HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Տողի դպրոցը սեփական խաղողի այգի ունի

Մինչ առավոտյան Տողի միջնակարգ դպրոցի կրտսեր օղակի աշակերտները դաս էին պարապում, բարձր դասարանցիներն արդեն դույլերով ու բահերով սպասում էին մասնագետներին, որոնք պետք է ցույց տային, թե ինչպես խաղողի վազ տնկել։ Աշակերտները պատմում են, որ մի օր առաջ արդեն նախապատրաստել են ապագա  խաղողի այգու տարածքը։ Աղջիկները հողը մաքրել են մոլախոտերից, իսկ տղաները տնկիների համար փոսերն են փորել։

«Սեմինա Քոնսալթինգ» ընկերության, «Կատարո» գինու գործարանի և Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության համատեղ աջակցությամբ Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի դպրոցի բակում փոքր խաղողի այգի  են հիմնել դպրոցականները։

«Կատարո» գինեգործարանի համահիմնադիր Գրիգորի Ավետիսյանի խոսքով՝ «Սեմինա Քոնսալթինգ» ընկերության հետ միասին դպրոցի խաղողի ագու համար տրամդրել են մոտ 300 տնկի, սյուներ ու մետաղալար։

«Այգու մշակման հարցում մենք մի որոշ ժամանակ խորհրդատվությունից բացի կօգնենք նաև ժամանակին սրսկումներ անել։ Իսկ կրթության նախարարությունը խոստացավ համապատասխան ժամաքանակ տրամադրել, որպեսզի բարձր դասարանցիներն այգեգործության հմտությունները սովորեն՝ սկսած վազը տնկելուց, մինչև խաղողի մթերում»,- ասաց Գ․Ավետիսյանը՝ հավելոլով, որ 3-4 տարուց հետո երկող հերթափոխի համար ևս կտրամադրեն տնկիների նոր խմբաքանակ։

«Սեմինա Քոնսալթինգ» ընկերության գործադիր տնօրեն Վահե Քուշգերյանի խոսքով՝ սա միայն ծրագրի պիլոտային փուլն է։

«Տողի դպրոցում ծրագիրը հաջողելու դեպքում, խաղողի փոքրիկ այգիներ կհիմնենք Արցախի տարբեր բնակավայրերում։ Մեր նպատակն է այս կերպ ևս նպաստել Արցախում խաղողագործության ու գինու արտադրության զարգացմանը»,-ասաց Վ․ Քուշգերյանը։

Գրիգորի Ավետիսյանը ուրախությամբ նշեց, որ Վահե Քուշգերյանն ու Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի համակարգող Ռոբերդ Այդաբիրյանը( ով նույնպես ներկա էր այգետունկին ) խոստացան աշակերտների մշակած այգու բերքը գնել շուկայականից 5 անգամ ավելի թանկ գնով։ Տողի միջնակարգ դպրոցի տնօրեն Վլադիկ Ղահրիյանն համոզված է,  որ խաղողագործությամբ զբաղվելը դպրոցականներին կօգնի նաև հետագա մասնագիտության ընտրության հարցում։

«Փաստ է, որ այսօր շրջանավարտների ճնշող մեծամասնությունը բարձրագույն կրթություն են ստանում, սակայն հետագայում աշխատանք գտնելու հարցում դժվարությունների են հնդիպում։ Մեր նպատակն է, որ աշակերտներին խաղողագործության հմտություններ սովորեցնել, որ իրենք էլ իրենց հերթին նպաստեն գյուղատնտեսության այդ ճյուղի զարգացմանը»,-ասաց Վ․Ղահրիյանը։

Ավարտական դասարանների աշակերտներից միայն մի հոգի է պլանավորում գինեգործ դառնալ։16-ամյա Էդվարդ Ավետիսյանին մասնագիտության ընտրության հարցում ընտանեկան բիզնեսն է ոգևորել։

«13 տարեկանից օգնում եմ «Կատարո»-ի արտադրության գործում։ Իսկ վերջերս էլ առիթ եմ ունեցել հորեղբորս՝ Գրիգորի հետ մասնակցել մի քանի էքսպոների ու տոնավաճառների»,-ասում է Էդվարդը։

Դպրոցի տնօրենը վստահեցրեց, որ մասնագետների պակաս չունեն։ Ուսուցիչներից շատերը, այդ թվում և ինքը, մեծ փորձ ունեն խաղողագործության ոլորտում։

Ինչ վերաբերում է այգուց ակնկալվող եկամուտին, զրուցակիցս ասում է, որ հավելյալ գումարը, իհարկե, չէր խանգարի դպրոցի նյութատեխնիկական բազան համալրելու համար։ Բայց իրենց համար եկամուտն առաջնային չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter