Նախընտրական պատկերագրություն
Մարիամ Եղիազարյան
Մարտի 31-ին կավարտվի նախընտրական քարոզարշավը: Կուսակցություններն ու դաշինքները հնարավոր բոլոր միջոցներով փորձում են ներկայացնել իրենց, ուշադրության արժանանալ: Իբրև օրակարգ` ընտրությունները գրեթե ամենուր են, և անգամ լրատվությանը չհետևելու դեպքում թեման իր մասին կհիշեցնի թե' հանրույթային`ընտանիք, աշխատավայր, հասարակական տրանսպորտ, թե' անմիջական ճանապարհով` տնային այցեր, սոցիալական ցանցեր, պաստառներ:
Քաղաքական պատկերագրությունը` մասնավորապես կարգախոսներով և լուսանկարներով ուղեկցվող պաստառնեերը, գործիք է, որը նախընտրական շրջանին բնորոշ նշանները չտեսնելու, չնկատելու հնար չի թողնում: Տեքստի, պատկերի, գույնի ամբողջությամբ արտահայտվող ակնհայտ և միջտողային իմաստներն առնվազն հետաքրքրական են, ինչը հնարավորություն է տալիս նախնըտրական քարոզչության լուսանկարները, կարգախոսներն ու պաստառները դիտարկել մշակույթի, պատկերագրության տեսանկյունից: Նմանատիպ ուսումնասիրության անհրաժեշտությունը ժամանակին նկատել է ֆրանսիացի փիլիսոփա, պոստստրուկտուրալիստ, նշանագետ Ռոլան Բարտը: Իր «Առասպելաբանություններ» գրքում զետեղված «Նախընտրական ֆոտոգենություն» էսսեում նա անդրադարձել է քաղաքական գործիչների լուսանկարներին` նշելով, որ դրանց փոխակերպման կարողությունը վերլուծության կարիք ունի: Բարտը քաղաքական գործչի լուսանկարը դիտարկում է իբրև միջնորդ, կապող օղակ ընտրողների հետ, որը հնարավորություն է տալիս մարդկանց դատին ներկայացնել ոչ միայն քաղաքական ծրագիրը, այլև առօրյա ընտրությունների ամբողջությունը՝ արտահայտված մարմնակազմությամբ, հագուկապով, կեցվածքով:
Ընտրողների հետ ֆիզիկական մթնոլոտ փորձում են ստեղծել ապրիլյան խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն ու դաշինքները: Պատկերագրային տեսանկյունից դիտարկելու համար ավելորդ չէ Բարտի էսսեի հետ զուգահեռներ տանելուց բացի՝ դրանց անցած ճանապարհն ու փորձառությունը հաշվի առնելը:

Պաստառներն ուսումնասիրելիս ուշադրություն են գրավում նախ անձը/անձինք, ով/ովքեր պատկերված են պաստառում, ապա` գունային ընտրությունը: Քաղաքական ուժերն այս շրջանում նախընտրում են ներկայանալ անհատների պատկերող պաստառներով: Կուսակցության կողմից ընտրված առանձին անձինք, պաստառային կերպար դառնալով, պարզապես գաղափարակրից վերածվում են քաղաքական արտադրանք ներկայացնող, մատուցող գործակատարի: Տրված առաջադրանքն իրականացնելու համար թեկնածուն օգտագործում է իր անձը, կերպարը:
Պատկերի բացակայության պարագայում կուսակցություններն ու դաշինքները ներկայանում են հարթ մակերևույթով պաստառներով` նպատակ ունենալով ուշադրությունը սևեռել անհատի վրա: Նույն նպատակին է ծառայում լուսանկարին վիզուալ այլ գործիքներից մեծ տեղ տալը, իսկ վառ գույներով ներկայացված կարգախոսը, լոգոն և քվեաթերթիկում կուսակցության համարը ամբողջացնում են տեղեկատվության նվազագույն, համակարգված չափը, որ միտված է տպավորվել ընտրողի հիշողության մեջ: Անհատական պաստառներում լուսանկարը համադրվում է և՚ պատկերային և՚ գունային ետին պլանով: Առաջին օրինակում օգտագործվում են քաղաքական խորհուրդ ունեցող ճարտարապետական կոթողներն ու նախորդ տարիների համեմատությամբ սակավ հանդիպող ամբոխի պատկերը:
Կուսակցություններն ու դաշինքները ներկայանում են չորս հիմնական գույնով` կարմիր, դեղին, կապույտ և նարնջագույն: Պաստառներում ամենից հաճախ հանդիպող կարմիրը իշխող բնույթ ունի ՀՀԿ-ի, ՀԿԿ-ի պաստառներում, հանդիպում է նաև ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի մոտ` առավել մուգ երանգով: Կարմիրի քաղաքական իմաստը կապվում է սոցիալիզմի, ֆրանսիական հեղափոխության, ԱՄՆ-ում` հանրապետական կուսակցության, Կանադայում`լիբերալ ճյուղի հետ: Կրոնական տեսանկյունից այն երկար ժամանակ ասոցացվել է եկեղեցական միապետության հետ, ապա` խաչելության:
Դեղինն ասոցացվում է լիբերալիզմի հետ: Այն «Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների միության» պաշտոնական գույնն է, որը հանդիպում է նաև Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Ռումինիայի և Էստոնիայի լիբերալ ուժերում: Նախընտրական շրջանում դեղինն ամենից շատ հանդիպում է «Ելք» դաշինքի պաստառներում, «ՀԱԿ»-ՀԺԿ» դաշինքի պաստառները ստվերագծված են դեղինով, «Ծառուկյան» դաշինքի լոգոն ոսկեգույն է:
Կապույտը բնորոշ է պահպանողական կուսակցություններին: Ավստրալիայում այն օգտագործում է աջ թևին պատկանող «Ազատություն» կուսակցությունը, Կանադայում` պահպանողականների կուսակցությունը, Բելիզում` սոցիալ-դեմոկրատները: Պահպանողական, պոպուլիստական գաղափարների արտացոլման բացառություն է Բելգիան, որտեղ կապույտը նաև լիբերալների գույնն է: Մուգ կապույտը կիրառում են «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը, ՀՀԿ-ն` միայն տարածքային թեկնածուների պաստառները կիսելիս և «Ազատ դեմոկրատները», ում լոգոյի գունդը ևս կապույտ է:
Նարնջագույնը հանդիպում է Ավստրիայի, Գերմանիայի, Շվեցարիայի, Թուրքիայի, Չեխիայի պոպուլիստական, Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի հումանիստական, Կանադայի, Նիդեռլանդների, Ռումինիայի դեմոկրատական, Միացյալ Թագավորության, Ուկրաինայի և Միջին Արևելքի լիբերալ, հակաիշխանական ուժերում: 19-րդ դարում այն նեոկալվինիզմի, կոնսերվատիզմի և կաթոլիկ գաղափարաբանության ազդեցությամբ ձևավորված «Քրիստոնյա դեմոկրատներ» քաղաքական-գաղափարաբանական միավորման գույնն է:
«ՕՐՕ» դաշինքի հիմնական գույնն է, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պաստառներում այն ներկայացված է կապույտի հետ: Ետին պլանի գունային ընտրությունը հիմնականում կանգ է առնում սպիտակի վրա:
ՀՀԿ-ից այսպես են պատկերվում կուսակցության կողմից ներկայացված ցուցակում չընդգրկված վարչապետ Կարեն Կարապետյանն ու ցուցակը գլխավորող հնգյակը: Առաջինի պարագայում պաստառը կիսվում է կուսակցության վիզուալ լուծումներին բնորոշ կարմիրով, որի ներսում նշմարելի է կուսակցության լոգոն, որ ևս կարմիր է: Ի դեպ, կա նույնանման ևս մեկ պաստառ` Սերժ Սարգսյանի տարբերակով, ով, սակայն, քայլում է ԶՈՒ-ի ֆոնին: Կարեն Կարապետյանը կարմիրով կիսվող պաստառում ներկայանում է դատարկ ֆոնով, ժպտում, ուղիղ, բայց կկոցած աչքերով նայում տեսախցիկին, կանգնած ոչ պաշտոնական դիրքով` վերարկուն ուսին պահած: Պատկերը այլ է Սերժ Սարգսյանի պարագայում: Կադրում ֆիքսված է նրա քայլքը, շարժումը: Լուսանկարի հերոսը երևան է գալիս թեքությամբ, ինչ որ տեղ գնում` հայացքն անորոշ ուղղությամբ: Եթե 2013-ին «ինչ-որ տեղ»-ը ղեկավարման երկրորդ շրջանն էր, ապա հիմա կանգառը միանշանակ չէ: Սահմանադրական բարեփոխումների մասին խոսելիս` Սերժ Սարգսայնն ասել է, որ հետագայում իրեն նախագահի կամ վարչապետի պաշտոնում չի տեսնում, այլ` անվտանգության: Փոխարենը կուսակցությունը նշում է, որ խորհրդարանում կայուն մեծամասնություն կազմելու դեպքում, վարչապետի իրենց թեկնածուն Կարեն Կարապետյանն է, ով իր հերթին հավելում է, որ իր վարչապետ դառնալը կախված է ժողովրդից: Ուստի միայն ետին պլանի առկայությամբ/բացակայությամբ տարբերվող պաստառները կարելի է դիտարկել նաև նախորդի և հաջորդի տեսանկյունից: Ավելորդ չէ հիշել սահմանադրական բարեփոխումները, որոնց արդյունքում Հայաստանը փոխեց կառավարման համակարգը:
Նախագահականից խորհրդարանականի անցումը նշանակում է վարչապետի, ԱԺ-ի լիազորությունների ավելացում, ըստ այդմ` կայուն մեծամասնություն կազմելու դեպքում Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին կփոխանցի նաև հնարավորություն` կայացնելու այնպիսի որոշումներ, որոնց իրավունքն այլևս չի ունենա հաջորդ նախագահը: Տպավորություն է, թե Կարեն Կարապետյանը կկարողանա ետին պլանից զուրկ էջից ինչ-որ բան սկսել, իսկ Սերժ Սարգսյանը անցնում է ճանապարհով, որն այլևս տեսանելի չէ:
Լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը նկատում է, որ Կարեն Կարապետյանը մյուս դեպքերում ներկայանում է «Հաջողակ գործարարի կերպարով, ով ժպտում է` օրինակ, երիտասարդության ֆոնին»:
Բարտը դիտարկում է, որ լուսանկարը հակված է վերահաստատել ընտրությունների հայրապաշտական էությունը, դրա «ներկայացուցչական» բնույթը, որն անկանոն է դարձել համամասնության եւ կուսակցությունների իշխանության պատճառով, որից աջերն, իր տպավորությամբ, ավելի շատ են օգտվում, քան ձախերը.
«Քանի որ լուսանկարը լեզվի էլիպս է եւ ամբողջությամբ սոցիալական «անարտահայտելիության» խտացում, այն ստեղծում է հակամտավորական զենքի տեսակ, որը հակված է լղոզել քաղաքականը (այսինքն՝ խնդիրների եւ լուծումների մարմինը)՝ հօգուտ «գոյության կերպի», սոցիալ-բարոյական կարգավիճակի»:
Հանրապետական կուսակցության պաստառը ետին պլան չունի նաև ցուցակը գլխավորող հնգյակի պարագայում: Այստեղ բացակայում է նաև կարմիրի ընդգծված շեշտադրումը, փոխարենն ավելի շատ տեղ է զբաղեցնում թեկնածուների կվինտետը:
Հատկանշական է, որ թե´ անհատական, թե´ խմբակային տարբերակում ՀՀԿ-ն ներկայացնում է ոչ թե անհատի, այլ` մի ողջ համակարգ ինչին գնալու ճանապարհի մասին են խոսում թե´ սահմանադրական բարեփոխումները, թե´ կուսակցության կարգախոսները:

«Ելք» դաշինքի հիմնական գույնը դեղինն է, որից հետո` սպիտակը: Դաշինքի առաջին եռյակի` Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի դիմանկարներն, իրարից անկախ, ներկայացվում են դեղին ֆոնին: Այլ թեկնածուների լուսանկարների ետին պլանում տեսնում ենք դաշինքի լոգոն: Լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը նշում է, որ իր համար հասկանալի չէ, թե ինչու եռյակը ևս չի լուսանկարվել «Ելք»-ի ֆոնին: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի բարիդրացիական հարաբերություններ չեն ունեցել միմյանց հետ: Մարուքյանը 2016-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ քննադատել է թե´ իշխանական, թե´ ընդդիմադիր ուժերին` այդ թվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ Փաշինյանը մյուսին մեղադրել է ԱԺ-ում իշխանական օրինագծերին կողմ քվեարկելու համար: Եռյակի մյուս անամը` Արամ Սարգսյանը, ում «Հանրապետություն» կուսակցությունը 2012-ին է դուրս եկել ՀԱԿ-ից, մինչ «Ելք»-ին միանալը չի բացառել համագործակցությունը Հայ ազգային կոնգրեսի հետ: Դաշինքների շուրջ միավորվելու սկզբունքը պարզ չէ թե´ «Ելք»-ի, թե´ մյուս դաշինքների օրինակում: Կարելի է կարծել, որ միասնական լուսանկարով չներկայանալը ինչ-որ տեղ նաև համախմբման օբյեկտի անհստակության, կամ վերջինիս բացակայության արտացոլումն է:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը սպիտակն օգտագործում է թեկնածուների խմբային պաստառի համար, լոգոյի և կարգախոսի դեպքում պահպանում «Օրինաց երկրից» մնացած կապույտը: Պատկերային ետին պլանով լուսանկարներ կուսակցությունը չունի, թեկնածուների պարագայում դրանք շարունակում են ադմինիստրատիվ, գործարարի դիրքը մատնանշող բնույթ կրել, ինչի մասին Բարտը գրում է. «Երեք քառորդով կեցվածքն ավելի հաճախ հուշում է իդեալի բռնակալության մասին. հայացքն արժանապատվորեն հառվում է դեպի ապագա, այն չի առերեսվում, այն գերիշխում եւ սերմանում է խոհեմաբար չորոշված տեղում:
Գրեթե բոլոր երեք քառորդները բարձրացնող են. հայացքը վեր է հանված դեպի գերբնական լույսը, որը կլանում, տանում է դեպի մարդկության բարձրագույն ոլորտներ, թեկնածուն հասնում է վերին զգացմունքների օլիմպոսին, որտեղ լուծված են բոլոր քաղաքական անհամաձայնությունները՝ ալժիրցիների պատերազմն ու խաղաղությունը, սոցիալական առաջընթացն ու պատրոնների օգուտները, «ազատ» կրթությունն ու ճակնդեղաբույծներին տրվող նպաստները, աջն ու ձախը (ընդդիմությունը մշտապե՛ս «հաղթահարված» է). այս ամենը խաղաղ կերպով գոյակցում է մտածկոտ հայացքում, որն արժանապատվորեն հաստատում է Կարգի գաղտնի շահերը»:
Բարտի նշած շահերին կուսակցությունը մեկ անգամ չէ, որ ծառայել է: Նոր անվամբ հանդես եկող կուսակցությունը իշխող կուսակցությանը սատարել է թե´ նախագահական (2003, 2013), թե´ կոլիացիոն (2008,2011) մասշտաբներով: Ժամանակին ընդդիմությունը հաղթահարող օղակն այժմ որպես ընդդիմություն է մասնակցում ընտրություններին, և կամ կրկին կոալիցիա, ինչի հնարավորությունը ՀՀԿ-ի հետ չի բացառել, կամ մեծամասնություն չկազմելու դեպքում ենթակա է հաղթահարման:

Գրեթե անհնար է տարբերակել «Օրինաց երկիր» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների թե´ պաստառները, թե լուսանկարների ձևի, բովանդակության ընտրությունը: Պահպանվել է մուգ կապույտը, եռագույնը, աստղերը, լուսանկարի ռակուրսը: Այս անգամ կուսակցության թեկնածուների ետին պլանի համար պահպանողական կապույտից և գրասենյակային միջավայրից բացի օգտագործվել է ՀՀ դրոշը: Եթե գրասեղանի կամ հարթ մակերևույթի ֆոնին նստած, կանգնած փողկապավոր թեկնածուները շարունակում են ցուցադրել վարչական նկրտումները, ապա դրոշը ազգայնական իմաստ է հաղորդում թե´ պաստառին, թե´ կուսակցությանը: Համադրվելով վերածնունդ և փոփոխություն ակնարկող կարգախոսի հետ` պաստառի վրա կուսակցության կողմից արտահայտված տեքստային գաղափարը պատկերային աջակցություն է ստանում: Փորձ է կատարվում վերածննդի կուսակցական համոզմունքը, շահը տեղափոխել ազգային, ժողովրդական դաշտ` ցույց տալու, թե իշխանափոխությունը, փոփոխությունը, վերածնունդը ոչ միայն կուսակցությանը, այլև ընտրողներին անհրաժեշտ, երկու կողմերի դեպքում էլ փոփոխություն բերող մի բան է: Որևէ այլ կուսակցության կամ դաշինքի մոտ չհանդիպող դրոշի սիմվոլի և «վերածնունդ» բառի կողք-կողքի դասավորությունը մի կողմից կարող է խաղարկել իդեալականացված, դասագրքային անցյալը, մյուս կողմից` մատնանշել հնի հիման վրա ստեղծվելիք նորը` որքան էլ որ կուսակցությունը փորձի խուսափել, հրաժարվել իր անցյալից:
«Ծառուկյան դաշինք»-ի ոսկեգույն լոգոն ունի սպիտակի և բոսորագույնի համադրմամբ տարբերակներ: Ուշագրավ է, որ Գագիկ Ծառուկյանը ներկա է թե´ առանձին թեկնածուներից մի քանիսի լուսանկարներում` որպես «ուղեկցորդ», թե´ միայնակ` ամբիոնի մոտ: «Բարգավաճ Հայաստան», «Ալյանս» և «Առաքելություն» կուսակցությունների անդամները` առնվազն ղեկավարների մակարդակով, ներկայացված չեն մեկ լուսանկարում: «Ծառուկյան դաշինք»-ը ոչ միայն ժողովրդին է սիմվոլ դարձնում, այլ Գագիկ Ծառուկյանին` առաջնորդ, ժողովրդի մարդ, ինչին ծառայում են ամբիոնից ելույթ ունեցող Ծառուկյանի շուրջ խմբված մարդկանց, դեպի ժողովուրդը ձգվող թեկնածուի պատկերները:
Սոցիալական հարցերի մասին խոսելով` Գագիկ Ծառուկյանն անդրադառնում է հարցերի, որ առաջնային են հասարակության զգալի հատվածի համար: Քաղաքական գործիչը ամեն կերպ շեշտում է «լավ ապրելու» իր տեսլականը` դուրս չգալով սոցիալական, կենցաղային, շրջանակից, օգտագործելով պարզ նախադասություններ, կառույցներ, հանրամատչելի բառեր, որոնց հիմնական մասը խրախուսական. փաղաքշական, բակային բնույթ ունի: Ծառուկյանը պաստառներից մի քանիսում ներկայանում է ամբոխի մեջ արված «պատահական» լուսանկարներով, որոնց մեջ չի նայում տեսախցիկին` խաբկանք ստեղծելով, թե մտքով չի անել, որ իրեն կարող են այդ պահին լուսանկարել: Հասանելիության տեքստային և պատկերային արտահայտությունը անջրպետը վերածում է ծուռ հայելու, որը համակիրրներին ցույց է տալիս, թե հարթակի մյուս կողմում կանգնած մարդն իրենցից մեկն է: Տեղին է Բարտի բնորոշումը, թե լուսանկարի հանցակցային կիրառության միջոցով զանգվածը ընտրում է ոչ միայն մաքրված, վեհացած, հրաշալիորեն տիպական վիճակի հասցված թեկնածուին, այլև մեկին, ով կրում է իրեն, իր տեսակն ու ցեղը:

ՀՅԴ-ն սպիտակ ֆոնի վրա հավաքված սիմվոլները ներկայացրել է կարմիրով, կապույտով և ծիրանագույնով: Նկատենք, որ թեկնածուների թռուցիկային/բուկլետային օրինակներից բացի, լուսանկարային նմուշներ չունեցող կուսակցությունը «նոր սկիզբ»-ը ներկայացրել է դաշնակցության վիզուալ լուծումներին բնորոշ կարմիրով: Նույն գույնի ընտրությունը տեսնում ենք պաստառում կուսակցության անվան պարագայում: Կապույտով նշված է «արդար Հայաստան»-ի հատվածը, իսկ ծիրանագույնով տեքստ չկա, այլ` եռանկյունի:
1890 թվականին ստեղծված կուսակցությունը մշտապես հանդես է գալիս նոր երկիր, պետություն ստեղծելու տեսլականով, իսկ արդարությունը սոցիալիստական ուղղվածությանը բնորոշ պահանջ ու հատկանիշ է: Կուսակցությունը մի քանի անգամ կոալիցիա է կազմել իշխող Հանրապետական կուսակցության հետ, ողջունել սահմանադրական բարեփոխումները, ինչից ելնելով` դուրս է եկել ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն կուսակցությունների քառյակից, որը միավորվել էր նախ «Գազի պայմանագրի», ապա` սահմանադրական բարեփոխումների դեմ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից թիրախավորված տարածությունն Ազատության հրապարակն է, որն ասոցացվում է անկախության, ազատության, այնտեղ ծավալված շարժումների հետ: Կուսակցությունը, սակայն, «Օպերա»-ի ֆոնին, ձեռքերը վեր, դասավորել է կուսակցության համակիրներին, և լուսանկարում դժվար է գտնել մեկին, ով «իրենցից չէ»: Մեկ այլ պատկերում հրապարակում քայլում են կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, ով 2008 թվականին նույն հրապարակում սատարում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության հիմնադիր անդամ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամներ Անահիտ Բախշյանը և Ստյոպա Սաֆարյանը:

ՀԿԿ-ի պաստառը կարծես ծածկված լինի Խորհրդային միության դրոշով, որում ստվերագծված են ՀԽՍՀ գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի և «Մայր Հայաստան»-ի արձանները: Եթե առաջին երկուսն իրենց աշխատանքով կապ ունեն ԽՍՀՄ-ի, դրա գաղափարախոսության հետ, ապա երրորդը` առավել ընդգծված գաղափարական իմաստով (1967թ.«Մայր Հայաստան»-ի արձանը փոխարինվել է 1950-1962թթ. նույն վայրում տեղադրված Իոսիֆ Ստալինի արձանով):

«ՕՐՕ» դաշինքի պաստառը «Ֆոտոլուր» լրատվական գործակալության լուսանկարի վերամշակումն է: Այս դեպքում լուսանկարն ի սկզբանե ունեցել է ետին պլան, հետագայում հանվել` պատկերին ցուցանակային բնույթ հաղորդելու համար:
Լուսանկարում միմյանց ձեռք սեղմող Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը գլխավորում են դաշինքի ցուցակը:

Եթե ՀՀԿ-ի պաստառային, ներկայացուցչական դեմքը Կարեն Կարապետյանն է, ապա ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դեպքում` Լևոն Տեր-Պետրոսյանը: Ի տարբերություն 2008-ի, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայանում էր ժողովրդական զանգվածների ֆոնին, այժմ պաստառների ետին պլանն ունի կամ երանգային լուծում, կամ խամրեցված: Առավել կարևոր են առաջին պլանում երևացող մարդիկ և կարգախոս-տեքստը:
Քաղաքական ուժերի գաղափարաբանությունն ու դրա արտահայտումը ռազմականացված է: Հղումներն անվտանգությանը, բանակին, զենքի ուժին արվում են ոչ միայն նախընտրական ծրագրերում, այլև պաստառներում օգտագործվող դետալների միջոցով: Այդպիսի իմաստ են բերում թե´ երկրորդ պլանում հայտնված «խաղացողները», թե´ անձամբ թեկնածուները: Անվտանգության գաղափարը, ռազմական ուժը ՀՀԿ-ն ընդգծում է բանակի ֆոնով ուղեկցվող նախագահի լուսանկարով, ով այժմ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, «Կոնգրես- ՀԺԿ»-ն` ՀՀ զինանշանի, որը ետին պլան է մղվում առաջին շարքում երևացող Լևոն Տեր-Պետրոսյանի և Ստեփան Դեմիրճյանի արխիվային լուսանկարի, դետալների, տեքստի և ստվերային գունավորման հետևանքով (նկատենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահել է արցախյան պատերազմի շրջանում, իսկ այժմ իր ղեկավարած դաշինքի կողմից առաջարկվող ծրագիրը հենված է խաղաղության գաղափարի վրա), «ՕՐՕ» դաշինքը` ՀՀ դրոշի երրորդ գույնի ֆոնի հետ համադրված լուսանկարի մեջտեղում կանգնած նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի ներկայությամբ, ՀԿԿ-ն «Մայր Հայաստան»-ի պատկերով, որ կանգնած է Հայրենական պատերազմին նվիրված թանգարանի գլխավերևում:
Քաղաքական գործիչների կողմից բանակի, ռազմական ուժի դերի բարձրացումը ժողովրդից նկատելի է նաև վիզուալ նախապատվությունն այլևս հավաքված ամբոխին չտալու ընտրությամբ: «Ծառուկյան դաշինք»-ը չհաշված` որտեղ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ամբիոնին զուգահեռ մարդկային խմբի փոքր տեսարան կա, որևէ կուսակցություն կամ դաշինք չի օգտագործել բազմության սիմվոլը:
Պաստառների առանցքային մասը կազմող կարգախոսների ուսումնասիրությունը չի ենթադրում միայն կարդալու գործընթացը: Տեքստի համեմատական ընթերցումը վեր է հանում բառային կրկնություններ, ձևի, ժամանակի ընտրություններ, որոնք ինքնին նոր իմաստներ են բերում:
2017-ի խորհրդարանական կարգախոսներն ուսումնասիրելիս աչք են ծակում բառային դրսևորում ունեցող կամ ենթատեքստային «մենք»-ն ու «հաղթանակ»-ը: Ընտրված բառերն ու ընտրության հնարավորություն ունեցող մարդիկ խմբված են նույնպիսի դիտարկում և ակնկալիք ենթադրող անորոշ «մենքի», «փոփոխության», «հաղթանակի» շուրջ: Այսպես` մի մենք/նրանք, կարծում է, որ փոխվելու ենք բոլորս, փոխելու ենք երկիրը, երկրորդ մենքի/նրանքի կարծիքով մենք կարող ենք, երրորդ մենք/նրանքը պնդում է, որ փոփոխությունների և կառուցելու ժամանակն է, մեկ այլ մենք/նրանք վստահ է, որ չեն անցել հայրենիքի, աշխատանքի և սոցիալիզմի եռամիասնության ժամանակները, հաջորդ մենք/նրանքը խոսում է խաղաղության, հաշտության, բարիդրացիության մասին, մյուս մենք/նրանքը` ժառանգության, համախմբման, հաղթանակի, այլ մենք/նրանք` ընտրության, փոփոխության, հաղթանակի, այն մեկ մենք/նրանքը` անվտանգության, առաջընթացի, հաջորդ մենք/նրանքը` նոր սկզբի, արդար Հայաստանի, մյուսը` վերածննդի և այլն:
Կուսակցությունների կարգախոսները կարելի է բաժանել 2 խմբի` «Մենքի և փոփոխության» և «բառային տրիոյի»: Առաջին խմբում են ՀՀԿ-ն («Փոխվելու ենք բոլորս, փոխելու ենք երկիրը»), «Ելք» դաշինքը («Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ»), «Ծառուկյան դաշինքը» («Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է»), ՀՅԴ-ն («Նոր սկիզբ, արդար Հայաստան»), «Ազատ դեմոկրատներ»-ը («Մենք կարող ենք») և «Հայկական վերածնունդ» կուսակցությունը(«Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի»): Երկրորդ խմբի կարգախոսները բառային եռյակներ են, որոնք պատահական չեն ընտրված, օրինակ` «Կոնգրես-ՀժԿ» և «ՕՐՕ» («Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն», «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ») դաշինքներն ու Հայաստանի կոմունիստական կուսակցությունը («Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ»:
«Ըստ էության, պայքարը գաղափարների, մոտեցումների ու ծրագրերի պայքար չէ, այլ` իշխանության»,- մեկնաբանում է Սիրանուշ Դվոյանը:
Մենքի, հավաքականության գաղափարն առաջ տանող կուսակցությունների և դաշինքների խումբը, ավանգարդիստական սկզբունքով, փորձում է ընդգծել ժամանակի` ներկայի, կարևորությունը: Անվտանգությունն ու առաջընթացը, բացառություն չենթադրող, միատարր փոփոխությունը, կարողությունները գործի դնելու, քվեարկելու, վերածննդի ժամանակը «հիմա»-ն (make it now) է` նույնիսկ եթե կուսակցություններից շատերը նման հնարավորություն են ունեցել նաև նախկինում:
Իշխող հանրապետական կուսակցության համար անցյալը ուղղություն վերցնելու և հավատացնելու շրջան էր («Առաջ Հայաստան», «Դեպի ապահով Հայաստան», «Հավատանք, որ փոխենք»): Այժմ կուսակցությունն ընդգծում է ցանկությունը` առաջին շարքով շարունակելու ճանապարհը, որով անցել է հատկապես վերջին 9 տարիներին: Առաջին դեմքով անձնական դերանվան հոգնակիի բազմատեսակ կիրառություններով ՀՀԿ-ն նշում է, թե այն «մենք»-ն է, որ պիտի կառուցի երկիրը, որովհետև որևէ մեկն իրենց փոխարեն չի անելու: Կուսակցությունը և´ սփոփում, և´ նախազգուշացնում է «մենք»-ին` «պարտադիր փոփոխությունների» անհրաժեշտության մասին` մի կողմից հուսադրելով, թե կուղղի անցած սխալները, մյուս կողմից` ցուցադրելով բոլորին փոխելու իր կարողությունը:
Արևմտամետ «Ազատ դեմոկրատներ»-ը տեքստին համակցում է Ազատության հրապարակի ու անկարողության շրջված մոդելը` խուսափելով քաղաքացիական ձախողված շարժումներից և նպատակ ունենալով ցույց տալ, թե կարող է դառնալ նոր շարժման ղեկավար ուժը, որ կտանի այլ ճանապարհով:
«Ծառուկյան դաշինք»-ը գլխավորող Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կարգախոսների պատմությունը ցույց է տալիս, որ նախ անձամբ են հավատացել իրենց գաղափարներին, հետո` պահանջել վստահել, ապա` հավատացրել, որ իրենց խոսքը գործ է: Պատահական չէ այժմեական շեշտադրումը, թե ահա եկել է ժամանակը իշխանափոխության և կառուցելու, նյութականացնելու պատկերացումները, որ կուսակցությունն ունեցել է ստեղծման օրից: Դաշինքի համակիրներին շոյում է նախ առաջնորդի և իրենց նմանությունը, ապա սոցիալական խնդիրները կարգավորելու խոստումը` ինչին առաջնորդը խոստանում է հասնել միայն ժողովրդի աջակցությամբ: Իսկ պատկերացումներն ու դրանք իրագործելու ճանապարհները հատկապես փոփոխվել և ձևից ձև են անցել վերջին երկու տարիների ընթացքում: 2008 թվականին կուսակցությունը սատարել է Սերժ Սարգսյանին, ում հետ երկու անգամ կոալիցիա է կազմել: Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների վատթարացումից հետո, սահմանադրական բարեփոխումներին տվել է նախ բացասական, ապա` հաշտությունից, Երրորդ աստիճանի և Պատվո շքանշաններից հետո` դրական արձագանք: 2015-ին ԲՀԿ նախագահը որոշել է չզբաղվել քաղաքականությամբ, 2017-ին` վերադարձել քաղաքական դաշտ` իր համաժողովրդական կերպարը կրկին ընդգծելու համար նշելով, թե վերադարձել է նույն ժողովրդի խնդրանքով, ժողովրդի համար, ժողովրդի հետ: Այսինքն` դաշինքը փորձում է ցուցադրել, թե իր տեղը ժողովրդի կողքին է, և որ ինքը միայն սոցիալական հավասարություն հաստատելու համար ավելի շատ միջոցներ և հնարավորություններ ունենալու հետևանքով է ուզում ստանձնել որոշումներ կայացնողի դերը:
Անցյալը չհիշատակող «Հայկական վերածնունդ» կուսակցությունը թե´ ընտրողներից, թե´ իշխանությունից մշտապես ինչ-որ բան է ակնկալում: Ժամանակին նշում էր, թե վստահության կարիք ունի` կառուցելու օրենքի Հայաստան, ապա` աջակցության` հետագայում պահանջելու հնարավորության դիմաց («Վստահեք, որ կառուցենք օրենքի Հայաստան», «Աջակցիր և պահանջիր»): Մինչ 2014թ. «Օրինաց երկիր» կուսակցությունը փոխհամաձայնեցրել է իր կարիքները գործող իշխանության հետ: 2015-ին վերանվանված կուսակցությունը հիմա էլ քվեարկության կարիք ունի, ինչը մեղմացնելու համար փորձում է համոզել, թե վերածննդի համազգային կարիքը պակաս հրատապ չէ:
«Դեպի երկիր» կարգախոսով Հայաստանի երրորդ հանրապետություն եկած «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը 4 տարի անց, Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով, դադարեցրեց իր գործունեությունը Հայաստանում: 1998-ին վերահաստատված կուսակցությունը մի քանի անգամ կոալիցիա է կազմել իշխող Հանրապետական կուսակցության հետ, ողջունել սահմանադրական բարեփոխումները:
Կանխատեսելի է, որ ազգայնականության հետ առնչվող թեմաներից եկող անհամաձայնություններից ապահովագրման պարագայում` ՀՅԴ-ն նոր և արդար Հայաստանում իր տեղը տեսնում է իշխանության կողքին` հատկապես հաշվի առնելով կուսակցության` սահմանադրական բարեփոխումների, կառավարման կարգի փոփոխությամբ առաջ եկած ոգևորությունը:
Բառային եռյակներով տպավորվել փորձող կդաշինքներին և կուսակցությանը միավորում է փոփոխության միջոցով հաղթանակի հասնելու, տողատակով կուսակցություններն առանձնացնելու միտումը:
«Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով ընտրություններին մասնակցող «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը փոփոխությունը տեսնում է խաղաղություն և հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու ճանապարհով, իր տեսլականը ներկայացնում հուզական շեշտադրումներով:
Ռոլան Բարտի առանձնացրած` թեկնածուի մարմնակազմական տեսակին բնորոշ սկզբունքով` ՀԱԿ-ը վերցնում է առօրեական ամենակարևոր խնդիրներն ու խոցելի խմբերից երկուսին` նկատի առնելով բանակն ու ընտանիքը: Բարտը գրում է, որ լուսանկարն այստեղ շանտաժի է ենթարկում բարոյական արժեքներով` հայրենիք, բանակ, ընտանիք, պատիվ, պայքար:
Խորհրդային միությունից երրորդ հանրապետության անկախության տարեթվին` 1991-ին ստեղծված Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է վաթսունականների ազգային սոցիալիզմը վկայակոչող կարգախոսով, ինչից ակնհայտ է դառնում, որ թեև փոխվել է իշխանական համակարգը, դրան հասնելու կոմունիստական մեխանիզմները մնացել են նույնը:
«ՕՐՕ» դաշինքի կարգախոսի առաջին մասը վկայակոչում է Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունը, երկրորդը` Վարդան Օսկանյանի: ՀՀԿ նախկին անդամ Սեյրան Օհանյանի ներկայությունը դաշինքում հակասական մտքեր է առաջ բերում: Եթե մինչ 2008-ը խաչվել են պաշտպանության և արտաքին գործերի նախկին նախարարի ճանապարհները, ապա Րաֆիի Հովհաննիսյանը դրսևորվել է այլ ճամբարում: «Հաղթանակ»-ը կարող է ոչ միայն գալիք ընտրություններում ակնկալվող արդյունք լինել, այլև Սեյրան Օհանյանի` զինվորական լինելու, արցախյան շարժման մասնակից լինելու հանգամանքը շեշտելու փորձ, ինչը կրկին հղում է ռազմական ուժին:
«Ելք» դաշինքի կարգախոսը «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ»-ն է: Հետաքրքրական է, որ չնայած պաշտոնական կարգախոսի առկայությանը, քարոզարշավի ընթացքում դաշինքը շեշտն ավելի շատ դնում է ընտրության հնարավորությամբ ստեղծվող ելքի վրա («Կա ընտրություն, կա ելք»): Դաշինքում սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներ են, ովքեր հասրակական կարևորության հարցեր են բարձրացնում, ինչպես օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները: Կարգախոսի «ընտրություն» բառը, որ հաճախ է խաղարկվում տարբեր թևերի քաղաքական գործիչների կողմից, մատնանշում է, որ ընտրությունը կարող է փոփոխություն բերել: Դաշինքը որևէ կերպ չի քննում, կասկածի տակ դնում ընտրական գործընթացն ապահովող մեխանիզմներն ու լծակները, համարում, որ փոփոխության համար մասնակցությունը, քվեն բավական են:
Այսպիսով` խորհրդարանական ընտրությունների քաղաքական պատկերագրությանը բնորոշ են հարթ մակերևույթով, մեծամասշտաբ լուսանկարով և գունային վառ դրսևորմամբ պաստառները: Եթե պատկերային առումով խրախուսվում են անհատները, ապա բուն տեքստային տեսանկյունից ձևավորվում են այլակարծություն չենթադրող խմբեր, ավելի ճիշտ կլինի ասել` մենքի մեկ միասնական խումբ: Հենց այս գաղափարն են փորձում ընտրության գնացող մարդկանց համոզել կուսակցություններն անձնավորող, ներկայացնող անհատները, ովքեր մյուս կողմից մեծ կարևորություն են տալիս ժամանակին` փորձելով հնարավորինս համոզիչ և ակնհայտ ցույց տալ, թե ահա եկել է «այդքան սպասված ժամանակը», որին սպասել էին 5 տարի, և որը նորից կգա հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել