
Բաղդասարովի նավթային բիզնեսը, նախագահների հարազատներն ու ռուսները
Վահե Սարուխանյան
Շարունակում ենք ներկայացնել Հայաստանի երբեմնի խոշոր օլիգարխներից Միխայիլ Բաղդասարովի բիզնես-համակարգի անկումն ու անցումն այլ անձանց: Արդեն գրել ենք «Արմավիայի» ու «Միկա-Ցեմենտի» մասին: Եթե առաջինը սնանկացավ ու հիմա գույքի աճուրդից հետո պիտի լուծարվի, երկրորդի ունեցվածքը վարկի դիմաց գրավադրվեց «ՎՏԲ» բանկում ու այժմ, ըստ մամուլի, վերջինս պատրաստվում է Հրազդանում գտնվող ցեմենտի գործարանը վաճառել մեկ այլ բանկի՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին:
«Միկա Քորփորեյշն»
Բաղդասարովի «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2006-ին, գործունեությունը բենզինի մեծածախ առեւտուրն էր: Ընկերությունը վառելիքի ոլորտի խոշորագույն ընկերություններից էր մեր երկրում: Չնայած 2010-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ուսումնասիրության արդյունքում ընկերությունը տեղ չէր զբաղեցրել բենզինի ու դիզվառելիքի շուկայի գերիշխողների ցանկում, այդուհանդերձ, «Միկան» 2011-ին, ի թիվս «Ֆլեշ» «Սիթի Պետրոլ Գրուպ», «Ռան-Օյլ» եւ «Մաքսհուր» ընկերությունների, ճանաչվել է իր ցանցով գերիշխող ընկերություն, քանի որ մյուսների պես ունեցել է 4 եւ ավելի լցակայան:
Ընկերությունն իր այլեւս չգործող կայքում ժամանակին նշել էր, որ հանդիսանում է «Միկա Արմենիա Թրեյդինգ» ՍՊԸ-ի իրավահաջորդը եւ շահագործում է «Միկա» անվամբ ավելի քան 50 բենզալցակայաններ եւ նավթամթերքի պահեստարաններ հանրապետության գրեթե բոլոր շրջաններում: Ըստ այդմ՝ նավթամթերքը «Միկան» ներկրում էր Հունաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից:
2013-ի վերջին, 2014-ի սկզբին սկսեցին լուրեր տարածվել, որ Բաղդասարովն իր նավթային ակտիվները՝ լցակայանները, բազաները, գրասենյակային տարածքները, վաճառել է ռուսական «Ռոսնեֆտին»: Բայց մինչեւ սրան անդրադառնալը նշենք պետությանն ունեցած պարտքերի մասին:
Մարզահամալիրի պետականացումը չգործող «Արմավիային» դարձրեց խոշոր հարկատու
2014-ի օգոստոսին ԴԱՀԿ ծառայությունը «Արմավիայի» եւ «Միկա Քորփորեյշնի»՝ պետության հանդեպ ունեցած ընդհանուր 24 մլրդ դրամ պարտքի դիմաց հարկադիր աճուրդի հանեց Երեւանում գտնվող «Միկա» մարզահամալիրը, որը պատկանում էր «Միկա Քորփորեյշնին»: Համալիրը գնահատվել էր 12 մլրդ դրամ եւ աճուրդի հանվել դրա 75 տոկոսի չափով՝ 9 մլրդ դրամով: Սակայն գնորդ չեղավ, եւ կառավարությունը որոշեց մարզահամալիրն այդ գնով վերցնել իրեն ու կցել ֆիննախին (ներկայում գտնվում է ՊԵԿ-ի բալանսում): Պետականացումը տեղի ունեցավ խախտումներով, ինչի մասին գրել ենք:
9 մլրդ դրամից 7,1 մլրդ-ը հանվեց «Արմավիայի» պարտքից, իսկ 1,9-ը՝ «Քորփորեյշնի»: Սրա արդյունքում 2014-ին «Արմավիան», որը 2013-ի գարնանից թռիչքներ չէր կատարում, ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրեց 11-րդ տեղը, ինչը զարմացրեց շատերին: «Միկա Քորփորեյշնն» էլ 71-րդն էր:
Բայց ինչպես տեսնում ենք, այսքանով Բաղդասարովի ընկերությունների՝ պետությանն ունեցած պարտքը չմարվեց: Երբ 2014-ի հոկտեմբերին «Արմավիան» սնանկ ճանաչվեց, ու ի հայտ եկան պարտատերերը, դրանց թվում էր նաեւ ֆինանսների նախարարությունը՝ ավելի քան 2 մլն դոլարի պահանջով:
2016-ի հոկտեմբերի 31-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Ալեքսեյ Սուքոյանը Երեւան համայնքի (քաղաքապետարանի) պահանջով սնանկ է ճանաչել «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ին: Ընկերությունը 1,2 մլն դրամի հողի հարկի պարտք ուներ քաղաքին: Նոյեմբերին ՓԲԸ-ն վճարել է պարտքը եւ այդ հիմքով վերաքննիչ բողոք ներկայացրել, որը, սակայն, վերջերս՝ մարտի 30-ին, մերժվել է. վերաքննիչ ատյանը նշել է, որ չի կարող ընդունել այն ապացույցները, որոնք չեն ներկայացվել առաջին ատյանում: Փաստորեն, շուտով հայտնի կդառնան սնանկացած ՓԲԸ-ի պարտատերերը, որոնց մեջ, թերեւս, կտեսնենք նաեւ պետությանը՝ համապատասխան պահանջով:
«Պետրոլ Մարկետ». նավթային ընկերության իրավահաջորդը
2014-ի փետրվարին Բաղդասարովը հիմնել էր «Պետրոլ Մարկետ» ՍՊԸ-ն: Օլիգարխի ղեկավարման հատվածում՝ մինչեւ 2015-ի օգոստոսի 24-ը, ՍՊԸ-ի տնօրենը Տիգրան Մարտիրոսյանն էր, որի մասին գրել ենք նախորդ հոդվածում: Վերջինս Հրազդանի ցեմենտի գործարանը 2013-2016 թթ. կառավարած «Ցեմենտ Սերվիս» ՍՊԸ-ի 50 տոկոսի տերն է:
«Պետրոլ Մարկետը» դարձել է «Միկա Քորփորեյշնի» իրավահաջորդը, սակայն քանի որ վերջինս չի լուծարվել, պետք է մտածել, որ տեղի է ունեցել մեկ իրավաբանական անձից մեկ այլ իրավաբանական անձի տարանջատում՝ առանձնացում, ինչպես, օրինակ, «Միկա-Ցեմենտի» եւ «Բետոն Մարկետի» պարագայում, որին անդրադարձել ենք: Այս դեպքում, ըստ օրենքի, յուրաքանչյուր ընկերության իրավունքներն ու պարտականությունները տարանջատվում են՝ բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:
2015-ի օգոստոսին Մ. Բաղդասարովն իր նավթային ակտիվները ռուսական «Ռոսնեֆտին» վաճառել է հենց «Պետրոլ Մարկետի» օտարմամբ: Բաղդասարովի 100 տոկոս բաժնեմասն անցել է Մոսկվայում գրանցված «ՌՆ-Երեւան» ՍՊԸ-ին, որը «Ռոսնեֆտի» համակարգի մեջ է: Դրա տնօրենների խորհրդի նախագահը ռուսական գիգանտի փոխնախագահ, վարչության անդամ Դիդյե Կասիմիրոն է (նկարում), ով նաեւ «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն է:
Վաճառվելուց հետո «Պետրոլ Մարկետի» հասցեն Երեւանի Բելյակովի 5-ից, որը Բաղդասարովի ընկերությունների հիմնական հասցեն էր, տեղափոխվել է Գրիգոր Լուսավորչի 9, որտեղ գործում է «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ն: Հարկային ծառայության հարկ վճարողների փնտրման համակարգում «Պետրոլ Մարկետի» գործունեության տեսակ է նշված թորած նավթամթերքի արտադրությունը:
Սուրենավանի բիտումի գործարանը. «Աբիտ», «Բիտում Մարկետ», «Պետրոլ Մարկետ»
2006-ի փետրվարի 20-ին Մ. Բաղդասարովի «Միկա Արմենիա Թեյդինգ» ՍՊԸ-ն (հետագայում լուծարվել է) եւ օֆշորային Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում գրանցված «Bonwarren Trading Limited» ընկերությունը Երեւանում հիմնել են «Աբիտ» ՍՊԸ-ն: Հետագայում ընկերության հասցեն տեղափոխվել է Արարատի մարզի Սուրենավան գյուղ, ինչը պատահական չէ: Հենց Սուրենավանում հայ-ռուսական «Աբիտ» ընկերությունը հիմնեց բիտումի գործարան: Աշխատանքները սկսվել էին 2006-ին, իսկ գործարանի բացումը տեղի ունեցավ 2009-ի մայիսի 15-ին (ստորեւ՝ լուսանկարում):
Բիտումը նավթամթերք է, որն օգտագործվում է ասֆալտի արտադրության մեջ: Բաղդասարովն ու նրա ռուս գործընկերները (ըստ էության, կիպրական ընկերության իրական տերերը) որոշել էին Հայաստանում այսպիսի ձեռնարկություն հիմնել՝ նկատի ունենալով մեր երկրում ճանապարհաշինարարության մեջ բիտումի մեծ ծավալների անհրաժեշտությունը: Ընդ որում՝ գործարանի մեկնարկից շատ չանցած մեկնարկեց «Հյուսիս-հարավ» ծրագիրը, որը գործարանի հիմնական գնորդը պիտի լիներ: Մինչ այդ բիտումը բերվում էր Իրանից, սակայն Հայաստանի բնակլիմայական պայմանների պատճառով իրանական բացառապես մեկ տեսակի բիտումի կիրառումը խնդիրներ էր առաջացնում: Իսկ Սուրենավանում հնարավորություն էր ստեղծվել արտադրել տարբեր տեսակի բիտում: Միաժամանակ նշվում էր, որ ֆինանսապես ձեռնտու չէ Ռուսաստանից այս նավթամթերքի ներկրումը: Փոխարենը «Աբիտը» ՌԴ-ից սկսեց ներկրել բիտումի հումքը՝ գուդրոնը:
Գործարանի համար Բաղդասարովն ու գործընկերները ներդրել էին շուրջ 22 մլն դոլար: Կառույցի տարեկան առավելագույն հզորությունը 43 հազ. տոննա է, սակայն գործարանն ամսական արտադրում է 3000 տոննա:
2006-ին «Աբիտի» երկու սեփականատերերին միացել է մեկ այլ կիպրական ընկերություն՝ Լիմասոլում գրանցված «Lavarden Enterprises Limited»-ը (հետագայում լուծարվել է): 2007-ին փայատեր է դարձել նաեւ Բաղդասարովի օֆշորային «Միկա Լիմիթեդ» ընկերությունը: 2008-ին «Աբիտի» տերերից «Միկա Արմենիա Թրեյդինգ» ՍՊԸ-ին փոխարինել է «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ն, որը, սակայն, շատ չանցած դուրս է եկել ընկերությունից:
Շուտով՝ 2008-ի մարտին, բիտումի գործարանում փայատեր է դարձել երեւանյան «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ն, որը ստեղծվել էր դրանից երկու ամիս առաջ՝ հունվարին: 50/50 համամասնությամբ այս ընկերության տերերն են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը (լուսանկարում), եւ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Լյովայի (Լեւոնի) Սարգսյանը: Ընկերությունն այսօր էլ գործում է, գործունեության տեսակը սեփական կամ վարձակալված անշարժ գույքը վարձով տալն է եւ այլ գործառնություններ:
Փաստորեն, տարածաշրջանում բիտումի արտադրության եզակի ձեռնարկության մեջ փայ էին մտել նախագահների ազգականները: Շեշտենք, որ Հայաստանում Բաղդասարովի բիզնեսները առաջատար կամ գերիշխող դիրքեր են ունեցել, մասնավորապես, իշխանությունների հետ ունեցած ջերմ հարաբերությունների շնորհիվ:
![]() |
![]() |
Նկարները մեծացնելու համար սեղմեք դրանց վրա
Հետաքրքիր մի փաստ. 2014-ի հոկտեմբերին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն «Աբիտին» սնանկ ճանաչելու դիմում է ներկայացրել դատարան, սակայն մեկ ամիս անց խնդրել է վերադարձնել դիմումը, ինչի հիմքով էլ գործը կարճվել է:
2015-ի փետրվարին, երբ արդեն տեւական ժամանակ ասպարեզում էին օլիգարխի կողմից նավթային ակտիվները վաճառելու մասին լուրերը, «Աբիտի» սեփականատերերի ցանկից դուրս են եկել կիպրական 2 ընկերությունները, մարտին էլ՝ «նախագահական» արմատներ ունեցող «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ն:
2015-ի ապրիլին Բաղդասարովը հիմնել է «Բիտում Մարկետ» ՍՊԸ-ն՝ գրանցված գործարանի հասցեում: Այն դարձել է «Աբիտի» իրավահաջորդը: Վերջինս, սակայն, չի լուծարվել (այսինքն՝ գործել է նույն մեխանիզմը, ինչ որ «Միկա-Ցեմենտ»-«Բետոն Մարկետ», «Միկա Քորփորեյշն»-«Պետրոլ Մարկետ» հարաբերություններում):
«Բիտում Մարկետը» երկար կյանք չի ունեցել: Շուտով ընկերությունը լուծարման ճանապարհով միավորվել է «Պետրոլ Մարկետի» հետ: Այսինքն՝ թե առաջինը, թե երկրորդն իրենց ունեցվածքով ամբողջությամբ անցել են «ՌՆ-Երեւան» ռուսական ընկերությանը: Նշենք, որ «Պետրոլ Մարկետի» կանոնադրական կապիտալը ներկայում 5,6 մլրդ դրամ է:
Ըստ «Արմինֆոյի»՝ Բաղդասարովի նավթային ակտիվների վաճառքի գործարքը ռուսներին արժեցել է 40 մլն դոլար:
Իսկ ահա «Աբիտ» ՍՊԸ-ն, որի միակ փայատեր է մնացել «Միկա Լիմիթեդը», դադարեցրել է գործունեությունը, բայց չի լուծարվել (կանոնադրական կապիտալը շուրջ 155 մլն դրամ է):
2015-ի նոյեմբերի 7-ին Սերժ Սարգսյանը, ում մասնակցությամբ բացվել էր գործարանը, կրկին այցելել էր Սուրենավան (լուսանկարում): Արդեն ռուսներին պատկանող ձեռնարկության ներկայացուցիչները նշել էին, որ երկաթգծով ՌԴ-ից բերվող հումքով ամսական արտադրում են 3000 տ բիտում: Ավելացրել էին, որ տարեկան 43 հազ. առավելագույն հզորության անցնելու դեպքում աշխատակիցների քանակը 39-ից կարող են հասցնել 50-ի, այնինչ 2009-ին՝ բացման ժամանակ, նշվել էր, որ ձեռնարկությունում աշխատում է մոտ 100 մարդ:
Ավելի ուշ «Ռոսնեֆտը» հայտարարեց, որ 2014-2015 թթ. Սուրենավանում արտադրվել է 10 հազ. տոննա բիտում, որն իրացվում է Հայաստանում:
Մեկնաբանել