HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճամբարակ. դիտորդներն ուղղորդում են ընտրողներին

Ազգային ժողովի ընտրությունները իրենց «բնականոն» ընթացքի մեջ են Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի թիվ 20/24 ընտրատեղամասում: Նշյալ ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1781 է: Ժամը 12:30-ի տվյալներով ընտրությանը մասնակցել է 442 ընտրող: Ընտրատեղամասում ներկա են մի քանի կազմակերպության տեղական դիտորդներ` ‹Իրավական մշակույթի զարգացման կենտրոն›, ‹Միացյալ առաջնորդների պալատ›, ‹Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա›: Հիշյալ կազմակերպությունների դիտորդները իրենց պարտքն են համարում ուղղորդել ընտրողներին, մեկը ներս է հրավիրում նրանց, մյուսը` հետևում ընտրական գործընթացին քվեախցիկի հարևանությամբ: Բոլոր դիտորդներն էլ ընտրական գործընթացին դրական գնահատական են տալիս: Ընտրատեղամասում ժամանակ առ ժամանակ լինում են կուտակումներ` ընտրողների մեծ հոսքի տեսքով: Այն հարցին, թե արդյոք ընտրատեղամասում ընտրողների թիվը չի գերազանցում սահմանված թիվը, ընտրատեղամասի նախագահ Օհանյան Ռոբերտը պատասխանեց, որ գոյացածը բնավ էլ հերթ չէ: Ընտրատեղամասի ակտիվիստներից է նաև ԲՀԿ վստաահված անձ Գայանե Թիզյանը: Վերջինս չէր հեռանում քվեախցիկի կողքից և կատարում անհրաժեշտ կարգավորումներ:

Ընտրատեղամասում առկա է նաև «հատուկ հանձնաժողով»` անհայտ անձանցից բաղկացած, ովքեր ոչ վստահված անձ են, ոչ դիտորդ, ոչ ԶԼՄ ներկայացուցիչ: Իրենք հատուկ օգնող և ագիտացիա իրականացնող մարդիկ են, որոնց ներկայությունը ընդհանրապես չի անհանգստացնում նախագահին, վերջինս ոչ մի կերպ չի մեկնաբանում նրանց` այստեղ գտնվելու փաստը: Երբ նրանց հարցրի, թե ովքեր են իրենք, նրանք պատասխանեցին, որ ընտրող են: Այնպիսի ընտրողներ են, որոնց հերթը այդպես էլ չի հասնում իրենց ընտրությունը կատարելու համար: Հարցերից հետո նրանք որոշ ժամանակ դուրս են գալիս ընտրատեղամասից, այնուհետև` նորից մտնում:

Ընտրատեղամասում մի միջադեպ տեղի ունեցավ. քաղաքացին կորցրել էր իր կտրոնը, հանձնաժողովի նախագահը նրան հորդորեց փնտրել եւ գտնել այն, վերջինս էլ այն գտնելու նպատակով քվեարկած քվեաթերթիկով` ծրարի մեջ դրված, դուրս եկավ ընտրատեղամասից: Նախագահը չնկատեց էլ նրա դուրս գալը, երբ նախագահի ուշադրությունը հրավիրեցինք այդ միջադեպի վրա, վերջինս հետ կանչեց քաղաքացուն, նա շարունակեց փնտրել իր կտրոնը և գտավ անձնագրի էջերի միջից: Այստեղ տեղի են ունենում նաեւ խմբակային քվեարկություններ, կան գրանցված օգնողներ, կան մարդիկ, ովքեր միայն օգնելուց հետո են տեղեկանում գրանցվելու մասին:

Ընտրատեղամասում բախում տեղի ունեցավ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի, ՕՐՕ դաշինքի Գեղարքունիքի մարզի նախագահի և անհայտ անձանց միջև: ՕՐՕ-ի ներկայացուցիչը պնդում է, որ դրսում տեսել է քաղաքացու, ով քվեարկած քվեաթերթիկով ու ծրարով դուրս է եկել ընտրատեղամասից: Նրան ետ պահելու փորձերի արդյունքում քաղաքացին վիրավորել է  ՕՐՕ-ի ներկայացուցչին:

Մերի Սարգսյան  

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter