«Ինձ ասում են, որ ես շան բախտ ունեմ»
Ազատուհի Խաչատրյան
-Էջմիածնում եղե՞լ ես:
-Հա, եղել եմ, ճամփեն էլ գիտեմ: Հինգ տարի ստեղ եմ ապրել:
-Երևանու՞մ:
-Հա, ստեղ էի դպրոց գնում: Հետո գնացի Դիլիջան:
Մովսեսի( 15 տարեկան) հետ ծանթացա երկու տարի առաջ՝ ամառային ճամբարում, իմ ջոկատի ակտիվ, չարաճճի տղաներից էր։
Մի անգամ գիշերը սենյակի բոլոր տղաներին ատամի մածուկով ներկել էր, քնից հանել։ Ինքն էլ էր սպիտակած, անկողինն էլ։ Ես ու սարկավագ Սամվելը, որ նույնպես ճամբարի երեխաների համար էր պատասխանատու, որոշեցինք մի թեթև «խրատել». Աստվածաշունչ տվեցինք, որ կարդա։
Երբ տեսա նրան մեքենայում, հազիվ ճանաչեցի՝ մեծացել էր։ Ինքն ինձ հիշում էր, ու մնացած ամենը, ինչ եղել էր ճամբարում։
-Կուզեի մի ամիս մնայինք ընդեղ, շատ լավ էր։ Ուրիշ ճամբար էլ եմ գնացել, բայց լավը չէր։ Կարա՞նք էլի գնանք, ընկեր Ազատուհի։ Կարա՞մ ես էլ ջոկատավար ըլնեմ։
-Պետք ա մի քիչ էլ մեծանաս, ու զգաս, որ կարող ես մյուսների համար պատասխանատու լինել: Մովսես, շատ ընկերներ ունե՞ս:
-Հա, Դիլիջանի դպրոցում շատ ունեմ:
-Միայն տղանե՞ր:
-Մեր կորպուսում մենակ տղաներ էին: Աղջիկները ուրիշ կորպուսում էին քնում:
-Ո՞ր առարկան ես սիրում դպրոցում:
-Աշխարհագրության դասատուին եմ սիրում, բայց առարկան՝ չէ: Մեկ էլ գրականության գրքի մեջի նկարներն են լավը: Նկարել եմ սիրում, ու փետից գրիչ եմ սարքում, բայց չի գրում (ծիծաղում է):
-Ֆիլմեր սիրու՞մ ես:
-Հա, կռիվ կինոները: «Կյանք ու կռիվ»-ը տեսել ե՞ք: Էդ էլ եմ սիրում: Մի հատ էլ են կինո հանել: Էդ էլա լավը երևում, բայց հլա չեմ տեսել:
-Կուզեի՞ր դերասաններին հանդիպեիր, իմանայիր՝ ո՞նց են նկարում կինոն:
-Դե հա, բայց էն գլխավոր տղու հետ կուզեի նկարվեի:
-Սամվել Թադևոսյանի՞: Գիտես, ինքն էլ ա շատ գիրք կարդում: Մի քանի օր առաջ գրախանութում գրքեր էր խորհուրդ տալիս: Եթե ուզես, մի բան էլ քեզ խորհուրդ կտա: Եթե կինո սիրում ես, գիրք էլ կսիրես:
Լսում է, գլխով համաձայնում: Բայց մի տեսակ միտքը ուրիշ տեղ է:

Հասնում ենք օդանավակայան, մոտիկից թռչող ինքնաթիռներ ենք տեսում:
-Ուզում եմ Ռուսաստան գնամ:
-Ինչի՞
-Լավ ա ընդեղ:
-Բայց ոչ մի ծանոթ չունես, դժվար չի՞ լինի քո համար:
-Կծանոթանամ:
Փորձում եմ հակառակը համոզել: Ասում եմ, որ պետք է աշխարհագրություն ուսումնասիրի, մյուս երկրների մասին իմանա, մյուսներն ավելի հետաքրքիր կարող են լինել: Հետո Իտալիայի նկարներ եմ ցույց տալիս: Շենքերը հավանում է, տպավորվում:
-Բա դուք ի՞նչ եք անում, ընկեր Ազատուհի:
-Գրում եմ:
-Հաաա, ես մի բան եմ սիրում գրածներից, «Մի մրահոն աղջիկ տեսա»….ըըը…ոնց է՞ր..
-Ռիալտոյի կամրջին…
Մնացածը միասին արտասանում ենք:
-Կարա՞ք Մովսես անունով գրեք:
-Աքրոստիկո՞ս: Չէ, ես բանաստեղծություն չեմ գրում: Բա, ի՞նչ գրեմ քո մասին:
-Գրեք, որ Մովսեսը դպրոցից անընդհատ փախնում ա:
-Ինչի՞ ա փախնում:
-Եսիմ…փախել, Դիլիջանից ոտով Երևան եմ գնացել:
-Ամբողջը ոտո՞վ:
-Երկու հատ մեքենա կանգնացրի, նստեցի, հետո ոտով գնացի:
Դժվարանում եմ ավել հարցեր տալ, փորփրել, թող խոսի ինչի մասին, որ ուզում է։ Ոչ մի հարցով ցավ պատճառել կամ անցյալից տհաճ պահեր չեմ ուզում հիշեցնել։ Դրա համար էլ խոսակցությունը դադարներով է ընթանում․․․
Հասնում ենք Էջմիածին: Մայր Աթոռի թանգարանում Մովսեսին ասեղնագործ նկարներն են դուր գալիս: Մեկ էլ երկար նայում է մյուռոնի բաղադրիչներին: Փորձում է տեղը բերել, թե բույսերից որը կա իրենց սարերում:

Վերադառնում ենք:
-Հավանեցի՞ր, Մովսես:
-Հա, ես էլի եմ թանգարանում եղել:
-Հարցնում եմ, թե որ մեկում, չի հիշում անունը: Ինքն է սկսում հարցեր տալ ինձ:
-Դուք հեչ երեխեքին պաստել ե՞ք:
-Չէ (ծիծաղում եմ):
-Ես պաստել եմ:
-Հիշում եմ:
-Դուք ու սամվել Սարկավագն էլ ինձ պատժել էիք:
-Հա, էդ էլ եմ հիշում, Աստվածաշունչ էիր կարդում: Կհիշես, թե ի՞նչ էր գրած:
-էն, յոթ, չէ՛, տասը պատվիրանները:
-Բա հիշում ես՝ որոնք էին դրանք:
-Լեզվիս ծերին ա, է, էսա կհիշեմ:
-Ճանապարհը երկար ա, կսպասեմ...
«Այլ կերպ» ենք խաղում մեքենայում, սկսում է բառերը գուշակել` հենց հասկանում է խաղի կանոնները: Հետո ինքն է բացատրում.
-Էն, որ դու վատ բան ես արած լինում, քեզ խրատ են տալիս, ամոթ բան ա, էլի:
-Խրատե՞լ, քարոզ կարդա՞լ:
-Չէ, էէ, ամոթ բան ա...հանձնվում ե՞ք: Ամոթալի:
Խաղի ժամանակը լրանում է, բայց ուզում է նորից բացատրել: Մի երկու բառ է ասում, ուրախանում է, որ գլխի չեմ ընկնում, հետո տալիս է, ասում, որ իմ հերթն է:
-Հլա շա՞տ կա, որ հասնենք:
-Հա, դեռ կա ժամանակ:
-Ու՜խ: Բա դուք մեր գյուղ չեք գալու:
-Չէ:
-Բա մեր տուն:
-Եթե հրավիրում ես, կգամ:
-Հա, էլի, եկեք:
-Հաջորդ անգամ: Իմ համար, որ գրիչ սարքես, կգամ կվերցնեմ: Քեզ գիրք եմ ուղարկելու, կկարդաս…
-Մովսես, ի՞նչ ես ուզում ունենալ տասը տարի հետո:
-Ավտո:
-Է՞լ:
-Կնիկ (ժպտում է):
-Կունենաս (ծիծաղում եմ):
-Հա, գիտեմ, ինձ ասում են, որ ես շան բախտ ունեմ...(ժպտում է...):
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել