
Հրազդանում 1000-րդ ընտրողին շոկոլադ նվիրեցին
Հերմինե Վիրաբյան
Թիվ 10 ընտրատարածքի 26/3 ընտրատեղամասի դռները փակելուց 10 րոպե առաջ հանձնաժողովի անդամները շնորհավորեցին 1000-րդ ընտրողին և վերջինիս նվիրեցին շոկոլադ։ Տեղամասում ներկա են վստահված անձինք և՛ կուսակցական, և՛ ընդդիմադիր դաշինքներից և կուսակցություններից, սակայն դա լարվածություն չի առաջացնում, ավելին՝ մթնոլորտը ջերմ է և ընկերական։
1647 գրանցված քաղաքացիներից ընտրության է մասնակցել 1002 հոգի, որոնցից 45-ը օգնողների միջնորդությամբ։ Ըստ «Իրավունքի Եվրոպա» կազմակերպության դիտորդի՝ ընտրություններն այս տեղամասում անցել են հանգիստ, չեն նկատվել խախտումներ, հոսանքազրկում տեղի չի ունեցել։
Մեկնարկել է ընտրությունների հաշվարկը։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընտրությունների համար թեկնածություն էին առաջադրել 4 դաշինք և 5 կուսակցություն։
Ստորև ներկայացնում ենք դաշինքների անվանումներն ու կարգախոսները՝
-
«ԵԼՔ» դաշինք. «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ»,
-
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք. «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ»,
-
«Ծառուկյան» դաշինք. «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է»,
-
«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինք. «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»:
Կուսակցությունների անվանումներն ու կարգախոսները՝
-
Հայաստանի Հանրապետական կուսակցություն. «Անվտանգություն և առաջընթաց»
-
Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություն. «Նոր սկիզբ, արդար Հայաստան»,
-
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն. «Մենք կարող ենք»,
-
«Հայկական վերածնունդ» կուսակցություն. «Քվեարկի՛ր հանուն փոփոխության, քվեարկի՛ր հանուն վերածննդի»,
-
Հայաստանի կոմունիստական կուսակցություն. «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ»։
Հիշեցնենք, որ Հրազդան քաղաքը Կոտայքի մարզի մարզկենտրոնն է։
Մարդահամարի տվյալներով Հրազդանում գրանցված է 53,400 բնակիչ։
Հերմինե Վիրաբյան
Մեկնաբանել