HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյան. «Պետք է խաղի կանոնները սահմանել սկզբունքային, ռադիկալ և երկարատև»

Այսօր Կառավարության նիստի ընթացքում քննարկվել է 97 բնակավայրերի ներմարզային երթուղիներով, ժամանակակից և հարմարավետ տրանսպորտային միջոցներով սպասարկման հարցը: Վարչապետ Կարեն Կարապետյանը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին տվել է համապատասխան հանձնարարական. «Հարկ է նշել, որ տրանսպորտային համակարգի բարեփոխումները սերտորեն կապված են նաև միջպետական, հանրապետական նշանակության և համայնքային ճանապարհների տեխնիկական վիճակի հետ: Տվյալ խնդրի շուրջ ունեցել ենք քննարկումներ, բայց կարծում եմ՝ ժամանակն է սահմանել խնդրի լուծման հստակ վերջնաժամկետները»,-ասել է վարչապետը:

Այդ նպատակով գործադիրի ղեկավարը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել է 3-շաբաթյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հանրապետության և մարզերի համար նախատեսված ուղևորափոխադրման երթուղային ցանցի նոր տարբերակ, որի պարագայում կլուծվի նշված 97 բնակավայրերի՝ ներմարզային երթուղիներով, ժամանակակից և հարմարավետ տրանսպորտային միջոցներով սպասարկման հարցը:

Հանձնարարվել է 3-շաբաթյա ժամկետում ակտիվացնել ՀՀ-ում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պետբյուջեից և վարկային ծրագրերով ֆինանսավորվող շինարարական և վերականգնողական աշխատանքները, և կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն 2017թ. նախատեսված աշխատանքների վերաբերյալ: 1-ամսյա ժամկետում կմշակվի և կառավարության աշխատակազմ կներկայացվի «ՀՀ ճանապարհների շինարարության և պահպանման» հիմնադրամի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումը՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը: Առաջարկություն կներկայացվի նաև նշված հատուկ հիմնադրամը ֆինանսական ռեսուրսների ապահովման և հնարավոր աղբյուրների վերաբերյալ: 

«Մենք պետք է միջպետական 1800 կմ, հանրապետական 1900 կմ, համայնքային 3800 ճանապարհների հստակ ռանգավորում ունենանք, յուրաքանչյուրի գնահատականը տանք: Պետք է ունենանք յուրաքանչյուր հատվածի վերաբերյալ համապատասխան էլեկտրոնային տեղեկատվություն: Երկրորդ՝ բոլոր վերանորոգման, շինարարական աշխատանքները կազմակերպելու ժամանակ քննարկեք տարբերակ, որ շինարարներին մենք պատվիրակելու ենք ճանապարհի հսկողությունն ու շահագործումը, որպեսզի իմանան, որ հետագայում առաջացած խնդիրներն իրենք են լուծելու: Այդ ամենը պետք է անել առավելագույնս բաց ու թափանցիկ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ պետք է տրանսպորտային ցանցը բաժանել լոտերի՝ ըստ շահութաբերության, որպեսզի պոտենցիալ ներդրողը հասկանա իր գործողությունը, բիզնեսի երկարատևությունը, պայմանը: «Պետք է խաղի կանոնները սահմանել սկզբունքային, ռադիկալ և երկարատև: Ձեզանից շատ արագ լուծումներ եմ սպասում»,-նշել է վարչապետը՝ դիմելով ՀՀ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter