HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անկախ դիտորդ» ՀԴ. «Ընտրությունները՝ ոչ ազատ և ընտրողների զանգվածային վերահսկողությամբ»

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հայտարարություն է տարածել 2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Ընտրական գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կողմից մշտապես առանձնացվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց չլուծվածությունը հիմք է տալիս կասկածի տակ առնել երկրում կազմակերպված ընտրությունները:

Այդ հիմնախնդիրներից են վարչական ռեսուրսների կազմակերպված և զանգվածային չարաշահումը և դրա դեմ պայքարի անարդյունավետությունը, թեկնածուների հավասար մրցակցային հնարավորությունների բացակայությունը, ընտրողների ազատ կամարտահայտման խոչընդոտների դեմ անարդյունավետ պայքարը, ընտրությունների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սահմանափակումները,   ընտրախախտումների և քվեարկության արդյունքների արդյունավետ բողոքարկման մեխանիզմների ու հնարավորությունների բացակայությունը: 

2016թ. ընդունված նոր ընտրական օրենսգիրքը որևէ պատասխան չտվեց այս մտահոգություններին, այլ առավել խորացրեց վաչական ռեսուրսի ու տարբեր լծակների կիրառման հնարավորությունը` համամասնական ընտրակարգի հիմքում դնելով տարածքային ընտրական ցուցակներով առաջադրման հնարավորությունը: 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի կողմից դեռևս նախընտրական քարոզչության դիտարկման ընթացքում արձանագրվել է, որ.

1. Նախընտրական քարոզչությունն ուղեկցվել է բռնություններով և ճնշումներով, այդ թվում հրազենի գործադրմամբ, որն ուղղված է եղել հիմնականում ոչ իշխանական և/կամ ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների թեկնածուների և համակիրների դեմ:

2. Իշխող ՀՀԿ-ի կողմից կիրառվել է վարչական ռեսուրսների կազմակերպված և զանգվածային չարաշահում:

3. ԿԸՀ-ի հասցեագրված  հանրագրերում բարձրացված հարցադրումները ամբողջ ծավալով, այդ թվում բազմակողմանի քննության չեն առնվել ԿԸՀ-ի կողմից: Իսկ ԿԸՀ-ն իր հերթին բավարար ջանք չի ներդրել և կամք չի դրսևորել քարոզչության ընթացքում հայտնի դարձած և հաստատված իրավախախտումները կանխելու, դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Անհրաժեշտ է արձանագրել, որ քարոզարշավի վերջին օրերին և հատկապես քվեարկության օրը և նախորդող լռության օրը բազմաթիվ ահազանգեր են ստացվել Հայաստանի Հանրապետական կուսակցության, Հայ հեղափոխական դաշնակցության և «Ծառուկյան» կուսակացությունների դաշինքի կողմից ընտրակաշառքների զանգվածային, համատարած բաժանման մասին, որոնց վերաբերյալ հավաստի տեղեկությունները տարածվել են նաև զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական կայքերով: Չնայած դրան, իրավապահների կողմից ընտրակաշառքի գեթ մեկ դեպք առ այսօր չի բացահայտվել կամ կանխվել:

2017թ. ապրիլի 2-ին «Անկախ դիտորդ» դաշինքի շրջանակներում հանրապետության ողջ տարածքի 200 տեղամասային և 35 տարածքային հանձնաժողովներում դիտորդություն իրականացրած դիտորդները զեկուցել են ավելի քան 3050 խախտումների մասին, որոնց հիմնական մասն իրենց բնույթով կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

Դիտարկված 200 տեղամասերից 134-ում (67 տոկոսում) ըստ էության խախտվել է անձանց քվեարկության գաղտնիությունը, քանի որ գրանցվել են դեպքեր, երբ քվեարկության խցիկում եղել են այլ չափահաս անձինք, ովքեր օրենքով սահմանված կարգով ընտրողին օգնող չեն հանդիսացել: Տեղամասերից 101-ում (50,5 տոկոսում) գրանցվել են քվեաթերթիկները քվեախցիկից դուրս լրացնելու դեպքեր: Տեղամասերից 59-ում (29,5 տոկոսում) գրացվել են քվեարկելուց հետո հանձնաժողովի անդամներին կամ վստահված անձանց քվեարկության մասին տեղեկացնեու կամ բարձրաձայնելու դեպքեր:

Այս ամենը վկայում է քաղաքացիների քվեարկության նկատմամբ աննախադեպ  վերահսկողության մասին: Քվեարկության օրվա հիմնական բնութագրող խախտումներ են հանդիսացել նաև պարբերական կուտակումները ընտրատեղամասերի մոտ, որոնք առաջացել են ընտրողներին խմբերով տեղամասեր տեղափոխելու և ուղղորդման հետևանքով: Դիտարկված տեղամասերից 99-ում (49,5 տոկոսում) քվեարկության տարբեր ժամերին գրանցվել են վիճաբանություններ, ինչը ևս մեկ անգամ վկայում է քվեարկության օրը տեղամասերից առնվազն կեսում լարված մթնոլորտի մասին:

Ելնելով վերոգրյալից` «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն արձանագրում է`

1. Նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված շատ խնդիրներ (վարչական ռեսուրսների զանգվածային և կազմակերպված չարաշահում, առաջադրված կուսակցությունների և դաշինքների մրցակցային անհավասար պայմաններ) և դրանց կանխման, վերացման ուղղությամբ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ոստիկանության, այլ իրավապահ մարմինների ոչ պատշաճ արձագանքի և անգործության արդյունքում ձևավորված անպատժելիության մթնոլորտը իր ազդեցությունն ունեցավ նաև քվեարկության օրը:
2. Տարածքային թեկնածուների միջոցով իշխող կուսակցության համար ցանկալի արդյունքների ապահովումն իրականացվեց ընտրակաշառքների և այլ ապօրինի միջոցներով, որոնք որևէ կերպ չկանխվեցին և առայժմ պատշաճ չքննվեցին իրավասու մարմինների կողմից:
3. ՀՀ Ազգային ժողովի քվեարկությունն ընթացավ բազմաթիվ խախտումներով և քվեարկողների նկատմամբ զանգվածային վերահսկողության պայմաններում:
«Անկախ դիտորդ» հասարական դաշինքը 2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները գնահատում է ամբողջությամբ ոչ ազատ և ուղեկցված ՀՀ քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական իրավունքների կոպիտ ոտնահարմամբ:
Որոշակի տեսակների խախտումների տեղամասերի ցանկը կգտնեք աստեղ՝ PDF և EXCEL ձևաչափերով: Դաշինքի նախնական եզրակացությունը՝ այստեղ:


«Անկախ Դիտորդ» հասարակական դաշինք, ի դեմս՝
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի
Իրազեկ քաղաքացիների միավորման
Մարտունու կանանց համայնքային խորհրդի
Գորիսի մամուլի ակումբի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter