Դիտորդներն օգնում են հանձնաժողովի անդամներին
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի թիվ 20/23 ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1724 է: Ընտրատեղամասը քաղաքի չգործող մշակույթի տանն է, որտեղ բավականին ցուրտ է, հանձնաժողովի անդամները նստած են վերարկուներով, գլխարկով, տաք շալերով փաթաթված: Ժամը 15:20-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքն է կատարել 885 ընտրող: Ընտրատեղամասում ներկա են «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա»-ի դիտորդները, ովքեր խառնվում են հանձնաժողովի անդամների աշխատանքներին`օգնում են նրանց: Այս տեղամասում ընտրությունների ընթացքին հետևում է նաև ‹Թրանսփերնսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն›-ի դիտորդ Արմենուհի Մկրտչյանը, ում խոսքերով՝ առավոտից ամեն ինչ հանգիստ է անցնում, չի նկատել որևէ խախտում, ասում է միայն` մեր ժողովուրդն է շատ աղմկոտ, դրա համար էլ ինչ-որ կերպ կարող է թվալ, թե ամեն ինչ կարգին չէ: Ընտրատեղամասի գրանցամատյանում ընտրողներին օգնող քաղաքացիների թիվը 15:20-ի դրությամբ հասնում է վաթսունի: Տեխնիկական մասնագետներից հարցրինք, թե սարքի կողմից տասը մատը չճանաչելու քանի դեպք է արդեն գրանցվել, ասացին` 5-6: Ընտրատեղամասում միջադեպ տեղի ունեցավ հանձնաժողովի նախագահի`Երիցյան Անահիտի և անհայտ անձի միջև, ով խուժել էր տեղամաս և հրաժարվում էր դուրս գալ: Տիկին Երիցյանը միջադեպը մեկնաբանեց` ասելով. «Այդ անձը անընդհատ գնում-գալիս է, երևի մեկին ուզում է օգնել, թույլ չեմ տալիս›:
Այստեղ ևս քիչ չեն ընտանյոք քվեարկելու դեպքերը: Ավելի հաճախ հանդիպում են քաղաքացիներ, ովքեր, ընտրական գործընթացին անտեղյակ լինելով, դուրս են գալիս քվեախցիկից մեկ քվեաթերթիկը ծրարի մեջ դրած, մյուսները` ձեռքում պահած, կամ բոլորն էլ ծրարի մեջ դրած, կամ քվեաթերթիկը ծալած վիճակում դրած ծրարի մեջ:
Մերի Սարգսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել