Տեղական դիտորդները մատնանշում են միայն հերթերի գոյացումը
Թիվ 2 ընտրատարածքի (Երեւան, Նորքի զանգված) 2/57 (Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոց) ընտրատեղամասում 08:00-ից մեկնարկեց խորհրդարանական ընտրությունը։
Այս ընտրատեղամասում իր ընտրական իրավունքը պետք է իրացնի 1925 քաղաքացի, որոնցից 424-ը 12:45-ի դրությամբ արդեն կատարել է իրենց ընտրությունը։ Նրանցից 14-ին քվեարկության ընթացքում ցուցաբերվել է օգնություն։ Հանձնաժողովի քարտուղար Լիլիթ Զաքարյանի խոսքերով՝ այլ անձանց օգնությամբ քվեարկողները մեծահասակներն են, որոնք տեսողության խնդիր ունեն․«Մեծահասակները չեն տեսնում, այդ պատճառով էլ նրանց օգնում են քվեարկել, իսկ ընտրողներից մեկն էլ ռուսախոս էր, և տառաճանաչության խնդիր կար»:
«Իրավական մշակույթի զարգացման իստիտուտ» կազմակերպության դիտորդ Նարեկ Մելքոնյանի խոսքերով՝ Նոր Նորքի 2/57 ընտրատեղամասում ընտրական գործընթացն իրականացվում է բնականոն հունով, և արտառոց դեպքեր չեն գրանցվել։ Իսկ ՕՐՕ դաշինքի վստահված անձ Մերի Օթարյանի ասելով՝ միակ խնդիրը հերթի գոյացությունն է, որը ոստիկաններն անմիջապես կարգավորում են․«Մեծահասակներն էլ շատ են, որոնց օգնություն է անհրաժեշտ ընտրական իրավունքն իրացնելիս։ Չնայած՝ տեսողության խնդիր ունեն, երբեմն էլ բարդ է լինում տեղաշարժվելը․ հասկանալի է» ։
Հիշեցնենք, որ թիվ 2 ընտրատարածքի 2/57 ընտրատեղամասում իրենց թեկնածությունն առաջադրած տարածքային թեկնածուներից են Զարուհի Բաթոյանը և Կարեն Չիլինգարյանը՝ «Ելք» դաշինքից, Ստյոպա Սաֆարյանը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից, Միհարն Պողոսյանը և Ռոբերտ Սարգսյանը՝ ՀՀԿ-ից։
Շողիկ Ղազարյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել