HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փակում էի տան լուսամուտները ու վանդակի դուռը բաց թողնում

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Գարունը բանտախցում

Քանի որ բանտը կլոր է, յուրաքանչյուր խցում միայն 1-2 ժամ է թափանցում արևի լույսը. մեր խցում արևի լույսն ընկնում է հենց արևածագի ժամանակ: Շուտ եմ արթնանում, քառաշերտ ճաղերի հետևից դիմավորում նոր ծնվող արևը:

Գարնան հետ ճնճղուկներն էլ են ակտիվացել`ծլվլոցով են լցնում առավոտյան օդը: Թերթերից երկար ձող եմ սարքում ու անցկացնելով ճաղերի արանքով`այդ «խողովակի» միջով հացի փշրանքներ եմ շաղ տալիս պատուհանագոգին: Տեղն ու տեղը տասնյակ թռչուններ են հավաքվում`ամեն մեկն ագահաբար թռցնում է իր կտորն ու թռնում: Հետո տեսնում են, որ «խողովակից» նորից ու նորից հացի փշուրներ են գալիս`արդեն առանց շտապելու, իրար կողք կողքի հանգիստ «նախաճաշում» են:

Հիշել եմ կենսաբանության դասերը դպրոցում. վերցրել եմ պլաստմասե աման, մեջը դրել եմ բամբակ, որը մի փոքր թրջել եմ, վրան «ցանել» ոսպի, ձավարի ու ցորենի սերմեր: Մոտ 5-6 օր անհամբեր սպասում էի ու ամեն օր առավոտյան թեթև ջուր ցողում սերմերի վրա: Քիչ էր մնում հուսահատվեի`միգուցե ինչ-որ բան այնպես չեմ արել… բայց օրեր առաջ ճնճղուկների ծլվլոցից աչքերս բացեցի, արդեն լուսանում էր: Վեր թռա տեղիցս, մոտեցա սեղանին դրված «բուսաբանական այգու» իմ մակետին: Ժամերի ընթացքում բաց կանաչ ծիլեր էին աճել «հողի» միջից: Սարքածս ցնցուղով նորից ջրեցի (շշի կափարիչի վրա մանր ծակեր եմ արել`դա էլ իմ ցնցուղն է):

Հիմա բանտախցում արդեն գարնան շունչ կա: Անկախ այն բանից, որ օրենքը, չգիտես ինչու, արգելում է խցում կենդանի պահել ու բույս աճեցնել, կարծում եմ, որ այսկերպ`առանց օրենք խախտելու թռչուններ եմ պահում լուսամուտի վանդակում: Նրանք գալիս են այստեղ հաց ուտելու, հետո թռչնում ազատություն…

Փոքր ժամանակ ծննդյանս տարեդարձին հայրս միշտ հարցնում էր՝ ինչ նվեր եմ ուզում: Շուն, թութակներ էի ուզում պահել: 12 տարեկան էի, դեկտեմբերի 26-ին մեր բնակարանում հայտնվեց փայտից, կլոր տանիքով վանդակ, որի մեջ երկու`կապույտ ու կանաչ թութակներ էին: Ձայները գլուխները գցած՝ թռվռում էին իրենց ճոճանակների վրա:

Ինչպես կարգն է՝ կերակրում էի. շաբաթը մեկ ձու, դե՛, իսկ իրենց հիմնական կերն ամեն օր լցնում էի ամանակի մեջ, նաև թարմ ջուր: Շատ էի սիրում նրանց փետուրների գույները, մանավանդ երբ քնելուց փքվում էին ու կտուցները մտցնում «մորթու» մեջ:

Ժամանակ առ ժամանակ փակում էի տան լուսամուտները և վանդակի դուռը բաց թողնում: Նրանք դուրս էին գալիս ու սենյակից սենյակ թռչում, հետո կպչում էին հյուրասենյակի վարագույրին ու ինձ նայում: Լինում էր, որ ինքնուրույն վերադառնում էին վանդակ, մեկ- մեկ էլ, երբ ծնողներս աշխատանքից վերադառնում էին, ու պետք է դուռ, լուսամուտ բացեի, ստիպված թիթեռ բռնելու ձողով էի բռնում, վերցնում ձեռքս ու վերադարձնում իրենց «բնակարան»:

Մի օր որոշեցի լուսամուտները չփակել և ազատ արձակել նրանց`թող թռչեն ուր ուզում են: Այս մտքիս մասին իմացավ մեր շենքից մի հարևան տղա, որ ծիտ պահելու մեծ փորձ ուներ: Ասաց, որ իմ թութակները հատուկ «աճեցված» են մարդկանց համար ու վանդակից դուրս չեն կարող ապրել: Կամ կատուների կեր կդառնան անմիջապես, կամ էլ սոված կսատկեն: Տխրեցի, որ չեն կարող ապրել ազատության մեջ:

Հիմա մեկ-մեկ երազիս մեջ տեսնում եմ իմ մանկության կանաչ ու կապույտ թութակներին, տեսնում եմ, որ իբր վանդակը պետք է մաքրել… Վեր եմ թռչում ու հասկանում, որ հիմա ես եմ վանդակի մեջ…

Երազս հոգեբանների համար վերլուծության առատ թեմա կարող է լինել, իսկ ես միայն գիտեմ, որ կարոտում եմ մանկությունս… 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter