Կովկասի բնության հիմնադրամը 243 հազար եվրո կտրամադրի Հայաստանին
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Դևիդ Մորիսոնին, որի Հայաստան այցի նպատակն էր ՀՀ բնապահպանության նախարարության հետ համաձայնեցնել 2012թ. Հայաստանի Հանրապետության պահպանվող տարածքներին հիմնադրամի կողմից ցուցաբերվելիք աջակցության հարցերը:
2012 թվականին հիմնադրամը իր աջակցությունն ուղղելու է «Խոսրովի անտառ», «Շիկահող» պետական արգելոցներին և «Դիլիջան», «Արևիկ», «Արփի լիճ» ազգային պարկերին` շուրջ 243 հազ եվրո:
Միջոցները հիմնականում նպատակաուղղվելու են որպես համաֆինանսավորում պետական բյուջեից հատկացվող գումարներին:
Հանդիպման ժամանակ քննարկվեց նաև Կովկասի բնության հիմնադրամի համալրման հարցը, ինչի համար պարոն Մորիսոնն առաջարկեց, որպեսզի հայկական սփյուռքը իր ներդրումն ունենա հիմնադրամում` հետագայում այդ միջոցները ՀՀ պահպանվող տարածքներին ուղղելու համար:
Նախարար Արամ Հարությունյանն առաջարկեց. կորպորատիվ համագործակցության միջավայր ստեղծելու նպատակով 2012թ. փետրվար-մարտ ամիսներին Երևանում կազմակերպել պոտենցիալ դոնորների հավաք, որն իր մեջ կներառի բիզնեսը, մասնավորապես` հանքարդյունաբերությունը, բանկային համակարգը, տեղական և միջազգային բնապահպանական կազմակերպությունները:
Նախատեսվում է մինչև 2020թ. Կովկասի բնության հիմնադրամի միջոցներով ՀՀ պահպանվող տարածքներին հատկացնել շուրջ 5 մլն եվրոյի օժանդակություն:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Դեվիդ Մորիսոնը հույս հայտնեցին, որ քննարկված հարցերը կյանքի կկոչվեն, իսկ յուրաքանչյուր կատարված ներդրում կծառայի իր նպատակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել