HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնեական կեղծիք կատարելու համար ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել

Հատուկ քննչական ծառայությունում ոստիկանության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու փաստով ոստիկանության նախկին աշխատակից Գևորգ Պապյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Ծառայությունը տեղեկացնում է, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության Տավուշի մարզային վարչության աշխատակիցը դիտավորությամբ կազմել է կեղծ պաշտոնեական փաստաթուղթ և այն դրել շրջանառության մեջ:

Այսպես, նախաքննության արդյունքում պարզվել է, որ Գ. Պապյանը 2014թ.-ի ընթացքում մասնակցել է ոստիկանության կրթահամալիրում անցկացված վերապատրաստման դասընթացին, սակայն մինչ այդ Տավուշի մարզային վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Լուիզա Մատինյանն ի պաշտոնե պարտավոր է եղել օրենքով սահմանված կարգով` վերապատրաստման նպատակով պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր կնքել Գ. Պապյանի հետ, ինչը չի կատարել: Հետագայում, իր ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու պատրանք ստեղծելով, կազմել է հիշյալ պայմանագիրը և, նրանում կեղծելով Գ. Պապյանի ստորագրությունը, այն վերջինիս անձնական գործին կցելու եղանակով դրել շրջանառության մեջ:

Գ. Պապյանը կեղծիքը նկատել է, երբ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը քաղաքացիական հայց է ներկայացրել նույն մարզի ընդհանուր իրավասության դատարան` վերապատրաստման ընթացքում կատարված ծախսերն իրենից բռնագանձելու պահանջով: Գ. Պապյանը  հայտնել է, որ ինքը նման պայմանագիր չի ստորագրել, իսկ դատարան ներկայացվել է ոչ թե իր, այլ կեղծված ստորագրությամբ փաստաթուղթ: Կատարված կեղծիքի վերաբերյալ վերջինս դիմում է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հաղորդում տվել Հատուկ քննչական ծառայությունում, որի հիման վրա էլ հարուցվել է հիշյալ քրեական գործը:

Այսպիսով, Լուիզա Մատինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter