
Ուղղորդված եւ քաբաբով համեմված ընտրություն Տեղ համայնքում
Տեղ համայնքի 34/37 ընտրատեղամասում (Տեղ գյուղի մշակույթի տուն) հաշվառված 887 ընտրողից քվեարկությունն ավարտվելուց 5 րոպե առաջ մասնակցել էր 601 ընտրող: Նրանցից 73-ն ընտրել է այլ անձի օգնությամբ: Նկատելի էր, որ չարաշահվում է այս կերպ ընտրելու թույլտվությունը, քանի որ ակնհայտորեն նրանցից բոլորը չէ, որ դրա անհրաժեշտությունն ունեին:
Ակնոցը ձեռքին ընտրատեղամաս մտած կինը գրանցամատյանում գրառեց իրեն ուղեկցող երիտասարդին որպես օգնող, իսկ մեր հարցին պատասխանեց, որ առանց օգնության չի կարող քվեարկել, որովհետեւ ողնաշարի ցավեր ունի: Մեկ ուրիշը չթաքցրեց, որ տեսողության խնդիր չունի եւ ժպտալով ավելացրեց, որ օգնելն ավելի ճիշտ կլինի: Այս ընտրատեղամասում այնքան սովորական էր այլոց օգնությամբ քվեարկելը, որ երկու հոգով ներս մտնողներին հանձնաժողովի անդամները միանգամից առաջարկում էին օգնելու համար գրանցվել մատյանում:
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Շահեն Զեյնալյանը մեր հարցին, թե ինչո՞վ է բացատրում այլոց օգնությամբ այդքան մեծ թվով քվեարկողների առկայությունը, պատասխանեց· «Մեկնաբանել չեմ կարող, իրենց հայտարարությունն ենք հիմք ընդունում, որ ինքնուրույն քվեարկել չեն կարող: Նկատելի է, որ 50%-ը ճիշտ չի ասում, բայց ստուգել չենք կարող»:
Քիչ անց հանձնաժողովի նախագահն ինքը տեղամաս մտած տարեց տղամարդուն առաջարկեց, որ նրա հետ եկած երիտասարդն օգնի նրան, այն դեպքում, երբ նա հայտնել էր, որ կարող է ինքնուրույն քվեարկել: Այնուամենայնիվ, երիտասարդը գանցվեց որպես օգնող, իսկ հանձնաժողովի նախագահը շարունակում էր ուղղորդել տղամարդուն քվեախցիկ ուղեկցելով:
Ընտրողներին ուղղորդելու պարտավորություն էին ստանձնել նաեւ ընտրատեղամասում գտնվող որոշ վստահված անձինք: Նրանցից մի քանիսը, ինչպես պարզվեց ավելի ուշ, նույն առաքելությամբ լինում էին նաեւ Տեղ գյուղի մյուս՝ 34/36 ընտրատեղամասում, ընդ որում՝ առանց գրանցվելու: Օրինակ, «Ծառուկյան կուսակցությունների դաշինքից» Լ· Ղազարյանը, որին հանձնաժողովի նախագահը գրանցեց այն ժամանակ, երբ նա բացահայտ ուղղորդում էր քվեարկողներին:
Գյուղի հանրակրթական դպրոցի շենքում տեղակայված ընտրատեղամասում հիմնական քվեարկողները զինծառայողներն էին: Դահլիճում մշտապես մարդկանց կուտակում կար, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում վստահված անձինք: Աջ կողմում քվեարկելու իրենց հերթին էին սպասում զինվորները, ձախ կողմում՝ քաբաբային խրախճանք էր՝ հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց մասնակցությամբ:
Տեղ համայնքի մեր այցելած բոլոր ընտրատեղամասերում դիտորդություն իրականացնողները նույն կազմակերպության ներկայացուցիչներն էին՝ «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ», «Մարզային նախաձեռնությունների եւ զարգացման ծրագրերի կենտրոն», «Իրավունքի Եվրոպա», «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունները:
Ընտրատեղամասերից ոչ մեկում վստահված անձ չունիեն «Ելք» եւ «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքները, Կոմունիստական կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը:
Վստահված անձանց քանակով բոլոր տեղամասերում առաջամարտիկը ՀՀԿ-ն է, ապա «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը:
Մեկնաբանել