HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Երևանի ընտրատեղամասերից ոչ մեկում այս պահին ուղիղ հեռարձակում չի ապահովվում. ԿԸՀ-ն պարզաբանում է

Երևանի 165 ընտրատեղամասերից և ոչ մեկում այս պահին ուղիղ հեռարձակում  չի ապահովվում։ Այնինչ հանրապետության 2009 ընտրատեղամասերից 1500-ը կահավորվել են ուղիղ եթեր ապահովելու սարքերով։ 

Երևանի չորս ընտրատարածքներից յուրաքանչյուր ընտրատեղամաս առցանց հեռարձակումն ապահովող http://electionsonline.am/  կայքի միջոցով հնարավոր չէ հետևել ընտրական գործընթացին։ Մինչդեռ ինտերնետ կապի համար 450 հազար եվրո է տրամադրվել «Յուքոմ» ընկերությանը, իսկ միայն տեսախցիկների համար «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերությունը պահանջել էր մոտ 907.500 եվրո։

«Յուքոմ» ընկերությունը ներկայացրել էր 1500 հասցե ներառող ցանկ ու հաստատել, որ նշված հասցեներում պատրաստակամ է ապահովել ուղիղ եթեր,  սակայն Երևանի մեր ստուգած ընտրատարածքներում դրանք դեռևս չեն գործում։ 

Կենտրոնական ընտրական  հանձնաժողովի արագ արձագանքման խմբից «Հետք»-ին պարզաբանեցին, որ տեսախցիկները տեսաձայնագրում են, սակայն այցելությունների մեծ քանակի պատճառով համակարգն աշխատում է ծանրաբեռնված, այդ պատճառով ուղիղ եթեր ապահովելու հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել։

Հիշեցնենք, որ հանրապետության 2009 ընտրատեղամասում այս պահին ԱԺ ընտրություններ են։ Ընտրությունների թափանցիկությունը ապահովելու համար 1500 ընտրատեղամաս կահավորվել է ուղիղ հեռարձակման սարքերով, որով ընտրողները և քաղաքացիները հնարավորություն ունեն առցանց հետևելու ընտրությունների ընթացքին։ 

Սա այս ընտրությունների նորամուծություններից մեկն է։ Սրա ներդրման համար քաղաքական որոշ ուժեր և քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ ամիսներ շարունակ պայքարել էին, և այն ի վերջո Ընտրական նոր օրենսգրքով ամրագրվել էր։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter