HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան, Ատոմ Էգոյան և Էրիկ Նազարյան. մամուլի ասուլիս՝ Ստեփանակերտից

Դիանա Ղազարյան

System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, ռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը այսօր Ստեփանակերտում ասուլիսով հանդես եկան։ Ասուլիսի բացման խոսքը Արսինե Խանջյանինն էր, որ ընթերցեց բանախոսների կողմից ստորագրված, աշխարհի արվեստագետներին ուղղված հայտարարություն-կոչը։

Մասնավորապես, Խանջյանը հիշեցրեց նախորդ տարի այս օրերին ադրբեջանական կողմի՝ խաղաղ բնակիչների և առաջնագծի դիրքերի վրա անսպասելի հարձակման մասին, ապա ընդգծեց, որ 1988 թվականից ի վեր, երբ Արցախի բնակիչները որոշեցին ապրել ազատ և անկախ կարգավիճակով, Ադրբեջանը հարձակումներով, լայնածավալ գործողություններով փորձեց ճնշել արցախցիներին, սակայն նրանք կարողացան պաշտպանվել և, հանրաքվե կազմակերպելով, անկախ պետություն ստեղծեցին։

Խանջյանն ընդգծեց, որ թեև հակառակորդի կողմից հարձակումները, ռումբի պայթյունները չեն դադարում, բայց արցախցի երիտասարդներն ու երեխաները շարունակում են ստեղծել և ստեղծագործել. «Այստեղ՝ այս պատմական հողի վրա, ուր զինադադարի խախտման, վիրավորների ու զոհերի մասին լուրերը շատ ավելի են, քան որևէ այլ տեղեկություն, հազարավոր երեխաներ ու երիտասարդներ կզրկվեն  ստեղծագործելու և արարելու իրենց արդար իրավունքից, քանի որ երկիրը կմնա շրջափակված և զինադադարը՝ փխրուն։ Հազարով տաղանդեր, փոխարեն գրիչ և վրձին բռնելու, իրենց տունն ու հայրենիքը պահելու համար ստիպված կլինեն զենք վերցնել ու ճակատ մեկնել»,-ասաց Խանջյանը։

Դերասանուհին ընդգծեց, որ ադրբեջանական հարձակումների պատճառով այդ երիտասարդները զրկված են խաղաղության մեջ ստեղծագործելու և իրենց տաղանդը բացահայտելու իրավունքից և սահմանամերձ գյուղերի երեխաները, երաժշտություն լսելու  փոխարեն, ռումբի ձայներ կլսեն։ Սակայն դերասանուհին շեշտեց, որ այս ամենով  հանդերձ, մեծ է այն երիտասարդների թիվը, ովքեր շարունակում են գրել, ստեղծագործել, անգամ այն ժամանակ, երբ պատերազմի պատճառով մեկուսացված են աշխարհից և կգտնվեն շրջափակման մեջ։

Արսինե Խանջյանը փաստեց, որ արցախցի այդ երիտասարդները շատ քիչ առիթ ունեն` շփվելու աշխարհի իրենց գործընկերների հետ, քանի որ շրջափակումը և մեկուսացումը նվազենցում է փոխադարձ այցելությունները, շփումները և փորձի փոխանակումները, այդ պատճառով նրանք զրկված են ստեղծագործողի համար կենսական այդ իրավունքներից։

Դերասանուհին աշխարհի արվեստագներին կոչ արեց՝ այցելել Արցախ, դառնալ այստեղի ստեղծագործողների համար գործընկերներ, կապ և շփում հաստատել այնտեղի տաղանդավոր և ստեղծագործող մարդկանց հետ, աջակցել, որպեսզի նրանք ևս կարողանան իրականացնել խաղաղության մեջ ստեղծագործելու և աշխարհի հետ կիսվելու իրենց համամարդկային իրավունքը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե բանախոսները  ժամեր առաջ ինչ քննարկում են ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, որին ի պատասխան Էրիկ Նազարյանը մանրամասնեց, որ Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանը հետաքրքվել են ապրիլյան պատերազմից հետո տիրող իրավիճակով և Սփյուռք-Արցախ ստեղծվելիք կապով։

Խոսելով Սփյուռք-Արցախ մշակութային համագործակցության մասին՝ Թանկյանը հիշեցրեց, որ նախորդ տարի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ համագործակցել են «Վերջին բնակիչը» ֆիլի շրջանակներում և այժմ էլ մտածում է արցախցի այլ արտիստների հետ համագործակցության մասին. «Եկած ենք ուսումնասիրելու, մարդ տեսնելու, այդ կարելիությունները գտնելու՝ ոչ միայն անձնական՝ իբրև արտիստ, բայց դուռը բանալ Սփյուռքի և միջազգային արտիսների միջև»,-նշեց ռոք երաժիշտը։

Թանկյանի խոսքին Արսինե Խանջյանը հավելեց, որ այսօր շատ կարևոր է Արցախի հանդեպ միջազգային արտիստների մոտ մեծացնել հետաքրքրվածությունը, և նշեց, որ ինչպես նրանց համագործակցությունների ժամանակ Հայաստանն են ներկայացնում, այնպես էլ Արցախը ներկայացնեն։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին Հայաստանում երեկ այս արվեստագետների կողմից կատարած դիտորդությունից։ Ատոմ Էգոյանը մանրամասնեց, որ ժողովրդավարությունը մկանի պես մարմին է, որը պետք է վարժեցվի և ժամանակի ընթացքում այն պետք է հզորանա։ Ասում է՝ այս ընտրությունները ևս փաստ էին, որ այս դիտարկումը իրականություն է և ժողովրդավարությունն ավելի շատ ժամանակ կպահանջի՝ ավելի կայունանալու համար։

Արսինե Խանջյանի համար էլ այս ընտրություններում ամենակարևորն այն էր, որ քաղաքացիները գիտակցեն, որ իրենց քաղաքացիական իրավունքները Սփյուռքի համար կարևոր են։ Ասում է` բացի այդ Սփյուռքից Հայաստան ժամանած դիտորդները ոչ միայն ականատես եղան ընտրական գործընթացներին, այլև շփվեցին քաղաքացիների հետ. «Երեկվա ընտրությունների արդյունքներն այդքան էլ զարմանալի չէին»,-ասաց դերասանուհին։

Դերասանուհին նաև նշեց, որ իրենց նպատական էր Սփյուռքում ապրող հայերի համար ստեղծել այն կարծիքը, որ այսօր արդեն անհնար է այնտեղից չանդրադառանալ Հայաստանում տիրող իրավիճակին։

Սերժ Թանկյանն էլ չթաքցրեց, որ իր համար մեծ ուրախություն էր դիտորդ լինելը, սակայն ասում է՝ եղել են ընտրատեղամասեր, որ իր այնտեղ հայտնվելը ավելի շատ իր վրա է ուշադրությունը սևեռել։ Իր այցելած ընտրատեղամասերից որոշներում ընտրությունները բնականոն կերպով են ընթացել, որոշներում՝ ոչ։ Մեծ խախտում տեսել է, որը արձանագրել է, սակայն ընտրատեղամասերից շատերում թյուրիմացություններ և իրազեկվածության պակաս է տեսել՝ տեխնիկական սարքերից օգտվելու գործընթացում։ Ասում է՝ իրենց գործն արել են՝ չեզոք մնալով։ Թանկյանը չի թաքցնում, որ  ընտրությունների արդյունքից մի քիչ հուսախաբ է, քանի որ, նրա խոսքով, քաղաքական մի ուժ, որ այդքան ուժ ունի ժողովրդի վրա, այդ երկրի գունավոր ապագան մի քիչ դժվար տեսանելի է լինում։

Ամփոփելով իր գործընկերների խոսքը՝ Էրիկ Նազարյանը փոխաբերական կերպով արտահայտվեց։ Նշեց, որ իր համար՝ որպես սփյուռքահայի, շատ կարևոր էր ոչ թե արեգակը հեռվից  դիտել՝ տեսնելու համար, թե հեռից ինչքան գեղեցիկ է, այլ մոտենալ` տեսնելու համար, թե նրան այդ տաքությունը կայրի, թե ոչ։

«Մեր աչքով տեսանք բավական խախտումներ, ոչ թե մեծ չարություններ։ Չեմ կարող ասել մեծ չարություն տեսանք, հարկավ, այդքան էլ հիմար չեն չարություն անեն դիտորդի դիմաց, որ կարողանան ապացուցել, բայց շատ-շատ խառնաշփոթություն  կար»,-նշեց Էրիկ Նազարյանը։

Տեսանկարահանումը` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter