
Առաջին զոհը (Սահմռկեցուցիչ պատմություն-2)
«Փող թափելով»` ազատության մեջ
Մոնիկան Սանկտ-Պետերբուրգում ապրող Դավիթ Զիրոյանի հետ ամուսնացել է 18 տարեկանում: Երեքամյա «ամուսնական» կյանքից հետո աղջիկը հայրական տուն է վերադարձել հաշմանդամ դարձած. նրա մարմնի տարբեր հատվածներում առկա են վնասվածքների հետքերը, իսկ ձախ աչքն այլեւս չի տեսնում:
Մոնիկան Դավիթի առաջին կինն է: Վերջինի երկրորդ կնոջ «ամուսնական» կյանքի մանրամասներին «Հետքն» անցյալ շաբաթ անդրադարձել է: Այն ժամանակ Մոնիկան հրաժարվեց խոսել իր հետ կատարվածի մասին` պատճառաբանելով, թե միեւնույն է` ոչ մեկին էլ չեն պատժելու: Ի վերջո, աղջկա ծնողները տեղի տվեցին, բայց մեկ պայմանով` իրենց, առավել եւս Մոնիկայի իրական անունն ու լուսանկարները պետք է չհրապարակենք: Նրանք համաձայն են միայն, որ տպագրվի աղջկա լուսանկարի աչքերի հատվածը, որպեսզի ոչ ոք չկասկածի` Մոնիկան մինչեւ ամուսնանալն աչքերի հետ կապված որեւէ խնդիր չի ունեցել:
Ծնողները պատմում են, որ Դավիթի մայրը հաճախ է կրկնել, թե «տեսեք ինչ կուկլա տղա է, փայլում է»: Ինքը` Մոնիկան, բավականին համակրելի է, եւ նայելով երիտասարդների նշանադրության լուսանկարները` իրականում դժվար է ասել, թե ով է ում կողքին փայլում: Մոնիկան, ավարտելով միջնակարգ դպրոցը, մեկ տարի դիմահարդարում է սովորել: Հետո, ոչ իր մասնագիտությամբ, անցել է աշխատանքի: Մոտ մեկ ամիս անց գործընկերուհիներից մեկն ասել է, թե պատրաստվում է իրենց հյուր գալ:
«Հաջորդ օրն այդ աղջիկը եկավ մեր տուն Դավիթի ու նրա մոր` Հայկանուշի հետ: Մտան ներս, մի քիչ խոսեցին ու պապայիս ասացին` եկել ենք ձեր աղջկան ուզելու»,- հիշում է Մոնիկան: Իսկ նրա մայրն ավելացնում է, որ Զիրոյանների ընտանիքը մինչեւ 2002 կամ 2003 թվականն ապրել է Արտաշատ քաղաքում. «Մեր շենքից 2 շենք վերեւ էր իրենց տունը: Գնացինք, հարեւաններին հարցուփորձ արեցինք, բոլորն այդ ընտանիքի մասին միայն լավն էին ասում»:
Մի քանի օր անց` 2005 թ. հոկտեմբերի 23-ին, երիտասարդները նշանվել են, իսկ հոկտեմբերի 29-ին մեկնել Սանկտ-Պետերբուրգ:
![]() |
Դավիթ Զիրոյանը |
«Սկզբում` մոտ երկու ամիս, ամեն ինչ նորմալ էր, հետո սկեսուրիս գժությունները սկսվեցին: Դավիթն ինձ շատ էր սիրում, իսկ մայրը դրանից վատ էր զգում, խանդում էր: Որդուն տրամադրում էր, որ ինձ ծեծի: Հետո արդեն ինքն էր (Հայկանուշը) ամբողջ օրը ծեծում»,- պատմում է Մոնիկան ու մանրամասնում, որ մոր ու տղայի դաժանությունները մեկը մյուսին գերազանցել են:
Դավիթը տարբեր տարողությամբ «զակատ արած բանկաներ» է կոտրել գլխին, իսկ սկեսուրը մազերն այնպես է քաշել, որ փունջ-փունջ պոկվել է:
Աղջկա խոսքերով` պատճառները տարբեր են եղել` «քայլվածքդ լավը չէ, շարժուձեւդ այն չէ, էսի սենց չեն անում, էն էլ ըտեղ պիտի չդնեիր»:
«Ձեռքերով, ոտքերով ծեծում էին: Որ հոգնում էին, անցնում էին շերեփին, աթոռին... Ինչով ստացվեր ու ոնց պատահեր խփում էին գլխիս, աչքիս... Ձեն-ձուն հանելու, ընկնելու իրավունք չունեի. պիտի կանգնեի, որ սկեսուրս հանգիստ խփեր այնքան, մինչեւ արյուն տենար ու հանգստանար,- պատմում է Մոնիկան,- ինքը (Հայկանուշը) դանակը չքում էր գլխիս. ամբողջ գլուխս հիմա շռամ է: Ծնկիս հակառակ կողմը` էդ նուրբ մասին, շերեփով այնքար էր խփել, որ ուռել, չգիտեմ ինչ էր դարձել: Որ ընկնում էի, շերեփով խփում էր ոտքերիս տակ, որ նորից կանգնեմ»:
Համեմատելով իր 3 տարվա «ամուսնական» կյանքը Մարիամի` Դավիթի երկրորդ կնոջ 10-ամսյա սանկտպետերբուրգյան տանջանքների հետ` Մոնիկան քմծիծաղով ասում է, թե անհամեմատ ավելի լավ վիճակում էր. իրեն չեն վառել, ամիսը մեկ սկեսուրը թույլատրել է 2 րոպեով տաք ջրով լոգանք ընդունել, մեկ էլ հիմնականում պառկած է քնել` խոհանոցի կամ միջանցքի հատակին պառկած: Աղջկա ներկայացմամբ` ինքն առանձին է հաց կերել եւ, առհասարակ, ընտանիքի հետ նույն սենյակում լինելու իրավունք չուներ. «Ես միշտ խոհանոցում էի` լույսն անջատած, դուռը` փակ: Սկեսուրս էլ գիժ էր պարապում. գնում-գալիս խփում էր գլխիս, թե ականջ մի դիր, աղջի»: Իսկ ընտանիքի մյուս անդամները, ըստ Մոնիկայի, «խոտ էին ուտում», հետեւաբար` որեւէ բան նույնիսկ ցանկության դեպքում չէին կարող փոխել:
«Երբ խելքներին փչեր, սովորաբար շաբաթական 2-3 անգամ, գիշերները տկլոր անկյուն էին կանգնացնում` մեկ ոտքի վրա, ու պատուհանը բաց էին թողնում: Լենինգրադն էլ խոնավ, ցուրտ երկիր է: Կապ չուներ, թե տաքությունս ինչքան բարձր կլիներ. պիտի ոտքի վրա լինեի,- հիշում է Մոնիկան,- մի անգամ Դավիթը աթոռով խփում էր գլխիս, ձեռքով ուզում էի պահել, մատս կոտրվեց: Ըտենց կռկված մատով գործ էի անում, լվացք, մինչեւ ցավը բթացավ: Երբ եկանք Հայաստան, էդ մատս (ձախ ձեռքի միջնամատը) նորից կոտրեցին ու վիրահատեցին: Հիմա չի ծալվում, բայց գոնե ուղիղ է»:
![]() |
Հայկանուշ Միքայելյանը |
Մոնիկայի խոսքերով` Ռուսաստանում իրեն ընդամենը երկու անգամ են տարել բժշկի. առաջին դեպքում` աչքի համար, երկրորդում` աբորտի. «Երբ հղի էի, սկեսուրս իմացավ, կատաղեց: Սկսեց խփել մեջքիս ու փորիս: Ասում էր. «Դու ինադու ես մնացել, որ մեր փողերին տիրանաս, ուզում ես ոտքդ պնդացնես»: Երեխան երեք ամսական էր, տարան հանելու»: Իսկ աչքի պարագայում բժշկի տարել են այն բանից հետո, երբ նրա ձախ աչքից անընդհատ սկսել է արցունք հոսել:
«Դա մեր ամուսնանալուց 3 ամիս հետո էր. էդքան էլ անտանելի չէր վիճակս: Քիմիական լվացումներ նշանակեցին, բայց հետո Դավիթն էլ, մայրն էլ սկսեցին ամեն առարկայով աչքիս խփել: Սկեսուրս կեղտոտ, ալյուրոտ ձեռքերով տալիս էր աչքիս: Էլ աչք կմնա՞ր,- ասում է Մոնիկան,- հետո, որ կուրացա, ասում էին, թե իբր բժիշկն ասել է, որ աչքիս մեջ օտար մարմին` մսագունդ կա, եսիմ ինչ կա: Բայց սուտ ա, Հայաստանում 4 հատ հիվանդանոց եմ գնացել, ոչ ոք ըտենց բան չի ասում: Բժիշկներից մեկը նույնիսկ թուղթ տվեց, որ դա գլխիս, աչքիս բութ առարկայով հարվածելու հետեւանք ա: Հիմա էդ թուղթը քննիչ Արթուր Ավետյանի մոտ է»:
Մոնիկայի հայրն էլ պատմում է, որ ոստիկանություն դիմելուց հետո Հայկանուշի` Հայաստանում ապրող քույրերը պնդել են, թե աղջիկը մինչեւ ամուսնանալն է աչքի պրոբլեմ ունեցել. «Քննիչ Ավետյանն էլ նշանդրեքի լուսանկարները դրեց սեղանին ու ասաց` նայեք, ի՞նչ թերություն եք տեսնում. հավասար, սիմետրիկ աչքեր են: Նույնիսկ նրանց պահանջով ու հենց իրենց (Հայկանուշի ազգականների) մեքենայով քննիչի հետ աղջկաս երկրորդ անգամ տարանք «Մալայանի» հիվանդանոց»:
Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տված տեղեկանքը` հաստատված 3 բժշկի ստորագրությամբ, առկա է նաեւ «Հետքի» խմբագրությունում: Մասնագետները նշել են, թե հիվանդության վաղեմությունը որոշել չեն կարող, սակայն չեն բացառել, որ «աչքի նման ախտաբանական փոփոխությունները կարող էին առաջանալ վնասվածքի հետեւանքով»:
Մոնիկան պատմում է, որ Դավիթի հետ առերես հարցաքննության ժամանակ վերջինս ամեն ինչ ժխտել է` նշելով, թե բաժանությունից հետո անցել են տարիներ, եւ, ըստ էության, վնասվածքներն առաջացել են հենց այդ ընթացքում: Իսկ քննիչը, ըստ Մոնիկայի, մեղադրյալին ընդհանրապես «ավելորդ» հարցեր չի տվել:
«Մենակ տենայիք, թե Դավիթը քննիչի հետ ոնց էր խոսում` ախպերս, Արթուր ջան, իրար հետ ծխում էին... Ոնց որ ես իմ ամենամոտ ընկերուհու հետ կխոսեի»,- հիշում է Մոնիկան: Նա պատմում է, որ մինչ այդ` 2008 թ. ամռանը, Հայաստան է վերադարձել սկեսուրի հետ: Ընդ որում` վերջինս Սանկտ-Պետերբուրգում ասել է, թե արդեն «հերիք ա ծառայես, էս 3 տարում քո կերածի ու տոմսի փողը աշխատեցիր, հիմա քեզ տանում եմ տուն ու եթե ինչ-որ բան պատմեցիր, քրոջդ ամուսնուց բաժանել, ձերոնց էլ գյուլել կտամ»:
«Ես Լենինգրադում տնից կարայի դուրս գայի, բայց անտեր շան պես էի, ո՞ւր գնայի: Դավիթը սաղ միլիցեքի հետ լավ էր, օրը մեկին ռեստորանում, պրիրոդում պատիվ էր տալիս: Երեւի պիտի դեսպանատուն գնայի, բայց ո՞նց գտնեի էդ մեծ քաղաքում: Սուս արած դիմանում էի»,- ասում է Մոնիկան եւ վստահեցնում, որ մինչեւ Մարիամի գալը ծնողներին ոչինչ չի պատմել: Ծնողներն էլ հավատացնում են, որ թեեւ հեռախոսազրույցների ընթացքում ինչ-որ բան զգացել են, այնուամենայնիվ, կոնկրետ ոչ մի բան, մինչեւ դստեր պատմելը, չեն իմացել:
«Երբ Մարիամին տեսա, ոնց որ միանգամից ջարդվեցի»,- ասում է Մոնիկան եւ այդ «ջարդվելով» պայմանավորում ծնողներին, իսկ այնուհետեւ ոստիկանությունում կատարվածի մասին պատմելը:
Դավիթ Զիրոյանի նախկին կանայք ոստիկանությունում հաղորդում են տվել 2010 թ. հոկտեմբերի 25-ին: Մի քանի օր անց հարուցվել է քրեական գործ: Դեկտեմբերի 28-ին Հայկանուշ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել առանձնակի դաժանությամբ «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության եւ ծանր վնաս պատճառելու» հոդվածներով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել է հետախուզում:
Դավիթին էլ «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» (բայց առանց «առանձնակի դաժանության») եւ «Ծեծ» հոդվածներով մեղադրանք է առաջադրվել դրանից 4 ամիս անց` 2011 թ. ապրիլի 1-ին: Իսկ հաջորդ օրը քննիչ Արթուր Ավետյանը որոշել է քրեական գործի վարույթը կասեցնել` մեղադրյալների «գտնվելու վայրը պարզված չլինելու պատճառով»: Այնինչ տուժողները Զիրոյանների սանկտպետերբուրգյան հասցեն ի սկզբանե հայտնել են, իսկ Հայաստանը ՌԴ-ի հետ նման իրավիճակներում համագործակցելու անհրաժեշտ պայմանագրերը վաղուց ստորագրել է:
Այս տարվա օգոստոսի 20-ին, ըստ նախաքննական մարմնի, հետախուզման մեջ գտնվող Դավիթ Զիրոյանը Սանկտ-Պետերբուրգ-Երեւան չվերթով ժամանել է Հայաստան եւ մեղայականով ներկայացել ոստիկանության Արտաշատի բաժին: Շուտով նրա նկատմամբ ընտրված` «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը վերացվել է, քանի որ համաներման «շնորհիվ» քննիչի որոշմամբ Դավիթի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Նա անարգել վերադարձել է Ռուսաստան:
Հայկանուշ Միքայելյանի մասով նախորդ շաբաթ գլխավոր դատախազությունից «Հետքին» փոխանցեցին, որ վերջինս ՌԴ-ում հայտնաբերվել է, եւ հիմա գործը էտապավորման փուլում է:
«Գիտեք` քանի ամիս է մեզ նույն բանն են ասում: Դեռ Դավիթին չէին բռնել (կամ բերել տվել), որ քննիչն ասում էր` մորը Ռուսաստանում կալանավորել են, հեսա ուղարկում են: Բայց ես վստահ եմ` ոչ բռնել են, ոչ էլ կբռնեն»,- ասում է Մոնիկայի հայրը:
Իսկ Մոնիկան պատմում է, որ առերես հարցաքննությունից հետո Արտաշատում պատահաբար հանդիպել է Դավիթին. «Ասաց` կտենաս, որ մի քանի օրից կգնամ. ես էլ եմ պրծել, մաման էլ ա պրծել: Ասաց` գիտես ինչքան փող եմ թափել»:
Մոնիկայի խոսքերով` դրանից հետո, երբ քննիչն իրեն հերթական անգամ կանչել է Վեդի, խնդրել է, որ իրեն այլեւս չանհանգստացնեն. «100 անգամ տարան-բերեցին մի բառի կամ նախադասության համար: Նույն բանը 15 անգամ գրել եմ: Էլ ի՞նչ իմաստ ուներ շարունակել»:
Մեկնաբանություններ (59)
Մեկնաբանել