HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի՞, թե օրինական որոշումներ. «Լուսավոր Հայաստանում» ուսումնասիրում են Վանաձորի ավագանու որոշումների իրավական հիմքերը

Գայանե Սարգսյան

Մարտի 31-ին կայացած Վանաձոր համայնքի ավագանու նիստը նախընտրական թոհուբոհում աննկատ մնաց: 33 անդամից նիստին ներկա ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները ներկայացնող ավագանու 15 անդամների ներկայությունը բավարար համարելով` համայնքապետ Մամիկոն Ասլանյանը նիստը համարել էր իրավազոր` այն հիմնավորելով այսպես. «Հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՏԻՄ օրենքի 64 հոդվածի 3 և 4 կետերով նիստն իրավազոր է  համարվում, եթե նիստին ներկայանում են որոշումներ ընդունելու համար բավարար թվով ավագանու անդամներ և որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան ավագանու անդամների ձայների 1/4-ի չափով»:

Ավագանու նիստից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար, ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը հայտարարել էր՝ նիստն իրավազոր չի եղել:

«Դա միանշանակ ոչ իրավազոր նիստ է եղել, ապօրինի է եղել նիստն ի սկզբանե: Դեռ այն ժամանակ, երբ իրենք քննարկում էին և հղում էին կատարում 64-րդ հոդվածի վրա, ասելով, որ օրենքը թույլ է տալիս 9 հոգով նիստ անել, դա բացարձակապես որևէ իրավական հիմք չուներ ու որևէ տրամաբանության մեջ չէր տեղավորվում: Եվ մենք հերթական անգամ գործ ունենք հանրապետական կուսակցության կողմից հերթական ապօրինության հետ: 9 հոգով կարող են որոշում կայացնել այն դեպքում, երբ 17 հոգանոց ավագանու նիստը իրավազոր կերպով սկսվել է: Այսինքն 9-ը 17-ի 50 + 1 տոկոսն է, բայց 9-ը 33-ի ինքներդ հաշվեք, թե որ տոկոսն է: Հետևաբար, հնարավոր չէ նման հիմնավորումով ավագանու նիստ անել,- նշել էր Ք. Մարուքյանը` հավելելով,- այդ նիստում կայացված որոշումները որևէ իրավական հիմք չեն կարող ունենալ ու իրականացման ենթակա չեն»:

Վերջինիս կարծիքով` համայնքապետը շտապել է ավագանու նիստ հրավիրել` հաշվի առնելով ՏԻՄ օրենքի 23 հոդվածի 5-րդ կետը, որը սահմանում է. Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նաեւ եթե «ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում»:

«Շատ պարզ է, որ ապրիլի 10-ին լրանում է  6-ամսյա ժամկետը և բնականաբար, գոնե մի նիստ անելու համար կազմակերպվել է նման միջոցառում, որը որևէ կերպ չի կարող համարվել նիստ ու դրա հիման վրա հետագայում փորձելու են հիմնավորել, որ վեց ամսվա ընթացքում նիստ կայացել է»,- ասում է ավագանու անդամը:

Հաշվի առնելով նախընտրական թոհուբոհը` «Լուսավոր Հայաստանից» խոստացել էին նախատեսվող քայլերի մասին բարձրաձայնել ԱԺ ընտրությունների ավարտից հետո:

Այսօր մեր հարցին, թե ինչ քայլեր է նախատեսում «Լուսավոր Հայաստանը», կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդեց, որ մնում են նույն տեսակետին՝ նիստն ապօրինի է եղել, այժմ ուսումնասիրում են իրավական հիմքերը, որից հետո միայն այն համապատասխան ատյաններում վիճարկելու համար վերջնական եզրակացության կգան:

Մինչ կուսակցությունը մտածում է ընդունված որոշումները չեղարկելու մասին, ավագանու կողմից հաստատված որոշումների մի մասն արդեն իսկ ուժի մեջ է մտել, մի քանիսն էլ իրավական ուժ կստանան առաջիկա օրերի ընթացքում:

Մարտի 31-ին շուրջ 3.5 ժամ տևած նիստի ընթացքում նիստին ներկա 15 ավագանու անդամները գրեթե բոլոր դեպքերում միաձայն ընդունել են որոշման 14 նախագիծ, որոնց թվում նաև համայնքի համար կարևորագույն որոշումներ: Մասնավորապես, հաստատվել է համայնքի ղեկավարի վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակը, դրույքաչափերը, 2017թ.-ի բյուջեն, 2017-2021թթ.-ի համայնքի զարգացման ծրագիրը, սահմանվել են տեղական տուրքերի նոր դրույքաչափեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter