Դատարանն անփոփոխ թողեց Արարատ Խանդոյանի խափանման միջոցը
Ամալյա Մարգարյան
2016-ի հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար մեղադրվող Արարատ Խանդոյանը և նրա փաստաբան Արա Կարագյոզյանը միջնորդություն ներկայացրին՝ դատարանին խնդրելով խափանման միջոցը փոխարինել գրավով:
Որպես հիմնավորում` Արա Կարագյոզյանը նշեց, որ Արարատ Խանդոյանը պատերազմի մասնակից է, երկրորդ կարգի հաշմանադամություն ունի, խնամքի տակ են թոշակառու մայրը և հաշմանդամություն ունեցող եղբայրը, ինչպես նաև նշեց, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի: Այդ մասին հայտնեց նաև Արարատ Խանդոյանը՝ շեշտելով, որ դեպքի օրը ստանալով վնասվածքներ` պատշաճ բուժօգնություն չի ստացել: «Մինչեւ այսօր ես ունեմ գլխացավեր՝ ոստիկանների կողմից կիրառած հատուկ միջոցներից: Մինչեւ այսօր առկա է աչքիս վնասվածքը, որն 8 ամիս է պետք է վիրահատեն, բայց մինչեւ այսօր չեն վիրահատում և ցավազրկելով իմ առողջությունը չի վերականգնվում»,- հայտնեց Արարատ Խանդոյանը:
Փաստաբան Արա Կարագյոզյանը միջնորդության մեջ նշեց նաև, որ Արարատ Խանդոյանը 16 տարեկանից պաշտպանել է հայրենիքի սահմանները, կռվել է Արցախում, «և նա հերոս է»:
Արարատ Խանդոյանն էլ հայտնեց, որ խափանման միջոցը փոխելով` ինքը հնարավորություն կստանա սեփական միջոցներով բուժում ստանալ, թեև վերքը ստացել է իրավապահ մարմինների կողմից. «Ցավազրկելով վերքը չի բուժվում»,- հավելեց Ա. Խանդոյանը:
Դատախազ Հայկ Պետրոսյանը առարկեց ներկայացրած միջնորդությունը` նշելով, որ Խանդոյանը չի զղջացել կատարածի համար, չի ընդունել մեղքը, ուստի մեծ է ազատության մեջ պատժի պատասխանատվությունից խուսափելու հավանականությունը:
«Հարգելի դատախազ, այդ ստրկատերերդ չեն թողնում, որ դուրս գամ ազատության մեջ: Ես այսօր գերի եմ ձեր ձեռքը»,- դատախազի դիրքորոշմանն ի պատասխան հայտնեց Արարատ Խանդոյանը:
Ներկայացրած միջնորդությունը դատավոր Մնացական Մարտիրոսյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց, որից հետո Արարատ Խանդոյանը հայտարարեց. «Դուք էստեղ ստրուկի պես ստրկատիրոջ ենթական եք, դուք որ ստրուկ եք, դա փաստ է, եթե օրինական որոշում կայացնի, ես բան չեմ ասի»:
Միջնորդության մերժման որոշումը ընթերցելուց հետո Արարատ Խանդոյանը հանդես եկավ ցուցմունքով:
«Հուլիսի 18-ին եկել եմ Երևան, եղել Խորենացի փողոցում, ման եմ եկել, թողել գնացել եմ: Տեսել եմ շատ ոստիկաններ, ավելի ճիշտ ոստիկաններ չէին, զիբիլի վրայից ինչքան կատու կային, ոստիկանական համազգեստ էին հագցրել բերել այդտեղ, դրանք ոստիկան չենք կարող ասել»,- հատնեց Խանդոյանը: Այս կարծիքը հնչեցնելուց հետո դատավոր Մարտիրոսյանը սանկցիա կիրառեց Ա. Խանդոյանի նկատմամբ՝ նախազգուշացման ձևով: Նախազգուշացրեց, որ դատական նիստը կարող է շարունակվել նաև առանց Արարատ Խանդոյանի ներկայության:
«Ի՞նչ կապ ունի` ես ներկա եմ, թե ոչ, եթե անօրինություն է տիրում»,- ի պատասխան դատավորի կայացրած նախազգուշացմանը` հայտնեց Խանդոյանը:
Խանդոյանը նշեց, որ հուլիսի 20-ին տեսել է, թե ինչպես են ոստիկանները մահակներով հարվածել ժողովրդին.
«Ինձ հետևից հարվածեցին, իսկ ես ժողովրդին ասում էի՝ ոչ հայհոյեք, ոչ էլ մի բան: Ասում էի՝ ժողովուրդ, ձեր ցավը տանեմ, մի´ արեք ոչ մի բան, ձեր հիմնակա նպատակն այն է, որ դուք մնաք ձեր տեղում, որպեսզի ներսում գտնվող տղաների անվտանգությունն ապահովենք: Մեզ պետք չի սրանց նմանների մի բանի արժանացնել, կոնֆլիկտ եղավ, լուսաձայնային միջոցները կիրառվեցին, արկերից մեկն էլ կողքս պայթեց, որից աչքս վնասվեց»,- հայտնեց Արարատ Խանդոյանը:
Մեղադրյալը նշեց նաև, որ իրեն «Մեղեդի» սրճարանից տեղափոխել են ԱԱԾ, իր հետ եղել է նաև Ծաղկահովիտի գյուղապետը: Նիստի ավարտին Արարատ Խանդոյանը նշեց, որ իրեն կալանավորել են իր քաղաքական հայացքների համար և նրա համար, որ ինքն Արայիկ Խանդոյանի եղբայրն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել