Բնապահպանության նախարարն ընդունել է «ECO» կազմակերպության թիմին
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է Գերմանական KFW բանկի օժանդակությամբ սկսված «Շիկահող» պետական արգելոցում կենսոլորտային տարածքի ստեղծման տեխնիկական առաջադրանքը պատրաստող «ECO» կազմակերպության թիմին` ղեկավար պարոն Գյունտերի Լոյսքանդելիի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է KFW բանկի ներդրումն այս ծրագրում, ինչը կազմում է շուրջ 8 մլն 250 հազար եվրո: Այն առանձնանում է իր բնապահպանական ու սոցիալական բաղադրիչների համադրմամբ և նպատակաուղղված է հարավային Հայաստանի` Սյունիքի մի հատվածի սոցիալ տնտեսական զարգացմանը, Շիկահող և Արևիկ ազգային պարկերի բազայի վրա կենսոլորտային պահպանավայրերի ստեղծմանը:
Նախարար Հարությունյանը, կարևորելով ծրագիրը, առաջարկել է պատվիրակությանը հնարավորինս արագ ներկայացնել ծրագրային առաջարկությունները, որպեսզի տարածաշրջանի բնակչությունն ավելի շուտ զգա ծրագրի դրական ազդեցությունը:
Այս ծրագիրը կխթանի մասնավոր սեկտորի նախաձեռնությունները, որոնք նպատակաուղղված կլինեն տարածաշրջանի պահպանվող տարածքների վրա ճնշման նվազեցմանը, էկոտուրիզմի և էկոարտադրանքի ուղղությամբ տարվող աշխատանքների զարգացմանը:
Ծրագիրը ստեղծում է բոլոլոր երաշխիքները, որպեսզի «Շիկահող» արգելոցը, Արևիկ ազգային պարկը, Խուստուփ և Զանգեզուր արգելավայրերը ստանան պատշաճ ֆինանսական, տեխնիկական և մասնագիտական աջակցություն:
Արամ Հարությունյանը բարձր է գնահատել Գերմանական KFW բանկի պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՀ-ում առկա պահպանվող տարածքներին և հույս է հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական և կտա իր դրական արդյունքը՝ ի նպաստ հայրենի բնության: Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել