխան արտանետումների թույլտվություններ: 

Գործարանի արտանետումներից, ի վերջո, ծծմբային անհիդրիդը կորզվելո՞ւ է, թե՞ ոչ: 

Կառուցվելու է տարրական ծծմբի արտադրամաս, արտանետումներից կորզվելու է ծծմբաթթվի 99 և ավելի տոկոսը: Լինելու է ծծմբի կորզում, միանշանակ: 

Փետրվարի 14-ին ՌԴ «Գիպրոգազմաքրում» բաժնետիրական ընկերության և չինական «Էնֆի» ընկերության աշխատանքային խմբերի հետ Ձեր քննարկումից հետո «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»  ՓԲԸ-ի  գործադիր վարչության փոխնախագահ  Սահակ Արզումանյանը արեց հետևյալ մեկնաբանությունը. «Հիմա պետք է կողմնորոշվենք՝ երկուսն էլ նորմալ առաջարկներ են, բայց ռուսականը մետալուրգիական գազերից ստացված էլեմենտար սերա ունի, ինչ-որ մի փոքր փորձ, դա Նարիցկի գործարանում է արված, իրենց նախկին աշխատանքներն են: Չինացիները  դեռևս  մետալուրգիական գործարանների հետ կապված փորձ չունեն»: Խնդրում եմ բացատրեք, թե ինչ է նշանակում այս մեկնաբանությունը: 

Աշխարհում շատ մեծ տարածում ունի ծծմբաթթվի արտադրությունը: Այդ տեխնոլոգիան ոչ մեկի համար գաղտնիք չէ: Բայց տարրական ծծմբի արտադրությունն օգտագործվում է մետալուրգիայի գազերից միայն Նարիցկի գործարանում: Աշխարհում ուրիշ որևէ տեղ  մետալուրգիական գազերից ծծումբ չեն արտադրում: Հիմնականում նավթային գազերից և այդ տիպի գազերից են արտադրում: Դրա համար ռուսական կողմը այդ փորձն ունի, իրենք, քանի որ վերջիվերջո ռուսական ընկերություն են, գոնե մոտ են այդ փորձին, չինական կողմն ընդհանրապես չունի այդ փորձը: Որպեսզի հարցը պարզաբանեմ, փորձի փոխանակման միջոցով մենք պարզենք, որ տարբերակն ենք ընտրում: Դա է ասել ընդամենը պարոն Արզումանյանը: Ուրիշ ոչ մի բան: Ոչ մի բանից չենք հրաժարվել: Էդպիսի բանից ո՞վ կհրաժարվի: 

Ինչպե՞ս են չինացիները պղնձաձուլարանի վերակառուցման ընթացքում ապահովելու տարրական ծծմբի ստացումը, երբ իրենց հայտնի չէ դրա ստացման եղանակը:  

Բայց չինացիները հիմա ամեն կերպ աշխատում են այդ ուղղությամբ, որովհետև իրենք շատ լավ պատրաստված բազա  ունեն, շատ լավ ինստիտուտներ ունեն: 

Աժ ընտրությունների քարոզչության այս օրերին Ալավերդիում շրջառվում են լուրեր, թե դուք աշխատողներին վախեցնում և պարտադրում եք ընտրել Ձեզ: 

Ես ոչ մեկի չեմ պարտադրում, բայց նաև ոչ ոք չի կարող արգելել ինձ մարդու հետ հանգիստ զրուցել և խնդրել, շեշտում եմ՝ խնդրել իր և ընտանիքի անդամների ձայնը տալ գործարանի տնօրենին, այսինքն՝ իմ օգտին: Հիմա աշխատողը դա կանի՞, թե՞ չի անի, բնականաբար, իր ցանկությունն է:

Ձեզ չընտրելու դեպքում ընկերության աշխատողը չի՞ ազատվի աշխատանքից: 

Ո՞նց եմ ստուգելու՝ մարդիկ ինձ ընտրե՞լ են, թե՞ ոչ : Ինչ վերաբերում է հեռացնել- չհեռացնելուն, դա մեր մեթոդը չէ: 

Ինչպիսի՞ հարաբերություններ ունեն «Էյ-Սի-Փի» ընկերության ղեկավարությունը և  «Վալլեքս» խմբի ընկերությունների  նախագահ Վալերի Մեջլումյանը Ալավերդու քաղաքապետարանի հետ: 

Ես կասեի, որ այդ հարաբերությունները չեզոք են: