HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի երեք ամենաթանկ տները` ըստ Կադաստրի

Դիանա Ղազարյան

Հայաստանի երեք ամենաթանկ տները` ըստ Կադաստրի

Հայաստանի ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող բնակելի տան կադաստրային արժեքը 428 մլն դրամ է։ Այն պատկանում է գործարար, նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանին։ Նա Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրն է։

Հայաստանի ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող բնակելի տունը

Ամենաբաձր կադաստրային արժեք ունեցող բնակելի տների երկրորդ հորիզոնականում Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի կնոջը՝ Նունե Նիկոլյանին պատկանող 398 մլն կադ. արժեք ունեցող բնակելի տունն է։ Երրորդ ամենաթանկը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանի որդուն՝ Արսեն Արսենյանին պատկանող 324 մլն դրամանոց առանձնատունն է։

Ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող բնակելի տները գտնվում են Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։

Մինչ կներկայացնենք կադաստրային բարձր արժեք ունեցող տների և բնակարանների գները, պարզաբանենք, որ կադաստրային արժեքի չափը հաշվարկվում է երեք տարին մեկ՝ համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի։

Բացի մայրաքաղաքից, որտեղ 45 հատ 144 մլն դրամից (300 հազար ԱՄՆ դոլար) կադաստրային արժեք ունեցող տուն է հաշվառված, մարզերում նման կադաստրային արժեք ունեցող 3 բնակելի տուն է գրանցված. մեկը՝ Կոտայքի մարզում (այն պատկանում է պատգամավոր Գագիկ Ծառուկյանին), երկուսը՝ Արմավիրում։ Այսինքն՝ հանրապետությունում 300 հազ. ԱՄՆ դոլարից ավելի կադաստրային արժեք ունեցող 48 տուն է գրանցված։

Բացի այդ, 100-300 հազ. ԱՄՆ դոլար կադաստրային արժեք ունեցող 821 բնակարան և 797 բնակելի տուն (առանձնատուն) կա գրանցված։

100-300 հազ. ԱՄՆ դոլար արժողությամբ այդ 821 բնակարանները հաշվառված են Երևանում: Հայաստանի մարզերում այդպիսի կադասատրային արժեքով բնակարաններ, ըստ պաշտոնական տվյալների, չկան։

48-144 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակելի տներ

Այս կադաստրային արժեքն ունեցող 797 բնակելի տներից 684-ը, այսինքն՝ 68%-ը, կառուցված է Երևանում: Թանկարժեք բնակելի տներով «աչքի է ընկնում» նաև Կոտայքի մարզը, այնուհետև՝ Արմավիրը։ Իսկ «ամենահամեստ» մարզերը Գեղարքունիքը, Տավուշը, Վայոց ձորն ու Սյունիքն են. այստեղ 48-144 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարաններ և բնակելի տներ չկան։

Երևանի թանկարժեք բնակարաններն ու բնակելի տները՝ թվերով

Անդրադառնալով մայրաքաղաքի բնակարանների և բնակելի տների կադաստրային արժեքներին՝ նշենք, որ Երևանում գրանցված է 100 հազ. ԱՄՆ դոլարից ավելի կադաստրային արժեք ունեցող 729 բնակելի տուն և 856 բնակարան։

Երևանում են կենտրոնացած ամենաթանկ կադաստրային արժեք ունեցող առանձնատներն ու բնակարանները։

Համայնքապետարաններից և վարչական շրջաններից պարզել ենք նաև Հայաստանի առավել հայտնի առանձնատների կադաստրային արժեքներն ու դրանց համար վճարված գույքահարկի չափը։

Առինջի համայնքապետարանից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ 1991 թվականին կառուցված այն բնակելի տան համար, որտեղ հաշվառված է Գագիկ Ծառուկյանը, տարեկան վճարվում է 190 հազար դրամ գույքահարկ, իսկ դրա կադաստրային արժեքը ավելի քան 46 մլն դրամ է։

Իսկ այն բնակելի տան կադաստրային արժեքը, որտեղ բնակվում է Ծառուկյան ընտանիքը, 181 մլն դրամ է, որի համար տարեկան գույքահարկ է սահմանվել 1.5 միլիոն դրամ։

Հաջորդ հայտնի բնակելի տունը Աշտարակի խճուղում գտնվող առանձնատունն է։ Այն պատկանում է գործարար Սերգեյ Մանուկյանին։ Համաձայն Քասախի համայնքապետարանի փոխանցած տվյալի՝ դրա կադաստրային արժեքը կազմում է 92 մլն. դրամ, որի համար տարեկան վճարը 648 հազար դրամ է։

Պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող առանձնատան կադաստրային արժեքը 23 մլն դրամ է։ Դրա համար տարեկան գույքահարկ սահմանված է 38 հազար դրամ։

Ակնհայտ է, որ պաշտոնյաները, գործարարներն ամեն ինչ արել են, որպեսզի իրենց տների կադաստրային արժեքը ցածր գնահատվի ու, համապատասխանաբար, ցածր գույքահարկ սահմանվի։ Օրինակ՝ Երեւանի Բաբայան, Ուլնեցի փողոցներում կառուցված առանձնատները անշարժ գույքի գործակալները գնահատում են մի քանի մլն ԱՄՆ դոլար, սակայն դրանց սեփականատերերը չնչին գույքահարկ են վճարում։

Տեսանյութը` Սարո Բաղդասարյանի և Դավիթ Բանուչյանի

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի և fnews.am-ի

Մեկնաբանություններ (5)

Aram
The appraisers should be instantly fired
թոշակառու
Հեր օրհնածներ! վլաստը տվեք կոմունիստներին մի երկու տարուց կթվորներին ու խաղողագործներին ձրի պուտյովկա տան էդ տներում հանգստանալու ու բուժվելու, տեսել ենք չէ՜ էդ զահրումարը, ի՜նչ կա չհավատալու: Անձամբ ես հանգստացել եմ Արամյանցի տանը, մի բաքվեցի սիրուն կնիկ էլ կողքներս էր ապրում .... է՜հ, է հէ՜յ
Արմենակ Եղիայեան
Կարելի է միայն զարմանալ, թէ այս բնակարաններու հայ տէրերը ինչպէ՞ս կրնան հանգիստ ապրիլ նման պալատներու մէջ, երբ անդին ժանգոտած ու փտած տնակներու մէջ իրենց գոյութիւնը տասնամեակներէ ի վեր քարշ տուող ուրիշ հայեր կան: Հայը ա՞յս աստիճան անբարոյ ժողովուրդ է...:
Arsen
Իմ 120 ք.մ. բնակարանի համար 10000 ֏ գույքահարկ է սահմանվել, իսկ Սամվել Ալեքսանյանի ապարանքների համար 38000.
Խաչիկ
Մեկնաբանեմ - թէ պարզ ա ? :)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter