
«Հետքի» բաց նամակը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին
2010թ. նոյեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության Արարատի քննչական բաժանմունքում Տափերական գյուղի բնակչուհի Մարիամ Գեւորգյանի եւ Արտաշատ քաղաքի բնակչուհի Մ. Բ.-ի հաղորդումների հիման վրա հարուցվել է թիվ 26117010 քրեական գործը, եւ կատարվել է նախաքննություն:
28.12.2010թ. որոշում է կայացվել Հայկանուշ Միքայելյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը դատարանի որոշմամբ մեղադրյալ Հ. Միքայելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության՝ Հայկանուշ Միքայելյանը «արդեն մի քանի ամիս է՝ հայտնաբերված է, հանձնման միջնորդությունը ՌԴ իրավապահների կողմից բավարարվել է, եւ գործը ներկայումս էտապավորման փուլում է»: Սակայն տուժողները նշում են, որ քննիչն ու գործը վերահսկող դատախազը 5-6 ամիս է՝ նույն բանն են ասում, ժամանակն անցնում է, սակայն մեղադրյալ Հայկանուշ Միքայելյանն այդպես էլ չի էտապավորվում Հայաստան:
01.04.2011թ. որոշում է կայացվել Դավիթ Զիրոյանին (Հայկանուշ Միքայելյանի որդին) ՀՀ քր. օր.-ի 113 հոդվածի 1-ին մասով եւ 118 հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը Դավիթ Զիրոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
02.04.2011թ. որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կասեցնելու մասին՝ մեղադրյալներ Հայկանուշ Միքայելյանի եւ Դավիթ Զիրոյանի գտնվելու վայրը պարզված չլինելու պատճառով: Թեեւ գործով տուժողները վերջիններիս սանկտպետերպուրգյան հասցեն, որտեղ նրանք մշտական բնակություն են հաստատել, նախաքննական մարմնին հայտնել են:
20.08.2011թ., ըստ նախաքննական մարմնի, հետախուզման մեջ գտնվող Դավիթ Զիրոյանը Սանկտ Պետերբուրգ-Երեւան չվերթով ժամանել է ՀՀ եւ մեղայականով ներկայացել ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից էլ նույն օրը ներկայացվել է Արարատի քննչական բաժանմունք:
Նույն օրը քրեական գործի կասեցված վարույթը վերսկսվել է, եւ Դավիթ Զիրոյանն իրեն առաջադրված վերը նշված մեղադրանքը չի ընդունել:
19.09.2011թ. քննիչ Արթուր Ավետյանը, հիմք ընդունելով «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու» մասին ՀՀ ԱԺ 25.05.2011թ. որոշումը, Զավիթ Զիրոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է, ինչին վերջինս չի առարկել:
Հարգարժան պարոնայք, համակցելով տուժողների պատմածները, նրանց ստացած վնասվածքների կապակցությամբ տրված դատաբժշկական եզրակացությունները եւ Մարիամ Գեւորգյանի ու Մ.Բ.-ի մարմնի տարբեր հատվածներում առկա խոշտանգման հետքերը (դանակի, մկրատի, պատառաքաղի եւ տաք արդուկի սպիերը, Մ.Բ.-ի ձախ աչքը, որը վնասվածքների հետեւանքով կուրացել է, ինչը չեն բացառել նույնիսկ համապատասխան մասնագետները), գտնում ենք, որ նախաքննական մարմինը մեղադրյալների արարքներին միանգամայն սխալ որակումներ է տվել:
Մեր կարծիքով՝ վերջիններիս արարքները պետք է որակվեին ՀՀ Քրեական օրենսգրքի հետեւյալ հոդվածների հատկանիշներով.
- Հոդված 119. Խոշտանգումը (ընդ որում՝ «Խոշտանգումը» Հայաստանի կողմից ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններից բխող իմաստով)
- Հոդված 112. Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը
- Հոդված 131. Մարդուն առեւանգելը
- Հոդված 132. Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը
- Հոդված 133. Ազատությունից ապօրինի զրկելը
Հարգարժան պարոնայք, խնդրում ենք ձեր անձնական վերահսկողությունը սույն՝ թիվ 26117010 քրեական գործի նկատմամբ, ինչի պարագայում քննիչ Արթուր Ավետյանի կամ գործի նկատմամբ դատախազական վերահսկողություն իրականացնող Արսեն Արսենյանի կամայականության (կամ ոչ բավարար իրավական գիտելիքների) պատճառով մեղադրյալների արարքներին քրեաիրավական սխալ որակումներ չեն տրվի, ինչն էլ իր հերթին կբացառի, որ վերջիններս համաներվեն կամ պատժվեն այնպիսի հոդվածներով, որոնք համեմատաբար մեղմ պատիժ են սահմանում:
Այս գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ «Հետքում» հրապարակված Սահմռկեցուցիչ պատմություն. արժանի հատուցումը բացառվո՞ւմ է եւ Առաջին զոհը (Սահմռկեցուցիչ պատմություն-2) հոդվածներում:
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ,
«Հետք» թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյան
Մեկնաբանություններ (14)
Մեկնաբանել