
Գերմանական հեռուստաալիքների գովազդները ցածրաձայն կդառնան
Գերմանական մասնավոր հեռուստաընկերությունները, հետևելով պետականների օրինակին, համաձայնել են իջեցնել գովազդային հոլովակների ձայնի բարձրությունը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Handelsblatt հրատարակությանը:
Ըստ Handelsblatt-ի տվյալների՝ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Մասնավոր հեռուստաընկերությունների ասոցիացիայի (VPRT) հետ Հեռուստառադիոհեռարձակման պետական կորպորացիայի (ARD) վարած բանակցությունների ընթացքում:
Սկզբում մասնավոր հեռուստաընկերությունները չէին ուզում զիջումներ անել պետությանը՝ վախենալով, որ դրանով կարող են վանել խոշոր գովազդատուներին: Բացի դրանից՝ մեդիա ընկերություններին ձեռնտու չէր այն, որ ստիպված կլինեն հեռարձակել ձայնի ուժգնության մի քանի մակարդակ ունեցող գովազդային հոլովակներ, քանի որ որոշ հեռուստաալիքներ հաղորդումներ են հեռարձակում նաև ԳՖՀ-ի սահմաններից դուրս, որտեղ նման արգելքներ չեն գործում:
Ինչպես նշել են ARD-ի ներկայացուցիչները, գովազդն ավելի ցածրաձայն դարձնելու որոշումն ընդունվել է բացառապես հեռուստադիտողների շահերից ելնելով, ովքեր դժգոհ են հեռուստացույցի ձայնի ուժգնության կտրուկ փոփոխությունից: Ըստ Handelsblatt-ի՝ մասնավոր հեռուստաընկերություններում գովազդն ավելի ցածրաձայն կդառնա 2012թ. օգոստոսից: Գերմանական պետական հեռուստաալիքները նոր կանոններով են աշխատում դեռ 2010թ. նոյեմբերից:
Լուսանկարում ARD-ի գրասենյակն է
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել