
ԿԸՀ ներկայացուցիչներն ընտրատեղամաս են եկել ահազանգի հետքերով
Ժամը 16:00-ի դրությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/7 և 7/8 ընտրատեղամասերում բավական հանգիստ մթնոլորտ է: Թեեւ նույնը չենք կարող ասել առավոտվա մասին: Առավոտյան այստեղ այն աստիճան բազմամարդ է եղել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածքային տեսախցիկներով ֆիքսել է կուտակումների ահռելի չափը, ու նաև ստացել ահազանգ: Այս հիմքերով ԿԸՀ ներկայացուցիչները եկել էին ընտրատեղամաս՝ պարզաբանելու վիճակը և լուծում գտնելու:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջարկը եղավ այն, որ նման կուտակումների դեպքում պետք է ոստիկանները կարգավորեն վիճակը, իսկ հանձնաժողովի նախագահն էլ իր հերթին նշեց, որ կուտակումների պատճառը մեծ թվով դիտորդներն են:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները թերթեցին մատյանները և տվեցին մի քանի լրացուցիչ հրահանգ և հեռացան տեղամասից:
Ընտրատեղամասում այս պահին բավական քիչ են: Երկու քաղաքացիների ուղղություն ցույց տվեց «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» կազմակերպության դիտորդ Կարինե Գեւորգյանը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք սատարում են ՀՀԿ-ին: Նրա կարծիքով՝ տեղամասում ընտրությունները բավական հանգիստ են ընթացել:
Որպես միակ դժվարություն նշեց, որ առավոտյան եղել են կուտակումներ, որևէ այլ դիտարկում ՀՀԿ դիտորդը չուներ:
Նշենք, որ ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1938 է: Այս պահի դրությամբ ընտրությանը մասնակցել է 1000-ից ավելի ընտրող:
Քիչ առաջ մի քաղաքացի էլ փորձում էր ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահից ճշտել, թե ինչպես են իր բարեկամների անունները հայտնվել ընտրական ցուցակում այն դեպքում, երբ նրանք 4 տարի է դուրս են եկել գրանցումից և տեղափոխվել են ԱՄՆ:
Հանձնաժողովի նախագահը փորձեց դա բացատրել նրանով, որ գուցե անձնագրային բաժնում դեռևս պահպանվել են նրանց գրանցման հասցեները:
Զառա Մանուչարյան
Մեկնաբանել