HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գառնիի թիվ 29/35 ու Գողթի 29/39 ընտրատեղամասերում ընտրում են ընտանյոք հանդերձ

Գառնիի թիվ 29/35 ընտրատեղամսում առավոտյան ժամը 9:40-ի դրությամբ 1026 ընտրողից իր ընտրական իրավունքն իրականացրել էր 82-ը։ Ակտիվություն ընտրողների կողմից առանձնապես չկար։  Ընտրողները հստակ չեն պատկերացնում ընտրության ընթացակարգը։ Քվեարկողները քվեախցիկից հաճախ իրենց հետ դուրս են բերում նաև չընտրած քվեաթերթիկները։ Նման մի դեպքի առընչությամբ հանձնաժողովի անդամները ընտրողին պարզաբանեցին, որ դրանք նա պետք է նետի քվեախցիկում նախատեսված տուփի մեջ։ Քաղաքացին քվեաթերթիկները հետ տանել վերադառնալուց հետո ասաց, որ դրել է դարակի վրա։ Նրան այլևս որևէ բացատրություն չտրվեց և ոչ էլ ստուգվեց քվեախցիկը։

Մեկ այլ քաղաքացի քվեախցիկում քվեարկելու պահին հայտնաբերեց, որ իր փաթեթում կա թիվ 2 քվեաթերթիկի երկու օրինակ։ Դուրս գալով՝ նա այն ցույց տվեց հանձնաժողովին, սակայն ոչ հանձնաժողովը, ոչ վստահված անձինք և ոչ էլ դիտորդները չարձագանքեցին քաղաքացու դիմումին, թե ինչպես վարվել։ Չկազմվեց արձանագրություն, և փաստը մնաց անարձագանք։ Ընտրատեղամասում տեղական դիտորդն իրեն մոտեցած տարեց քաղաքացուն ուղղորդում էր, թե ինչպես քվեարկել։ Իսկ ընտանիքի անդամներով քվեարկությունները նորմալ են դիտվում թե՛ հանձնաժողովի և թե՛ վստահված անձանց ու դիտորդների կողմից։

Գողթի թիվ 29/39 ընտրատեղամասում քվեարկությունն ընթանում էր ակտիվ։ Ընտրատեղամասում պարբերարաբար կուտակումներ էին առաջանում։ 11:30-ի դրությամբ այստեղ 1537 ընտրողից իր ընտրական իրավունքն իրականացրել էր 220-ը։ Ընտրողները տեղամաս էին գալիս ընտանիքի անդամներով կամ մտերիմ հարազատներով։ Վերցնելով քվեաթերթիկները՝ միմյանց հետ ակտիվորեն քննարկում էին, թե որ համարին պետք է քվեարկեն, այնուհետև մոտենում քվեախցիկին։ Ընտանիքի անդամները գրանցվում էին որպես օգնող, և հաճախ օգնողը մենակ էր մտնում քվեախցիկ և քվեարկություն կատարում, իսկ իրական քվեարկողն անմասն էր գործընթացին։ Քվեարկության էին բերվում նաև մտավոր խնդիրներ ունեցող անձինք, որոնք ի վիճակի չէին քվեարկելու, նրանց փոխարեն քվեարկում էին հարազատները։ (Տեղի ունեցավ դրոշմանիշը սխալ փակցնելու դեպք հանձնաժողովի անդամ Կարապետ Մկրտչյանի կողմից, ինքնասոսնձվող դրոշմանիշը փակցվել էր ծրարին ու քվեաթերթիկին միաժամանակ):

Քաղաքացին երկար քվեախցիկում չկողմնորոշվելով, թե ում օգտին ինքը պետք է քվեարկեր, մոտեցավ հանձնաժողովի նախագահին՝ օգնելու խնդրանքով։ Նրան առաջարկեցին մեկ այլ քաղաքացու օգնություն, սակայն մինչ օգնողը կմոտենար, նա անհամաբեր բացականչեց. «Դե արի ասա, որին պտի պտիչկա դնեմ, դնեմ էթամ»։ Տարեց քաղաքացիները երբեմն իրենց քվեարկությունը կատարում էին առանց քվեախցիկ մտնելու։

29/32 ըտրատեղամաս դիտորդական առաքելությամբ ժամանեցին Հայաստանում Լիտվայի, Ճապոնիայի և Շվեյացարիայի դեսպանները։ Նրանք ընտրության ընթացքը գնահատեցին նորմալ, օրենսդրությանը համապատասխան։ Մեր հարցին, թե ընտրական գործընթացում կատարված նորամուծությունները որքանով են համապատասխանում ընտրական չափորոշիչներին, հեշտացնում են ընտրական գործընթացը, թե դժվարացնում՝ Շվեյցարիայի դեսպան Մարտինա Քուիկը պատասխանեց, որ ինքը նոր է ընդգրկվել,  չի տիրապետում ամբողջությամբ նյութին և դժվարանում է գնահատական տալ։

Մետաքսե Պետրոսյան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter