Ֆրանսիայի ԱԺ-ում ընդունելություն՝ Արցախի անկախության հանրաքվեի 20-ամյակի կապակցությամբ
Ֆրանսիայի Ազգային ժողովում դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեի ընդունման 20-ամյակին նվիրված ընդունելություն: Հրավիրյալների թվում եղել են ֆրանսիացի խորհրդարանականներ, սենատորներ, լրագրողներ, մտավորականներ, հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Նշանավոր իրադարձության կապակցությամբ ելույթով հանդես են եկել Ֆրանսայի Ազգային ժողովի պատգամավորներ Ռիշար Մալյեն, Ֆրանսուա Ռոշբլուանը, Ֆրանսայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, Ֆրանսայում Հայաստանի դեսպանության դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը: Վերջինս նաեւ անդրադարձել է 1988 թվականի աղետալի երկրաշարժի 23-րդ տարելիցին` երախտագիտություն հայտնելով Ֆրանսայի կառավարությանն ու ժողովրդին ողբերգության հաղթահարման գործում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:
Պաշտոնական արարողության շրջանակներում տեղի է ունեցել նաեւ «Արցախ` հայ արվեստների եւ ավանդույթների պարտեզ» պատկերազարդ գրքի շնորհանդեսը, որի հրատարակման գործում մեծ ավանդ են ներդրել Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչությունը եւ Ֆրանսայում գործող Սատար Ղարաբաղին կազմակերպությունը:
Ինչպես իր խոսքում նշել է գրքի համահեղինակ, արվեստագետ Պատրիկ Դոնաբեդյանը, գիրքը նվեր է Արցախի հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ:
«Արցախի ժողովրդի ազատության, անկախության հարցն է դրդել մեզ՝ հինգ հեղինակներիս, սկսելու եւ ավարտին հասցնելու այս գործը»,- նշել է Դոնաբեդյանը: Աշխատությունը նաեւ արտահայտությունն է արցախի ժողովրդի ստեղծարար մտքի ու ազատատենչ հոգու:
Ֆրանսերեն եւ անգլերեն երկլեզու աշխատությունն ընթերցողի առաջ բացահայտում է Արցախի պատմությունը, հնագիտական հարստությունը, ճարտարապետությունը, որը ներկայացված է բազմաքանակ եկեղեցիներով, վանքերով ու մատուռներով, խաչքարի արվեստով, ինքնատիպ ոճով ու գունային լուծումներով հարուստ ձեռագիր մատյաններով եւ վերջապես գորգագործության անկրկնելի արվեստով:
Հեղինակային կազմում ընդգրկված են ֆրանսացի եւ ֆրանսահայ հանրահայտ համալսարանականներ, գիտնականներ, Ղարաբաղի պատմության եւ քաղաքակրթության մասնագետներ: Մեծ է նրանց ներդրումը գիրքը մասնագիտական եւ ընթերցող լայն շրջաններին հասանելի դարձնելու գործում: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել