HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գյուղացի մարդիկ են, իրար օգնում են, ինչի ես նկարում»,- ասաց հանձնաժողովի անդամը

Կոտայքի մարզի Գեղադիր համայնքի թիվ 29/36 ընտրատեղամասում հանձնաժողովի քարտուղարի ու նախագահի վստահեցմամբ` ընտրություններն անցել էին հարթ, առանց միջադեպերի։ Իրենք անձամբ շատ գոհ էին նոր ընտրական մեխանիզմից, որը հեշտացրել է  հանձնաժողովի աշխատանքը և ընտրական պրոցեսը։ Ընտրողներն առանց որևէ խոչընդոտի կարողանում են քվեարկություն կատարել։ Սակայն, ընտրատեղամաս այցելած տարեց կնոջ ու նրա ուղեկցորդի հայտնվելուց հետո պատկերը միանգամից փոխվեց։ Հանձնաժողովի նախագահը կանխեց տատիկին ուղեկցող ԲՀԿ վստահված անձ Գասպարյան Գևորգի` որպես օգնող հանդես գալու նախաձեռնությունը` բացատրելով, որ նա նման առաքելություն չի կարող իրականացնել, իսկ ընտրողին կկցվի անկախ քաղաքացի։ Վերջինս, սակայն, խիստ վրդովվեց իր նկատմամբ կիրառված «սահմանափակումից» և վեճի բռնվեց հանձնաժողովի նախագահի հետ` ասելով` չեք օգնում, չեք էլ թողնում, որ մենք օգնենք, և ձայն տալով տարեց կնոջը` հրահանգեց․ «Գնա ընտրի համար 4-ը»։

Սրան հաջորդեց մեկ այլ միջադեպ։ Ամուսինները ընտրատեղամասում քվեաթերթիկները ստացել և բարձրաձայն քննարկում էին, թե ում պետք է ընտրեն։ Հանձնաժողովի նախագահի դիտողությանն ի պատասխան` ամուսինը զայրացած պոռթկաց․«Չեք օգնում, թողեք գոնե կնոջս հետ խորհրդակցեմ»։ Մեկ այլ տարեց քաղաքացի, որին քվեախցիկ ուղեկցեց թոռը և ընտրություն կատարեց նրա փոխարեն, քվեատուփի հետևում նստած հանձնաժողովի անդամին վստահեցրեց՝ «Հանրապետականին եմ ընտրե»։

 Հանձնաժողովի քարտուղարը ներկայացրեց, որ տեխնիկական սարքավորման հետ որևէ խնդիր չի եղել, միայն մի ընտրողի տվյալները չի ճանաչել սարքը։ Ընտրողն անմիջապես մեկնել է Աբովյան քաղաք, տեղում կատարվել են անհրաժեշտ ուղղումներ և վերադառնալով քվեարկել է։ Ընտրատեղամասում տեսախցիկ չկար։ Հանձնաժողավականներն ասացին, որ սարքավորում չի տրամադրվել։ Ժամը 16:48-ի դրությամբ 598 ընտրողից մասնակցել էր 352-ը։

Ողջաբերդ համայնքում ընտրություններն ընթանում էին տնակային դպրոցի տարածքում։ Տարածքի փոքրության պատճառով 7-8 ընտրողի առակայության դեպքում արդեն կուտակման  խնդիր էր առաջանում։ Ընտրողների ակտիվությունը մեծ էր։ Առանց գրանցվելու, սեփական նախաձեռնությամբ որդին քվեախցիկում «օգնում էր» հազիվ հիսունն անց հորը։ Տեխնիկական սարքավորման պատասխանատու Մարիամ Կարապետյանը ընթացքում ասում էր ընտրողին. «Նշում ես կուսակցության անվան դիմաց, հետևը պետք չէ»։ Քաղաքացին փորձում էր նրանից ճշտել, թե անձնագրի անվավեր լինելու դեպքում որևէ այլ փաստաթղթով  հնարավոր է քվեարկել։ Ի պատասխան` նա  պարզաբանեց․«Եթե ուրիշ փաստաթուղթ չկա, դրանով էլ կլինի»։ «Ելք» դաշինքի, ՀՀԿ-ի վստահված անձինք վկայում էին, որ ընտրություններն անցել են նորմալ, առանց լուրջ ընտրախախտումների։ Մինչդեռ, ընտրատեղամասում իմ ֆոտոխցիկի առկայությունը դուր չէր գալիս հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ն ներկայացնող Պապիկյան Մհերին, որը մոտենալով ինձ` ասաց. «Գյուղացի մարդիկ են, իրար օգնում են, ինչի ես նկարում։ Էդտեղ խախտում կա՞»։ Ճշտելով ընտրատեղամասում իր կարգավիճակը` ինքս նրան դիմեցի նույն հարցադրմամբ։ Հաստատեց, որ կա, սակայն հանձնաժողովի և վստահված անձանց հետ վիճում էր, թե ինչու եմ նկարում։ Նրանից ալկոհոլի հոտ էր բուրում։

17:45-ին այս ընտրատեղամասում 765 ընտրողից 459-ը կատարել էր իր քաղաքացիական դիրքորոշումը։ Այստեղ ևս ընտանիքով քվեարկելը ընտրախախտում չէր համարվում։

Հացավան համայնքում ընտրական մթնոլորտը խաղաղ էր նաև ընտրողների փոքր թվաքանակի պատճառով։ Համայնքն ունի ընդհանուր հաշվով 462 ընտրող, որից մոտ100-ը, ըստ հանձնաժողովի քարտուղարի, գտնվում են երկրից դուրս։ Իրենց ընտրական իրավունքն իրացրել էին 191 քաղաքացիներ։ Ընտրատեղամասում ներկա ԱՊՀ դիտորդ Սերգեյ Յուսովը ընտրական ընթացակարգում արված նորամուծությունները որակեց որպես «բարդ համակարգ»։ Միաժամանակ վկայակոչելով ԱՊՀ տարբեր երկրների իր դիտորդական փորձը` նա ասաց, որ ոչ մի այլ երկրում նման բարդ ընթացակագի չի հանդիպել։

Գառնիի թիվ 29/33 ընտրատեղամասում մեծ էր օգնությամբ քվեարկողների թիվը, գրանցամատյանում հաշվվում էր 46-ը։ Ըստ հանձնաժողովի նախագահի ու քարտուղարի հավաստիացումների` նրանք եղել են և' ընտանիքի անդամներ և' անկախ քաղաքացիներ։ 1296 ընտրողից մասնակցել էին 720-ը։ Հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք վկայում էին, որ լուրջ խախտումներ չեն եղել։ Պատկերը նույնն էր թիվ 29/34 ընտրատեղամասում։ Մեր այնտեղ գտնվելու ընթացքում խախտումներ չգրանցվեցին, օգնությամբ քվեարկել էին 23-ը։ Ընդհանուր 1600 ընտրողից տեղամասը փակվելու պահին քվեարկել էր 892-ը։ Եղել էր մեխանիկական քվեարկության երկու դեպք տեխնիկական սարքի կողմից տվյալները չճանաչելու պատճառով։ «Ելք» դաշինքի վստահված անձ Նաիրի Մկրտչյանի հավաստմամբ` ընտրատեղամասում լուրջ խախտումներ չեն գրանցվել, ուղղորդումներ չեն եղել։

Մետաքսե Պետրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter