
Ռուսաստանի լրագրողների միությունը պահանջում է հետաքննել ԶԼՄ-ների աշխատակիցների ձերբակալությունները
Ռուսաստանի լրագրողների միությունը պահանջել է հետաքննել Մոսկվայում բողոքի զանգվածային ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների աշխատակիցներին ձերբակալելու և ծեծելու դեպքերը: Այս մասին հայնում է «Լենտա.ռու»-ն:
«Պահանջում ենք արդյունավետորեն հետաքննել բոլոր այս ամոթալի դեպքերը, դատարանի առջև կանգնեցնել թե նրանց, ովքեր կատարել են հանցավոր հրամաններ, թե նրանց, ովքեր տվել են այդ հրամանները»,- ասվում է Ռուսաստանի լրագրողների միության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Կազմակերպությունը ոստիկանության գործողություններն անվանել է «հասարակության բերանը փակելու, նրան վախեցնելու փորձ՝ ի ցույց դնելով ուժը և Օրենքը բաց ու անպատիժ խախտելու հնարավորությունը»:
Բացի դրանից՝ Ռուսաստանի լրագրողների միությունը ներքին գործերի մարմիններին և դատախազությանը կից գործող հանրային խորհուրդներին անդամակցող բոլոր լրագրողներին խնդրել է դադարեցնել անդամակցությունը, քանի դեռ կազմակերպության պահանջները չեն կատարվել:
Ընդդեմ ընտրությունների արդյունքների բողոքի զանգվածային ակցիաներ Ռուսաստանում անցկացվել են դեկտեմբերի 5-ի և 6-ի երեկոյան: Դեկտեմբերի 6-ին, իրավապահ մարմինների տվյալներով, ոստիկանությունը ձերբակալել է 569 մարդու: Նրանց թվում են եղել «Գազետա.ռու»-ի լրագրող ու մեկնաբան Բոժենա Ռինսկան և «Կոմերսանտի» թղթակից Ալեքսանդր Չեռնիխը: Ավելի ուշ և Ռինսկային, և Չեռնիխին բաց են թողել:
Ընդ որում, Չեռնիխը պատմել է, որ ձերբակալելիս իրեն ծեծել են: Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստին», ներքին գործերի նախարարության ղեկավարությունը ներողություն է խնդրել լրագրողից ու խոստացել հետաքննել տեղի ունեցածը:
Բացի Ռուսաստանի լրագրողների միությունից՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն (Committee to Protect Journalists) ևս իր անհանգստությունն է հայտնել ռուսաստանյան հանրահավաքներում ԶԼՄ-ների ներկայացուցիչների ձերբակալությունների առթիվ:
Լուսանկարում Հաղթանակի հրապարակում անցկացվող ակցիայի մասնակիցներից մեկի ձերբակալությունն է, «ՌԻԱ նովոստի», Գրիգորի Սիսոև
Մեկնաբանել