
Կուտակումներ Ամասիայում տեղակայված 30/37 ընտրատեղամասի մոտ
Ամասիայի համայնքային կենտրոնում տեղակայված 30/37 ընտրատեղամասի մուտքի մոտ կուտակումներ են: Քվեարկողների հոսքը կարգավորող ոստիկանը ընտրատեղամաս ընտրողներին թույլատրում է մուտք գործել 2-3 հոգով, չնայած դրան` ընտրատեղամասում առկա քվեարկողների թիվը 12-ից չի պակասում: Ամասիայի ընտրատեղամասն աչքի է ընկնում նաեւ դիտորդների առատությամբ՝ 4 դիտորդ ԵԱՀԿ-ից եւ 10 տեղական դիտորդ:
Իրենց ներկայացուցիչներն ունեն «Իրավունքի մշակույթի զարգացման ինստիտուտը», «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «Իրավունքի Եվրոպա միավորումը», «Լիարժեք կյանք» կազմակերպությունը, «Աբովյանի ուսանողական խորհուրդ» կազմակերպությունը, ԺՄԻԿ, «Ինֆորմացիոն կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»: Կուսակցություններից եւ դաշինքներից Ամասիայում ներկայացուցիչ ուներ միայն «Ծառուկյան» դաշինքը:
Ամասիայի ընտրական իրավունք ունեցող 1551 ընտրողներից ժամը 17:20-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 787 ընտրող: Այլ անձանց աջակցությունից օգտվել են 30 հոգի: Ամասիայում լրացուցիչ ցուցակներով ընտրությանը մասնակցելու իրավունք է ստացել 80 հոգի: Հանձնաժողովի նախագահ Արգինե Մանուկյանն արձանագրեց, որ աննախադեպ ակտիվություն է նկատվում ընտրողների մոտ: Հանձնաժողովի նախորդ ընտրություններին Ամասիայում աշխատած Նաիրա Հակոբյանի փոխանցմամբ նույն ակտիվությունն նկատվել է նաեւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ՝ մոտ 1000 հոգի: Տեղամասին տեսախցիկ հատկացրել են, սակայն ինչպես եւ նախորդ ընտարտեղամասերը խոշորացույց չեն ստացել:
ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ներկայացված Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանն արդեն հասցրել էր կատարել իր քաղաքացիական պարտքը՝ տեղամաս այցելելով ժամը 11-ի հատվածում:
Մեկնաբանել