Նիկոլայ Ծատուրյան. «Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը»
Ապրիլի 5-ին «Հայելի» ակումբի հյուրերն էին հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը և թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը։ Արվեստագետները ներկայացրին իրենց դիտարկումները խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Մերուժան Տեր-Գուլանյանի կարծիքով՝ «ընտրություններն անցել են բարձր մակարդակով, առանց կեղծիքների»։ Գրող-հրապարակախոսը չի հավատում այն լուրերին, թե ընտրակաշառք է բաժանվել։ Այն հարցին, թե ինչու է իշխանությունից դժգոհ ժողովուրդը քվեարկել հենց այդ իշխանության օգիտին, նա պատասխանեց, թե ժողովուրդը վստահել է հատկապես Կարեն Կարապետյանին, նաև հավելեց, որ չկա մի ժողովուրդ, որ դժգոհ չլինի իր երկրի իշխանությունից։
Ըստ Ծատուրյանի՝ «յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը»։ Պարոն Ծատուրյանը նաև ասաց, որ չի մասնակցում ընտրություններին, քանի որ նախապես գիտի արդյունքները և չի ցանկանում իրեն խաբված զգալ, ասում է, որ ընտրության կգնա միայն այն դեպքում, երբ իրոք իր ձայնը կորոշի դրանց արդյունքը:
Իր խոսքով՝ պետականամետ, այլ ոչ թե իշխանամետ Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց, որ իշխանությունները ժամանակի ընթացքում փոխվում են։ «Ուր ա, որ փոխվում են»,- կատակեց Նիկոլայ Ծատուրյանը։ Արվեստագետները նաեւ կարծիք հայտնեցին հրամանատարների ուղղորդմամբ իշխող կուսակցության օգտին զինվորների քվեարկության մասին։ Տեր-Գուլանյանը համոզված է, որ զինվորը պետք է ընտրի իր իշխանությանը, և որ զինվորը քաղաքական հայացքներ չունի։ Պարոն Ծատուրյանի համար սա անընդունելի է, նա կարծում է, որ խախտվում է զինծառայողի իրավունքը։ Ընտրություններից հետո սպասվելիք արտագաղթի մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ Տեր-Գուլանյանն ասաց, որ նման բան լինել չի կարող, մարդիկ դեռ ետ են գալու։ Նկատի ունենալով ոստիկանության հրապարակած թիվը՝ 2 մլն 564 հազար 334 ընտրողի առկայություն, պարոն Ծատուրյանն ասաց, որ նման ցուցանիշով արտագաղթ չի էլ եղել։
Տեր-Գուլանյանը կարծում է՝ ՀՀ-ում կա ընդամենը երկու կուսակցություն՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն։ Ըստ նրա՝ մնացած կուսակցությունները կամ դաշինքները հավաքվում են ընտրությունից ընտրություն։ Նաև ափսոսանք հայտնեց, որ Հրանտ Բագրատյանն այլևս Ազգային ժողովում չի լինելու, թեև մեղադրեց Հրանտ Բագրատյանին իր մտքերը ճիշտ կերպով մատուցել չկարողանալու համար. «Այդ է պատճառը, որ քվեների բավարար քանակ չի ստացել»։ Բայց եւ ողջունեց այն հանգամանքը, որ «ԵԼՔ» դաշինքը, որն ըստ նրա ընդդիմադիր ուժ է, կլինի Ազգային ժողովում:
Աննա Ավետիսյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել