HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Դուշմանի փողե՞րն էին

Վերահսկիչ պալատի բացահայտումներն Արարատի մարզպետարանում

ՀՀ վերահսկիչ պալատը (ՎՊ) ֆինանսների նախարարությունից պահանջել և ստացել է Արարատի մարզպետարանի շինարարական ծրագրերի նկատմամբ 2010 թ. իրականացված ստուգումների արդյունքում կազմված հսկիչ չափագրման ակտերի և համեմատական տեղեկագրերի լուսապատճենները:

Ստուգված 4 օբյեկտներում (Վեդի քաղաքի թիվ 2 դպրոց, Այգեզարդ գյուղի մանկապարտեզ, Նոյակերտ գյուղի դպրոց և Ոսկետափ գյուղի թիվ 2 դպրոց) Ֆինանսական վերահսկողության տեսչությունը հայտնաբերել է, որ փաստացի չկատարված աշխատանքների համար վճարվել է 37337470 դրամ: Ավելին, նույն օբյեկտների ամբողջական ծավալների ստուգմամբ հայտնաբերվել է լրացուցիչ 13919,2 հազ. դրամ գումարի խախտում:

Ժողովուրդն այսպիսի դեպքերում սովորաբար իր խոսքն ունի' փողը գրել, միասին կերել են: Հասարակ մարդն այսպես է հասկանում դա, իսկ վերաhսկող մարմինների ղեկավարները, թեկուզ իրավապահների միջոցով, փորձե՞լ են պարզել կատարվածի պատճառը... Այդ ինչո՞ւ իմ տունը վերանորոգած արհեստավորին ես չկատարած աշխատանքի դիմաց չեմ վճարում, իսկ պետական չինովնիկը կամ մարզպետարանի համապատասխան պաշտոնյաները դպրոցներում ու մանկապարտեզում չկատարված աշխատանքի դիմաց վճարել են: Դուշմանի փո՞ղն էր, այս պետությունը, դպրոցն իրենցը չէ՞ր... Ավելի քան 51 մլն դրամով քանի՞ հոգու նպաստ ու թոշակ կտրվեր: Ի վերջո, մի՞թե ՀՀ քրեական օրենսգրքով նշված արարքի համար պատասխանատվություն չի նախատեսված:

ՎՊ-ն Արարատի մարզպետարանի 2009-2010 թթ. շենք և շինությունների հիմնանորոգման համար պետական բյուջեում նախատեսված գումարների կեսից քիչ ավելիի ծախսի նկատմամբ է վերահսկողություն իրականացրել, բայց հայտնաբերել է բազում ու բազում խախտումներ: Պարզվել է, որ շինարարության վարման ընդհանուր մատյանները լրացված են եղել թերի և սահմանված կարգի խախտումներով: Բացակայել են սանհանգույցների հատակի հիդրոմեկուսացման, էլեկտրական սարքավորումների տեղադրման, տոփանման և նույնիսկ' բետոնի փորձարկման ակտերը և օգտագործված շինարարական նյութերի որակի հավաստագրերը (դեկտեմբերյան աղետի՞ց էլ դասեր չառան):

Շինարարական օբյեկտներում սահմանված կարգով պահանջվող տեխնիկական և հեղինակային հսկողությունն իրականացվել է թերի: Խախտվել են նաև ՀՀ քաղաքաշինության նախարարի 28.09.98 թ. թիվ 143 «Շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության իրականացման հրահանգ»-ի և 28.04.98 թ. թիվ 44 «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ»-ի պահանջները:

Ստուգված բոլոր օբյեկտների ավարտված շինարարության շահագործման ընդունող հանձնաժողովի ակտերը բացակայել են: Խախտվել են ՀՀ կառավարության «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» որոշման պահանջները:

Հանձնման - ընդունման արձանագրություններով փաստարկված, սակայն փաստացի անորակ և չկատարված աշխատանքների ծավալների տարբերությունը, ըստ ՎՊ-ի, կազմում է 23062800 դրամ, այդ թվում' 17349200 դրամ անորակ աշխատանքներ, 5110900 դրամ ծավալային հավելագրում, 60270 դրամ' ապրանքի տեսականու գնային տարբերություն:

Համեմատելով տվյալ փուլի կատարողականի գումարը գործող կարգով կազմված (փորձաքննություն անցած) նախահաշվի հետ, արձանագրվել է 568700 դրամ գումարի նախահաշվային ուռճացում: Կարծես վերը նշվածը քիչ է, օրենսդրության համաձայն' վերադարձման ենթակա, բայց չվերադարձված' քանդված (ապամոնտաժված), կրկնակի օգտագործման նյութերի արժեքն էլ կազմել է 762100 դրամ:

Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter