Արդի հայ ընտրողը՝ կլիենտ թե քաղաքացի. սոցիոլոգիական անդրադարձ ընտրախախտումներին
Հետազոտությանս մասնակիցներից մեկը, պետական մի կազմակերպության աշխատակից, ամենաակտիվ կերպով ներգրավված է նախընտրական պրոցեսների մեջ: Նա երկու կուսակցությունների անդամ է: Առաջինին անդամակցեց ուսանողական տարիներին՝ դասախոսի կողմից պարտադրված լինելով: Երկրորդին միացել է աշխատավայրում՝ որոշելով չմերժել տնօրենի հրավերը: Երկար տարիներ ըստ վերադասների պահանջների և քարոզների քվեարկելուց հետո առաջին անգամ մտածում է սեփական խղճի համաձայն քվեարկելու մասին: Չնայած դրան, սակայն, աշխատանքային ժամերին շարունակում է մասնակցել «ընտրությունների հետ կապված» հանդիպումներին, քարոզչական աշխատանք իրականացնում իր ենթակայության ներքո գտնվողների հետ, որովհետև «այլ կերպ հնարավոր չէ»: Նրա տունն ու ընտանիքը նույնպես զերծ չեն մնացել նախընտրական ճնշումներից, նրան հասցրել է զանգահարել թաղային լիազորը և տուն է այցելել իշխանական կուսակցության մի ներկայացուչիչ՝ համոզվելու համար որ նրանք քվեարկելու են «ինչպես որ պետք է»:
Վստահ եմ, որ բոլորիս նման բազմաթիվ պատմություններ են ծանոթ: Թերևս առանց չափազանցնելու կարելի է ասել, որ Հայաստանում ընտրողների ազատ կամքի վրա ճնշում գործադրելն ամենաարդյունավետ ընտրակեղծիքներից մեկն է: Ընտրությունների նախօրեին՝ պետական և մասնավոր կազմակերպություններում, պետական մարմիններում, քաղաքային և գյուղական համայնքներում հսկայական ծավալի հավաքագրողական աշխատանքներ են տարվում: Վերջիններս հիմնականում ղեկավարում և իրականացնում են մարդիկ, որոնք այս կամ այն չափով տիրապետում են վարչական ռեսուրսին և ազդեցություն ունեն մեծ թվով մարդկանց սոցիալական ապահովվածության վրա: Այդ մասին են վկայում ոչ միայն մեր առօրյա դիտարկումները կամ սոցիոլոգիական հետազոտությունները, այլ նաև «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից վերջերս հրապարակած ձայնագրությունները: Պարզ է, որ այդ ստրատեգիան օգտագործում են այն կուսակցությունները, որոնք արդեն տիրապետում են երկրի քաղաքական և տնտեսական ռեսուրսներին, հատկապես` այն մարզերում, որտեղ իրենց ազդեցությունը մեծ է:
Օրինակ, կազմակերպությունների տնօրեններն իրենց աշխատակիցներից ակնկալում են միանալ և քվեարկել իրենց սատարած կուսակցության օգտին: Երբեմն բացահայտ սպառնալիքներ են հնչեցվում, բայց ավելի հաճախ հարցը բարիդրացիական կերպով է լուծվում, քանզի առանց սպառնալիքների էլ պարզ է, թե տնօրենին մերժելն ինչ վտանգներ է իր մեջ պարունակում: Ինչպես ինֆորմանտներից մեկն է ասել, «ինձ չեն ստիպել, պարզապես ես լավ հարաբերությունների մեջ եմ տնօրենիս հետ: Նա առաջարկեց և ես չմերժեցի, թե չէ նա կսկսեր ինձ վատ աչքով նայել: Չեմ ուզում աշխատանքս կորցնել»: Այս քաղաքացին այլ կուսակցություն էր համակրում, բայց վախեցավ չհնազանդվել՝ համոզված լինելով որ կուսակցության անդամներն «իրենց ձևերն ունեն ստուգելու», թե ով ինչպես է քվեարկել: Հոդվածը գրելու պահին մեկ այլ ինֆորմանտ հիվանդ լինելով աշխատանքի է գնացել՝ քանի որ, իր կազմակերպությունը հանրահավաքի է մասնակցելու և հանրահավաքից բացակայությունն աշխատանքից ազատվելու առիթ է հանդիսանալու:
Կուսակցությունների շարքերի ավելի լայնածավալ համալրումն ապահովելու համար, պրոցեսի մեջ ներգրավվում են նաև թաղային լիազորներ, համատիրության նախագահներ, քաղաքացիական ծառայողներ ում աշխատանքները համակարգվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Նման «աշխատանքները» արդյունավետության համար համեմվում են քարոզով և, ինչու չէ, նաև խոստումներով և ընտրակաշառքներով: Ոմանց աշխատատեղ են խոսք տալիս, այլոց՝ ավելի բարձր պաշտոն, մեկին գումար կամ հեռուստացույց, մյուսի համար կարևոր է տնօրենին իր նվիրվածությունն ապացուցելը: Ընտրակաշառքները որոնք լայնածավալ բարեգործության տեսք են ստանում, գործում են ոչ միայն որպես կաշառք, այլ նաև որպես գաղափարական գործիք՝ համոզելով մարդկանց, որ կաշառքներ բաժանող ուժը հետո էլ է առատաձեռն գտնվելու և մտածելու է ժողովրդի մասին: Ճնշումները, քարոզն ու խոստում-կաշառքները իրենց գործը կատարում են և արդյունքում շատերն արդեն չեն կարող տարբերակել` արդյոք սեփական կամքով են քվեարկում, թե իրենց ընտրությունը պարտադրված է:
Այս հոդվածում ուզում եմ երկու հարց վերլուծել՝ թե ինչու են նման ընտրակեղծիքների կազմակերպիչները մեծ մասամբ անպատիժ մնում, թեև օրենքի խախտումները տեղի են ունենում ամեն քայլափոխի, և թե որ պայմաններն են հնարավոր դարձնում նման հսկայածավալ ընտրակեղծիքները: Մեր օրենսդրության արդյունավետության հարցը դեռ մի կողմ դնեմ և հարցերին մոտենամ սոցիալական տեսանկունից:
Առաջին հարցի պատասխանն ինձ համար ակնհայտ է. նման լայնածավալ հավաքագրումները հնարավոր չէին լինի, եթե քաղաքացիներն իրենք լայնորեն չմասնակցեին, չհամագործակցեին վերադասների հետ և չհանդուրժեինք նման վարվելակերպը: Իսկ նման հանդուրժողականությունը պայմանավորված է մեր հասարակության մեջ տիրող համակարգային պրոբլեմներով, որոնցից են, օրինակ, կոռուպցիան, սոցիալական անապահովվածությունը, աշխատողների իրավունքների անպաշտպանվածությունը, ֆորմալ հարցերում միջանձնային հարաբերությունների կամ «ծանոթությունների» որոշիչ դերը, ընտրական օրենքը միջաձնային էթիկային կամ սեփական շահին ստորադասելը և այլն:
Քաղաքագետ Քրիստոֆ Շտեֆեսը (2006) Հայաստանը դասում է կենտրոնացված համակարգային կոռուպցիա ունեցող երկրների շարքին: Հայաստանում քաղաքական և տնտեսական իշխանությունը սերտաճած են, և պետական պաշտոնները լայնորեն ըմբռնվում են` որպես ֆինանսական ռեսուրսներին տիրապետելու լծակներ: Ըստ Շտեֆեսի` պետական մարմիններն իրենցից կենտրոնացված կոռուպցիոն բուրգ են ներկայացնում, որոնցում ամեն ստորադաս շղթա զբաղեցնողը պատասխան է տալիս և իր ձեռք բերած շահույթներով պարտավոր է կիսվել վերադաս շղթաներ զբաղեցնողների հետ և համագործակցում է զուգահեռ պետական մարմինների պաշտոնյաների հետ: Նման կենտրոնացումը, ի տարբերություն հարևան Վրաստանի, սահմանափակում է կոռուպցիայի չափերը, բայց մևնույն ժամանակ ապահովում է իշխանական բուրգի վերարտադրությունն ու կայունությունը (Շտեֆես 2006):
Առօրյա փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիային առնչվում են նաև բյուրոկրատական համակարգից դուրս գտնվողները: Ըստ իմ ինֆորմանտներից մեկի, օրինակ, իր աշխատավայրում «միայն երկու հոգի կան, ովքեր առանց ծանոթի են աշխատանքի ընդունվել, մնացած բոլորը ներքին շրջանի մարդիկ են», իսկ կապերի շնորհիվ ձեռք բերած աշխատատեղերը ենթադում են վերադասների հետ համագործակցություն և փոխօգնություն: Հրաժարվելու դեպքում մարդիկ վտանգի տակ են դնում աշխատանքն, ուսումը կամ եկամուտը, մինչդեռ համագործակցությունն իր մեջ հետագա շահույթների խոստում է պարունակում:
Պարզ է դառնում, որ քաղաքացիների՝ ընտրախախտումների նկատմամբ հանդուրժողականութունը պայմանավորված է նրանով, որ մարդիկ ի պաշտոնե վերադասների հետ կապված են երկարաժամկետ, իշխանության տեսանկյունից անհավասար միջանձնային հարաբերություններով, որոնք չեն սահմանափակվում զուտ ըտնրությունների հետ կապված հարցերով: Վերջիններս կարող են ընկերական և վստահության վրա հիմնված լինել: Սոցիալական գիտություններում այս հարաբերությունները սովորաբար կլիենտալիզմ կամ պատրոն-կլիենտ հարաբերություններ են անվանվում: Ըստ դասական սահմանման՝ պատրոն-կլիենտ հարաբերությունը երկու հոգու միջև օգտաբեր ընկերություն է, որի պարագայում ավելի բարձր տնտեսական ստատուս ունեցողը շահույթ կամ պաշտպանություն է ապահովում ավելի ցածր ստատուս ունեցողի (կլիենտի) համար, որն ի պատասխան սատարում է պատրոնին (Սկոտ 1972, էջ 92):
Ընտրություններում ցանկալի արդյունք ապահովելու համար գործի են դրվում նման հարաբերությունների ցանցեր, և ամենաբարձր պատրոնը կապված է լինում կլիենտների հետ միջանկյալ բրոկերների միջոցով: Կլիենտալիզմը պարունակում է պոտենցիալ կամ իրական հարկադրություն, սակայն մասնակիցների կողմից հաճախ պատկերվում է որպես կամավոր հարաբերություն (Ռոնիգեր 1994, էջ 4): Որոշ դեպքում մարդկանց հարկադրում են պատրոնին սատարել սպառնալիքներով (ավտորիտար կլիենտալիզմ), այլ դեպքերում շեշտ է դրվում շահույթների վրա:
Ի՞նչն է պրոբլեմը, երբ մարդիկ քվեարկում են որպես կլիենտներ, այլ ոչ թե որպես քաղաքացիներ: Իրականում միանշանակ չէ, որ կլիենտը իր քվեն պարզապես փոխանակում է ինչ-որ անձնական շահույթի դիմաց: Կոտայքի մարզում իմ հետազոտությունների հիման վրա կարող եմ հավաստել, որ հաճախ մարդիկ իրենց քվեները փոխանակում են համայնքին ուղղված երկարաժամկետ օգնության դիմաց: Թեև շատերը ճնշումների են ենթարկվում, այնուամենայնիվ քարոզչության, բարեգործության և ընտրակաշառքների ազդեցության տակ ոմանք իրոք համակրում են ռեսուրսներ բաժանող կուսակցությանը և անկեղծորեն քվեարկում նրա օգտին: Բայց անկախ նրանից, թե քվեն պարտադրված է, սեփական շահով դրդված, թե անկեղծ, կլիենտները չեն ընտրում քաղաքական ծրագիր: Սովորաբար, նույնիսկ եթե նրանք իրոք անկեղծորեն կուսակցություն են սատարում, դա անում են` տպավորված լինելով լիդերի խարիզմայով կամ իրենց քվեներով շնորհակալություն են հայտնում ինչ-որ լավության դիմաց: Իմ հետազոտության մասնակիցներից ոչ մեկը ծանոթ չէ իր կուսակցության ծրագրին: Ստանալով իրենց կամ համայնքին խոստացված շահույթները՝ այլևս չեն հետևում կուսակցության համազգային ծրագրերին: Դրանով իրենք իրենց զրկում են տվյալ կուսակցությանը հաշվետու պահելու հնարավորությունից: Ընդունելով ռեսուրսների խտրական բաշխումը՝ նաև խախում են դեմոկրատիային բնորոշ համընդհանրության սկզբունքը և ընտրակաշառք ընդունելով՝ հավանություն տալիս օրենքի խախտումներին:
Ըստ դեմոկրատական սկզբունքների՝ քաղաքացիներն են երկրի սուվերեն իշխողները, նրանք որպես հավասարներ ընտրում են քաղաքական գործիչների՝ իրենց ներկայացուցիչների և ծառայողների (Թեյլոր 2004, էջ 214): Կլիենտալիզմի պարագայում մարդիկ գիտակցում և ընդունում են իրենց և իշխողների ծայրահեղ անհավասարությունը և սատարում վերջիններիս՝ իրենց բաժին փոքր շահույթը ստանալու համար (Թեյլոր 2004): Այսպիսով նրանք չեն ընտրում ծրագրեր, օրենքներ և իրավունքներ, այլ պարզապես օգնում են իշխանությանը տիրապետողներին, զոհաբերելով հասարակական շահը՝ անձնական կամ համայնքային ժամանակավոր շահույթ ստանալու համար:
Կլիենտալիզմի անհատական դրդապատճառները հիմնականում ներառում են պետական ինստիտուտների հանդեպ վստահության բացակայությունը, սոցիալական անպաշտպանվածությունը, ճնշվածությունն ու այլընտրանքների բացակայությունը: Ստացվում է, որ կլիենտալիստ իշխանավորները շահագրգռված են քաղաքացիների ահապահովության մեջ, քանզի այդ պարագայում նրանց ավելի հեշտ է կաշառել: Ընտանիքի մի հայր ինձ ասաց, որ իր կամքին հակառակ է քվեարկելու, քանի որ օժանդակության դիմաց իրեն պաշտոն են խոստացել:
Երբ հարցրեցի թե ինչու չի ուզում օգտվել գաղտնի քվեարկության իր իրավունքից, նա պատասխանեց, որ բարոյական մարդ է, և այլապես չէր կարողանա նայել ընտրակաշառք խոստացողի աչքերին: Խիստ քննադատաբար վերաբերվելով կոռումպացված պաշտոնյաներին՝ նա, սակայն, պատրաստ էր ընտրակաշառք ընդունել՝ սեփական ընտանիքի բարեկեցությունն ապահովելու համար. «Այլ կերպ հնարավոր չէ, նրանց հետ պետք է շողոքորթել, եթե մինչև հիմա շողոքորթեի, ես էլ հիմա մի լավ պաշտոնի տեր կլինեի»: Սակայն եթե մարդիկ վստահելի և անկաշառելի իշխանություն են ցանկանում ունենալ, գուցե պետք է առաջին հերթին իրենից սկսեն` դառնալով այն անկաշառելի մարդը, ում ուզում են իրենց կողքին տեսնել, ով հարգում է օրենքն ու սեփական իրավունքները և չի հնազանդվում անօրեն պահանջներին:
Միլենա Բաղդասարյան, փիլ. գիտությունների թեկնածու, սոցիոլոգ
Հղումներ՝
Roniger, L. 1994. “The Comparative Study of Clientelism and the Changing Nature of Civil Society in the Contemporary World.” In Democracy, Clientelism, and Civil Society, edited by L. Roniger, and A. Günes-Ayata, 1-18. Boulder: Rienner.
Scott, J. C. 1972. “Patron-Client Politics and Political Change in Southeast Asia.” The American Political Science Review 66 (1): 91-113.
Stefes, C. 2006. Understanding Post-Soviet Transitions: Corruption, Collusion and Clientelism. Basingstoke: Palgrave Macmillan.
Taylor, L. 2004. “Client-ship and Citizenship in Latin America.” Bulletin of Latin American Research 23 (2): 213–227.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել