HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսագրություն ոչնչացնող վկան և նրա հակասական ցուցմունքները` «ԱրմենՏել»-ի գործով

Վլադիմիր Սաչկովի գործով անվտանգության տնօրենի նախկին տեղակալ Գառնիկ Մարտիրոսյանը երեկ դատարանում աշխուժություն մտցրեց:  Նրան տևական ժամանակ որպես վկա հարցաքննելու փորձերը վերջապես հաջություն են ունեցել, և երեկ նա դատարան էր եկել գործով վկայություն տալու համար:

Գառնիկ Մարտիրոսյանը ՌԴ քաղաքացի է: Այժմ թոշակի է անցել ու չի աշխատում: «ԱրմենՏել» ՓԲԸ-ում աշխատել է 2008-2014թթ.: Պատասխանատու է եղել անվտանգության ապահովման և պահակային ծառայության համար՝  աշխատելով գործով դատապարտված անվտանգության տնօրեն Աշոտ Պողոսյանի ենթակայության տակ:

Գառնիկ Մարտիրոսյանը պատմեց, որ 2009 կամ 2010 թվականներին (վկան հստակ չէր հիշում երբ), ընկերության անվտանգության տնօրեն և իր անմիջական ղեկավար Աշոտ Պողոսյանից ցուցում է ստացել 48-րդ հեռախոսակայանի տարածքում պահեստի համար նախատեսված սենյակը դատարկել և հանձնել տեխնիկական բլոկին: Անձամբ ինքը չի դատարկել այն, իր հերթին ցուցում է տվել իր ենթականերին: Սենյակի բանալին, ըստ վկայի, եղել է Աշոտ Պողոսյանի և Վլադիմիր Սաչկովի մոտ, ով այդ ժամանակվանից ընկերության տեխնիկական բլոկի տնօրենն էր: Վկան պատմեց, որ բացի Պողոսյանի ցուցումներից մեկ անգամ էլ «Վիմպելկոմի» անվտանգության տնօրեն Ա.Զուբովից է ցուցում ստացել` օգնել տեխնիկական բլոկին այդ սենյակի հետ կապված աշխատանքների հարցում:

Ըստ Գառնիկ Մարտիրոսյանի` այդ սենյակի սարքավորումներին հետևել է Սաչկովը, ով կամ միայնակ, կամ մեկ այլ անձի, մասնավորապես` Ա. Պիսարևի հետ եղել է այդ սենյակում:

2013 թվականի հոկտեմբերին, ըստ վկայի, իր ղեկավար Աշոտ Պողոսյանը զանգահարել և ցուցում է տվել դիմավորել Վլադիմիր Սաչկովին օդանավակայանից և տանել 48-րդ հեռախոսային կայան, ինչը և արել է ինքը: Այնտեղ Վլադիմիր Սաչկովն անջատել է որոշ սարքավորումներ, իր և տեսանկարահանման բաժնի երկու աշխատակիցների օգնությամբ տեղավորել են դրանք տոպրակների մեջ, տարել և աղբանոցը նետել: Առավոտյան նկատել է, որ այդ սարքավորումներից մեկը՝ պրոցեսորը, մնացել է մեքենայի մեջ` իր նստատեղի հետևում: Զանգահարել է Սաչկովին և Պողոսյանին, որպեսզի ճշտի, թե դրա հետ ինչպես վարվի: Պողոսյանն ասել է՝ դեն նետել, ինքն էլ «նետել է զիբիլանոց»:

Երբ 2014թ. Աշոտ Պողոսյանին որպես վկա հարցաքննելիս են եղել, Պողոսյանը զանգահարել և հրահանգել է գտնել այդ դեն նետած պրոցեսորը և ներկայացնել ԱԱԾ: Պարզվում է, վկան այն ոչ թե «զիբիլանոց», այլ` իր բնակության վայրի` Շրջանցիկ թունել 95 հասցեի հարևանությամբ շինարարություն իրականացվող տարածքում, աղբի համար նախատեսված փոսի մեջ է նետել: «Կներեք էլի, պրն դատավոր, դա ի՞նչ-որ գործին կարևոր բնույթ ա»,- դատավոր Արմեն Բեկթաշյանին հարց ուղղեց վկան` փաստաբանների հստակեցնող հարցերին ի պատասխան, թե ինչ տիպի աղբանոց էր և որտեղ էր այն գտնվում, արդյոք նույն տեղում էր մնացել նետված տոպրակը:

«Պաշտպանների համար կարևոր է, Դուք պատասխանեք` այո, թե ոչ»,- պարզաբանեց դատավորը:

Ըստ վկայի ցուցմունքի` 2013թ. հոկտեմբերից մինչև 2014 թվականի հունվարը` Աշոտ Պողոսյանի հարցաքննությունը, դեղին տոպրակի մեջ պրոցեսորը մնացած է եղել նույն տեղում: «Ոնց շպրտել, նենց էլ վեկալել եմ, ուղղակի մի քիչ ձյուն էր վրեն նստած»,- հիմնավորեց Գառնիկ Մարտիրոսյանը:  

Անվտանգության տնօրենի տեղակալը, ով ի պաշտոնե պետք է հետևեր անվտանգության համակարգերին, պահպանությանն ու տեսահսկմանը, պնդում էր, որ «տեխնիկական բաներից հեռու է»: Մասնավորապես, երբ Սաչկովի պաշտպաններ Արմեն Բաղդասարյանը և Նարինե Ռշտունին փորձում էին պարզել, թե ինչպես է աշխատում 48-րդ հեռախոսակայանի մուտքի անվտանգության համակարգը, և արդյոք այն պիտի որևէ կերպ արձանագրեր այդ օրվա իրենց ելումուտը, վկան կամ լավ չէր հիշում, կամ «տեխնիկական բաներից լավ չեմ» էր պատասխանում: 

Այդուհանդերձ, վկան հաստատեց, որ տեսախցիկներով հսկվում է հեռախոսակայանի մուտքը, և իրենց մուտք գործելը տվյալ տարածք` սարքավորումների անջատելու օրը ևս «պիտի որ նկարահանված լիներ»: Այս հարցերը կարևոր էին պաշտպանական կողմի համար, քանի որ Սաչկովը պնդում է, որ այդ օրը ինքը չի եղել նշված տարածքում: 

«Դուք որևէ գործողություն արե՞լ եք՝ այդ սարքավորումների հետ կապված, տեսանկարահանման հետ կապված. դրանց ոչնչացման հետ կապված որևէ գործողություն արե՞լ եք»,- հարց ուղղեց Սաչկովի պաշտպան Արմեն Բաղդասարյանը:

«Դա ի՞նչ կապ ունի գործի հետ»,- հարցով հակադարձեց վկա Գառնիկ Մարտիրոսյանը:

«Ուղիղ կապ ունի»,- նշեց փաստաբանը:

«Դա ի՞նչ կապ ունի գործի հետ: Օրինակ` եթե հարցը տաք, թե ինչ եմ արել ես: Ես ասում եմ` դա ի՞նչ կապ ունի էսօրվա մեր գործի հետ»,- շփոթվեց վկան:

«Քանի դեռ մեր հարցը դատարանի կողմից չի հանվել, խնդրում ենք պատասխանել հարցին, այլ ոչ թե հարցով հարցին պատասխանել: Ի՞նչ է եղել այդ տեսագրության հետ, Դուք որևէ գործողություն արե՞լ եք հոկտեմբերի 23-ի գիշերվա տեսագրության հետ»,- հստակեցրեց մյուս պաշտպանը` Նարինե Ռշտունին:

«Տեսաձայանգրե՞լ եք, այո, թե՞ ոչ»,- արդեն դատավորը միջամտեց` հարցը ուղղելով վկային:

«Չեմ կարող ասել` տեսաձայանգրվել է, թե ոչ,- պատասխանեց վկան,- որովհետև էդտեղ մի քիչ տեխնիկական հարցեր են: Ես այդ տեսագրությունը չեմ տեսել»:

«Խոսքն այն մասին է, թե անձամբ վկան ոչնչացրե՞լ է այն»,- հստակեցրեց պաշտպան Բաղդասարյանը:

 «Անձամբ ես տեխնիկական հնարավորություն չեմ ունեցել ոչնչացնելու, ես անձամբ հնարավորություն չեմ ունեցել երբեք ինչ-որ տեսագրություն, ինչ-որ մուտքի-ելքի բաներ անելու»,- ևս մեկ անգամ պնդեց վկան:

«Դուք չեք արել, հասկացանք, որևէ անվտանգության աշխատակցի, ով ունի նման հնարավորություն, ցուցում տվե՞լ եք՝ նման բան անելու»,- նորից հստակեցնող հարց ուղղեց պատպան Ռշտունին:

«Ոչնչացման համար, չէ, ցուցում չեմ տվել,-պատասխանեց վկան և հավելեց,-կներեք, չորս տարի անցել է, շատ բաներ կա, որ ես ասել եմ, հիմա ինձ կարդացել են, ես որոշ բաներ հիշում եմ»:

«Ո՞վ է Ձեզ կարդացել, որ հազիվ հիշել եք»,- փորձեց հստակեցնել պաշտպան Ռշտունին:

«Ինձ կարդում են, ինձ հարց են տալիս, մարդը կարդում է, ինձ հարց է տալիս»,- դատախազին նայելով` պատասխանեց վկան:

Նարինե Ռշտունին մեկ անգամ ևս հարցրեց. «Հիմա ոչնչացրե՞լ եք, թե՞ ոչ»:

«Կարող է ոչնչացրել եմ»,- պատասխանեց վկան:

Քիչ անց էլ ավելացրեց, որ չի հիշում, թե ինչ է արել այդ ժամանակ, քանի որ մայրը մահացել էր և մոր թաղման գործերով էր զբաղվում:

Սաչկովը ևս հարցեր ուղղեց վկային` ճշտելու, թե բացի կարմիր գծանշումով անցագրեր ունեցողներից, այլ անձինք կարող էին, արդյոք, մուտք գործել հեռախոսակայանի տվյալ տարածք: «Համաձայն գործում առկա տեսագրությունների` օրվա ընթացքում այդ տարածք ամենատարբեր մարդիկ են մուտք գործել, ինչպե՞ս դա կբացատրեք»,- հարցրեց Սաչկովը:

«Այդ տարածք կարող են մտնել, եթե տեսագրման աշխատողը բացի դուռը»,- եղավ վկայի պատասխանը:

«Համաձայն տեսագրությունների` այդ տարածք մտնում են բազմաթիվ մարդիկ, և բացում են այդ դուռը մատնահետքի և կոդի միջոցով: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչպե՞ս է դա տեղի ունենում»,- նշեց Վ. Սաչկովը:

«Ես այդ տեսագրությունը չեմ տեսել, որ չեմ տեսել, ի՞նչ ասեմ»,- պատասխանեց անվտանգության տնօրենի տեղակալ վկան:

«Այսինքն` Դուք չե՞ք կատարել Ձեր պաշտոնական պարտականությունները»,- հավելեց Սաչկովը:

«Դա ի՞նչ նշանակություն ունի բանի հետ: Դուք իրավունք չունեք գնահատել իմ պաշտոնական կատարումը»,-բորբոքվեց վկան:

«Ո՞վ է Վրույր Զավենի Առաքելյանը»,- շարունակեց վկային հարցեր տալ Վլադիմիր Սաչկովը:

«Չգիտեմ»,- պատասխանեց վկան:

«Նա երբևէ «ԱրմենՏել»-ում չի՞ աշխատել»,- հարցրեց ամբաստանյալը:

«Ես չգիտեմ` ում մասին է խոսքը»,- ասաց վկան:

«Նա տեխնիկական բլոկի տնօրենն էր 2009-2010թթ»,- հուշեց Սաչկովը:

«Եղել է: Դուք ասացիք, ես էլ կրկնում եմ` եղել է աշխատող, որի հետ ես շատ քիչ եմ շփվել: Ես գիտեմ տենց մարդ, բայց իրա հետ շփում չեմ ունեցել: Որպես ստրուկտուրայի ներկայացուցիչ` եղել է: Կներեք, բայց ինչ կապ ունի Առաքելյան Վրույրը»,- մեղադրող դատախազին դիմելով` հարցրեց վկան:

Շարունակելով վկայի հարցաքննությունը` Սաչկովը հարցրեց, թե արդյոք ինքը ծառայողական մեքենա ու վարորդ ունե՞ր, որին վկան պատասխանեց, որ` ուներ: Թե այդ դեքում ինչո՞ւ է Գառնիկ Մարտիրոսյանը գնացել իրեն օդանավակայանում դիմավորելու, վկան պատասխանեց, որ կատարել է ղեկավարի հրահանգը:

Հարցին, թե արդյոք պահակները պետք է մատյանում գրանցեին, թե ինչ են Սաչկովն ու Գառնիկ Մարտիրոսյանը ներս տարել կամ տարածքից դուրս հանել, վկան պատասխանեց` ոչ: «Իսկ կանոնակարգով` այդպես պետք է լիներ,- նկատեց Սաչկովը, կարդա՞մ կանոնակարգը»

«Ես հարցի միտքը չեմ հարցնում` հիմա մենք քննարկում ենք ախրանիկի թույլ տված սխալնե՞րը: Դուք ամեն անգամ ուզում եք թեքել իմ վրա, որ ես իմ պաշտոնական դերս վատ եմ կատարել: Ես նորից պատասխանում եմ` մենք հիմա էն դրության մեջ չենք, որ քննարկենք իմ պաշտոնական դիրքի կատարումը կամ չկատարումը»,- վրդովվեց վկան:

Դատախազ Հայկ Հակոբյանը փորձեց վկայի` իրեն հարցերով դիմելու պահը հարթել և հարց ուղղեց վկային, թե արդյոք իրեն ճանաչում է և այսօր դատարան գալուց առաջ ուղղորդել են վկային, Գառնիկ Մարտիրոսյանը պատասխանեց` ոչ:

Սաչկովի պաշտպանները միջնորդեցին ընթերցել վկայի` նախաքննական մարմնին տված ցուցմունքներից այն հատվածը, որում վկան այդ հարցին հստակ պատասխան է տալիս: Այդպիսով, 2014 թվականի փետրվարին լրացուցիչ հարցաքննության ժամանակ հարց է ուղղվել Գառնիկ Մարտիրոսյանին, թե արդյոք նա ջնջել է այդ օրվա տեսագրությունը, Գառնիկ Մարտիրոսյանը պատասխանել է. «Հասկանալով, որ ակամա մասնակից եմ դարձել ինչ-որ ապօրինության, որոշել եմ ջնջել տեսահսկման համակարգից  2013թ. հոկտեմբերի 23-ից լույս 24-ի տեսանկարահանումը, ինչը և արել է»:

Նախաքննական ցուցմունքի այս հատվածն ընթերցելուց հետո Գառնիկ Մարտիրոսյանը խոստովանեց, որ այո, իսկապես անձմաբ ջնջել է այդ տեսագրությունը:

«Ազատության 24 շենքում, մտել եմ մեր տեխնիկի մոտ, Ազարյան Արմենի, նայեցի, ու իրա մոտ էլ ջնջել եմ»,- խոստովանեց նա:

Գառնիկ Մարտիրոսյանը հարցաքննությունն այս նիստին ավարտվեց: Սակայն պաշտպանները խնդրեցին նրա կոնտակտները պահել, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրան կարողանան կրկին դատակոչել:

Վլադիմիր Սաչկովը դատարանին գրավոր դիմում էր ներկայացրել` կապված այն հանգամանքի հետ, որ 2 տարի և 10 ամիս գտնվում է անազատության մեջ, չի տեսել իր երեխաներին, մասնավորապես` փոքրին ծվելուց հետո ընդհանրապես: Երկարատև տեսակցության հնարավորություն էր խնդրում դատարանից, քանի որ քրեակատարողական հիմնարկը միայն կարճատև հանդիպում է թույլատրում: «Դատարանն ինչ կապ ունի դրա հետ, դա քրեակատարողական հիմնարկն է տալիս»,- եղավ դատավոր Բեկթաշյանի արձագանքը:

Սաչկովը բացատրեց, որ ՔԿՀ-ի դիրքորոշումն այն է, որ ինքը դատական պրոցեսում է գտնվում, և ՔԿՀ-ն իրավունք չունի միջամտելու:

Դատավորը Սաչկովին առաջարկեց հաջորդ նիստին ներկայացնել ՔԿՀ-ի պատասխանը դատարանին: Դրանից հետո կանդրադառնան դրան:

Դատավորը քննության չառավ նաև պաշտպան Ռշտունու միջնորդությունը` ՌԴ դեպանատան երաշխավորությամբ Սաչկովի կալանքը գրավով փոխարինելու մասին: Պատճառաբանեց, որ նմանատիպ միջնորդություն արդեն քննարկվել է: Նարինե Ռշտունին էլ պարզաբանեց, որ երբ դատավորը նախորդ միջնորդությունը մերժել է, որպես հիմնավորում նշել է, որ երաշխավորությունն անձամբ դեսպանի` որպես անձի կողմից է ներկայացվել: Այժմ իր միջնորդությունը դեսպանատան` որպես կազմակերպություն երաշխավորելու մասին է:

Դատախազ Հայկ Հակոբյանն առարկեց` նշելով, որ նոր հիմք չկա միջնորդության մեջ: Ավելին, չեն վերացել Սաչկովին կալանքի տակ պահելու նախկին հիմքերը: 

Մեկնաբանություններ (1)

ee
դե մի անարդհար բան արել է եդ վօստիկանության պետ վօր սա ել սպալել է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter