HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիտորդներն ընտրախախտումներ են արձանագրում

Ամալյա Մարգարյան

Կոնդի 9/29- ը տեղամասում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության և «Իրավունքի Եվրոպա միավորման» դիտորդներն ականատես են եղել ընտրողներին ուղղորդող գործողություններին: Այս մասին նրանք հայտնեցին տեղամասի նախագահին և խնդրեցին արձանագրություն կազմել: «Բանն այն է, որ դպրոցի դռներից ներս նույն մարդիկ առավոտից պտտվում են: Սեղան է դրված մուտքի մոտ, նստում են այդ սեղանի մոտ»,- նշեց դիտորդ Աստղիկ Դավթյանը:

Մեր հարցին՝ ինչ մարդիկ են հավաքվում և արդյոք նա փորձել է կանխել այդ մարդկանց մուտքը ընտրատեղամաս, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Ես իմ ընտրատարածքում եմ, մաքսիմում կողքի սենյակ հաց ուտելու համար եմ մտնում»: Մեր այն հարցին՝ արդյո՞ք տարածքում կարող են 50 մետր հեռավորությունից մարդիկ հավաքվել, ներս ու դուրս անել, հանձնաժողովի նախագահը խորհուրդ տվեց մոտենալ և ոստիկանների հետ լուծել այդ հարցը:

«Ես իրավունք չունեմ ոչինչ ասելու, ես հիմա գնամ ոստիկաններին ասեմ` նորմա՞լ է, էս դռներից դուրս ոստիկաններն են, դա իմ տարածքը չի: Որևիցե մեկը ինձ մոտեցե՞լ է, ասե՞լ է, որ խնդիր կա: Ոչ ինձ, ոչ մի բան չեն ասել: Ես ծանոթ չեմ, սա է իմ ընտրատարածքն ա, ստեղից դուրս ոստիկանների տարածքն է»,-հայտնեց ՀՀԿ_ ի կողմից առաջադրված նախագահ Ռուզաննա Աբրահամյանը: Հետո ավելավրեց, որ դիտորդը եթե նկատել է, իրեն բան չի ասել: «Եթե բան եք նկատում, եկեք ինձ ասեք: Ինձ ոչ մեկը ոչ մի բան չի բողոքել, չի ներկայացրել: Իմ ընտրատարածքում ամեն ինչ նորմալ է»,- հայտնեց Ռուզաննա Աբրահամյանը:

Ընտրատեղամասում մեր գտնվելու պահին դռների մոտ երկու կին էին նստած, որոնցից մեկը մեր այն հարցին՝ արդյո՞ք արդեն մասնակցել է ընտրության, թե ոչ, պատասխանեց, որ ոտքը պարզապես ոլորել է, և հիմա նստել ու սպասում է:

Դիտորդ Թոմաս Լոնմանն ասաց, որ առավոտվա ութից այդտեղ անընդհատ մարդիկ են եղել, այդ կանայք չեն եղել:

«8-9 հոգի էին, ովքեր սենյակից սենյակ էին գնում կամ հայտնվում մարդկանց հոսքի մեջ, ես չգիտեմ՝ նրանք ինչ էին անում, հնարավոր է` ինչ-որ բան էին հուշում, առաջարկում, իսկ դրսում կանգնածները հիմնականում երիտասարդ տղաներ էին, ովքեր առաջարկում էին ընտրության եկող ծեր մարդկանց օգնել: Հնարավոր է նաև, որ ինչ-որ գումար առաջարկեին: Երբ փորձեցի խոսել նախագահի հետ, նա ուղղակի խուսափեց մեր հարցերից: Ես խոսել եմ ոստիկանության աշխատակիցների հետ, նրանք ասացին, ինչ անենք, այդ մարդկանց ասենք գնացեք, մի կանգնեք»,- նշեց դիտորդ Աստղիկ Դավթյանը: «Իրավունքի Եվրոպա միավորման» դիտորդ Թոմաս Լենմանը մեզ ցույց տվեց նաև այն շինությունը, որից մարդիկ էին անընդհատ ներս ու դուրս անում, հետո մտնում տեղամաս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter