
«Բեկոր»-ը կրկին պայթուցիկ նյութեր կներմուծի
Կառավարությունն այսօրվա նիստում չքննարկվող կարգով հավանության արժանացրեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի որոշման նախագիծը, որով «Բեկոր» ընկերությանը կթույլատրվի մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութեր։
Պետական մի շարք կառույցներ սահմանված կարգով պետք է ապահովեն ընկերության կողմից ներմուծվող ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
«Պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ներկրումը նպատակ ունի ապահովելու ընդերքօգտագործման ոլորտում իրականացվող աշխատանքների կատարումը»,-ասվել է կառավարություն ներկայացված որոշման նախագծում։
Հիշեցնենք, որ նախորդ տարի մարտի 26-ին կառավարությունը կրկին այս ընկերությանը թույլատրել էր մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել պայթուցիկ նյութեր։
Մեկնաբանել