HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարդան Բոստանջյան. «Մեզ մոտ կառավարության հրաժարականի տրադիցիան չկա»

Այսօր Ազգայի ժողովը ձայների մեծամասնությամբ մերժեց ՀՅԴ խմբակցության հարցապնդումը` կառավարությանը անվստահություն հայտնելու վերաբերյալ: Ընդդիմադիր խմբակցությունը մի շարք պատճառներ էր մատնանշել` չիրականացված սոցիալ-կենցաղային ծրագրեր, ահագնացող արտագաղթ եւ այլ խնդիրներ, որոնք էլ հիմք են տալիս կառավարությանը անվստահություն հայտնել:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ՀՅԴ խմբակցության պատգամավորների մտահոգությունները չի կարող կարող «կտրուկ կիսել», քանի որ արտագաղթը որպես այդպիսին, իր մեջ պարունակում է մարդու ազատ տեղաշարժի ինստիտուտ, որն էլ նոր հարաբերությունների պայմաններում, մարդուն հնարավորություն է տալիս ազատ տեղաշարժվել:

«Բոլոր պարագաներում, ելնելով այդ սկզբունքից եւ ունենալով հնարավորություն` մարդը կարող է գնալ այնտեղ, որտեղ նպատակահարմար է գտնում եւ ապրել ու աշխատել: Միանգամից արտագաղթ ինստիտուտի վրա վերագրելը` իմ վրա չեմ վերցնում ծանրություն այդպես ասելու: Այո, ֆինանսական ճգնաժամ կա եւ այլն եւ այլն: Կարծում եմ` ամեն մի իշխանություն, նաեւ գործադիր իշխանություն, հակված չէ երկիրը արդյունավետ չպահելու եւ միտումներ դնի մոտեցումներում: Այդ առումով կարող եմ ենթադրել, որ ելնելով ամենազանազան` դեռեւս մեր կողմից չգնահատված տարբեր պատճառներից, հնարավոր են նաեւ մեր աշխատանքների մեջ ոչ արդյունավետություն, իհարկե որոշ դեպքերում դրանք պայմանավորված են ոչ մեր գործոնով, այլ` արտաքին»,-ասում է Վարդան Բոստանջյանը:

Պատգամավորը չբացառեց, որ իշխանությունների գործոնը եւս կա. «Ասում են` ամեն մի գործ լավ անող կա»:

Հարցին, թե ինչո՞ւ թերացումների համար կառավարությունը հրաժարական չի տալիս, ինչն էլ պահանջում են ՀՅԴ խմբակցության պատգամավորները, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Մեզ մոտ կառավարության հրաժարականի  տրադիցիան չկա: Մեզանում ավելի շատ դրված է պատասխանատվության հարցը, եւ այդպիսի հեշտությամբ պաշտոնյան կամ մարմինը չի կարող հրաժարական տալ, որովհետեւ նա կրում է պատասխանատվություն: Նման  դեպքերում, եթե կան օբյեկտիվ հիմքեր, որ նրա պատասխանատվությունը խոցված լինի, պետք է ժամանակ տրվի, որ այդ խոցելիությունը շտկվի եւ վերստին հասարակության մոտ ներկայանա որպես արդյունավետ: Հայաստանում նման մոտեցում կա, եւ, ի տարբերություն քաղաքակրթված, զարգացած երկրների, որտեղ 1000 հատ կառավարություն այնտեղ լցված է, կարող են հրաժարականներ ներկայացնել արագ-արագ: Մեր մոտ չէի ուզենա, որ այդ մոտեցումները լինեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter