
Հայաստանի անտառներն ու անտառային հողերը` շեյխին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմանում ընդգրկված պետական անտառներից և անտառային հողերից 147.51 հեկտարը պահպանության նպատակով, անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով տրամադրել «ԷՅ ընդ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ին։
Ավելի վաղ ընկերությունը ճանաչվել էր Արտավազի գյուղական համայնքի և քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 95.8 հա գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռք բերող և սկսել էր քաղցրահամ և հանքային ջրերի արտահանման ու շշալցման գործարան կառուցելու ներդրումային ծրագրի իրականացումը։
«Այժմ ընկերությունը պատրաստակամություն է հայտնել ձեռնարկել հողատարածքը շրջապատող անտառային հողերի պահպանության և բարելավման անհրաժեշտ միջոցներ, որոնց շնորհիվ անտառային տարածքը զերծ կմնա ապօրինի հատումից, հրդեհից, իսկ շշալցման գործարան կառուցելուց հետո նշված տարածաշրջանում մասամբ կլուծվի գործազրկության խնդիրը, կստեղծվեն բավականին թվով աշխատատեղեր»,- հայտնում է կառավարության կայքը:
Շշալցման գործարանի մասին և Արտավազ համայնքի բնակիչներից վերցրած հողերի մասին արդեն գրել ենք բազմիցս: Հիշեցնենք, որ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ընկերության հիմնադիրը «ԷՅ ԸՆԴ ԷՄ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ» ԲԸ-ն («A & M Investment») է, որը գրանցված է Լյուքսեմբուրգում: «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավարը Արամ Աբրահամյանն է: Նա Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի որդին է: Գործարանի ներդրումային ծրագիրը Կառավարությանը ներկայացրել է շվեյցարական «ՍՎԻՍՍ ՌԵԱՌ ԷՍ.ԷՅ» ընկերությունը, որի նախագահն էլ Սաուդյան Արաբիայի շեյխ Մուհամմեդ Մուսալլամին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել