Ամենաարագ տեմպերով աճել է կացության և հանրային սննդի ոլորտը
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ծառայությունների ոլորտի 2017-ի հունվար-փետրվար ամիսների շրջանառության ցուցանիշները։
Համաձայն այդ վիճակագրության՝ 2017-ի առաջին երկու ամիսներին ծառայությունների ոլորտի շրջանառությունը կազմել է 194 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատավածի համեմատ աճելով 11%-ով:
Պաշտոնական վիճակագրությամբ՝ ծառայության բոլոր տեսակներում՝ կացության և հանրային սննդի, զվարճությունների, առողջապահության, տեղեկատվության, տրանսպորտի և ծառայության այլ ոլորտներում 1-24% ծավալային աճ է գրանցվել։
Ծառայությունների ոլորտում ամենաակտիվը ֆինանսական և ապահովագրական ծառայությունն է եղել. այն ունեցել է ավելի քան 43 միլիարդ դրամի շրջանառություն, որին հաջորդել է տեղեկատվության և կապի ծառայությունը՝ մոտ 34 միլիարդ դրամ շրջանառությամբ։
Այս ոլորտի ընդհանուր ցուցանիշում ամենամեծ տեղը զբաղեցրել է ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, այն ընդհանուրի 22%-ն է ապահովել, ապա՝ տեղեկատվությունն ու կապը, որն ընդհանուրի 17%-ն է կազմել։
Ամենաարագ տեմպերով աճ շարունակել է գրանցել կացության և հանրային սննդի ոլորտը։ Նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ` այն ունեցել է 24% աճ։ Դրան հակառակ` ամենացածր տեմպերով ծավալային աճ է արձանագրել վարչարարական և օժանդակ գործունեությունը՝ 1%-ով:
2017թ. հունվար-փետրվարի ծառայությունների տեսակների տոկոսային կառուցվածքին կարող եք ծանոթանալ ԱՎԾ-ի գծապատկերի միջոցով:

Լուսանկարը՝ pinterest.com
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել