HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարդարապատն» իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում բնապահպանական խմբերին

Վերջին շրջանում բնապահպանության խնդիրները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության հասարակության հիմնական մտահոգություններից մեկը, ավելին` բնապահպանական պայքարը այսօր ձեւավորում է մեր ակտիվ և հանձնառու հասարակությունը, հատկապես նրա երիտասարդ զանգվածը: Եւ դա բնական է, քանզի բնապահպանությունն առընչվում է ոչ միայն երկրի ներկա իրավիճակի, այլ նախեւառաջ ապագային, երբ պետք է ապրեն երիտասարդ ու դեռ չծնված սերունդները:

Քսան տարի առաջ ազգային ու հանրային հարստության մասնավորեցումը սկսած քաղաքական համակարգը բազմաթիվ անօրինականությունների եւ կեղծիքների միջոցով հասցրել է զարգացած արդյունաբերություն ունեցող Հայաստանը համաշխարհային տնտեսության ու քաղաքակրթության մեջ աննշան սպասարկողի եւ հումքային կցորդի դերով բավարարվող երկրի մակարդակին:

Սպառելով ժառանգած արտադրական միջոցների  վաճառքից գոյացած գերշահումների աղբյուրները` Հայաստանում իշխող վարչակազմը այժմ անցել է հանրային հիմնական սեփականություն ու արժեք հանդիսացող` ընդերքի լայնածավալ շահագործմանը: Քրեաօլիգարխիկ համակարգը, արդեն որպես իսկական գիշատիչ, արագացող տեմպերով խժռում և պղծում է հայրենի բնությունը, թունավորում այն, երկիրը վերածում թափոնների բաց դաշտի:

Հայաստանի հանքավայրերն այսօր անխնա կերպով ու ագահորեն դրվում են աճուրդի, շահագործվում են, ցինիկաբար հայտարարվում են «գերակա հանրային շահ», մինչդեռ այդ ազգային հարստության իսկական տիրոջ` հանրության կարծիքն անգամ չի շոշափվում, հանրությունը ոչ ընդհանուր առմամբ, ոչ ի դեմս այդ վայրերի բնակիչների չի ստանում ոչ իրական տեղեկատվություն ընդերքի պարունակության ու շահագործման պայմանների մասին, ոչ օգուտ դրա շահագործումից, ոչ էլ իրական փոխհատուցում կենցաղային, բարոյական, առողջապահական վնասների դիմաց:

Ժողովրդին կեղեքող բռնապետությունը ձգտում է իր մոտալուտ հոգեվարքը երկարացնել բնության անխնա շահագործման, այսինքն` ազգի ապագայի հաշվին: Երկրի ու ժողովրդի թալանից դիզած հարստությունը արտասահմանյան բանկերում պահելով, կեղեքիչները պատրաստ են փախչել նույն ուղղությամբ` իրենցից հետո թողնելով անապատ:

Բնապահպանության համար պայքարը այսօր Հայաստանում նաեւ պայքար է բռնապետության դեմ: Այն ներկա համակարգի դեմ հայ ժողովրդի և Հայաստանի քաղաքացու ծավալած դիմադրական շարժման առաջնային օղակներից է:

«Սարդարապատ» շարժումն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում բնապահպանական խմբերին եւ դիմադրական պայքարի մեջ ներգրավված  ակտիվ հասարակությանը:  Այսօր առավել քան երբեւէ պարզ է, որ այս, ինչպես եւ բազմաթիվ այլ խնդիրների լուծումը հնարավոր է միայն քաղաքական պայքարի միջոցով: Պայքար, որի արդյունքում մենք փրկելու ենք մեր բնությունը, պետականությունը, մշակույթը եւ ողջ  ազգային քաղաքակրթությունը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter