
Սյունիքում կստեղծվի ազատ տնտեսական գոտի
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային, Կարճևան գյուղական համայնքների և Արաքս գետով պարփակված տարածքում կստեղծվի ազատ տնտեսական գոտի:
Կառավարությունը հավանության արժանացրեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի որոշման այս նախագիծը։ Այն ստեղծվում է օտարերկրյա ուղղակի ներդրումների, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծման, արտահանման ծավալների ավելացման, նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:
Համաձայն կառավարություն ներկայացված փաստթղթերի՝ այս գոտին գործունեություն է իրականացնելու արտադրաարդյունաբերական և գյուղատնտեսական, մշակող արդյունաբերության, էլեկտրականության մատակարարման, մեծածախ առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մասնագիտական և տեխնիկական գործունեության, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտներում։
Ինչպես հայտնել են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից՝ ծրագրի իրականացումը ենթադրում է փուլային սկզբունք: Առաջին իսկ տարում նախատեսվում է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կազմակերպչի կողմից, որի արդյունքում կստեղծվեն նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքները և հնարավոր կլինի արդեն այս աշնանը մեկնարկել ԱՏԳ-ի գործունեությունը։
Ազատ տնտեսական գոտու գործունեության ընթացքում ակնկալվում է ներգրավել մինչև 120 շահագործողների՝ հիմնականում օտարերկրյա, որոնց համախառն ներդրումները կկազմեն շուրջ 350-400 մլն ԱՄՆ դոլար և որոնք կարտահանեն տարեկան միջինը շուրջ 100 մլն դոլարի արտադրանք և գործունեության տարիների ընթացքում կստեղծեն 2500-ից ավելի նոր աշխատատեղեր: Շահագործողների ներգրավման համար թիրախային ուղղություններն են ԵԱՏՄ երկրները, Իրանը և Մերձավոր Արևելքը, ԵՄ երկրները:
Մեկնաբանել