Կենտրոնական բանկը պարզաբանում է մարտ ամսվա գնաճի ցուցանիշը
«Մարտ ամսվա գնաճը փետրվարի նկատմամբ, ըստ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների, կազմել է -0,3%, ինչի արդյունքում տասներկուամսյա գնաճը կազմել է -0,1%: Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ) ապրանքախմբի տասներկուամսյա գնաճը կազմել է 103,3%, ոչ պարենային ապրանքներինը` 96,5%, ծառայությունների սակագներինը` 97,4%: Նշենք, որ ծառայությունների սակագների գնանկման մեջ արտացոլված է նաև գազի և հոսանքի սակագների նվազեցման ազդեցությունները:
Մասնավորապես «Կենցաղային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ» ապրանքախմբի գնանկումըկազմել է 6,2%, իսկ նպաստումը ընդհանուր գնաճին կազմել է շուրջ -1 տոկոսային կետ: Հարկ է նշել, որ ԿԲ-ն իր քաղաքականությամբ չի արձագանքում կարգավորվող գների փոփոխություններին, և միայն հաշվի է առնում այլ ապրանքների և ծառայությունների գների վրա դրանց երկրորդային ազդեցությունները:
Ինչպես գնահատվում էր մարտ ամսվա ՀՀ ԿԲ մոնիտորինգի ժամանակ, առաջին եռամսյակի արդյունքով` գնաճի ցուցանիշը 0,3 տոկոսային կետով գերազանցել է կանխատեսված մակարդակը: Գնաճի փաստացի ցուցանիշները և տնտեսության զարգացումները վկայում են այն մասին, որ պահանջարկը շարունակում է վերականգնվել, ընդ որում սպասվածից փոքր-ինչ ավելի արագ: Եթե պահանջարկի վերականգնումը շարունակի դրսևորել կայուն տեմպեր, գնաճի կանխատեսումների ռիսկերը ևս կճշգրտվեն՝ առավել գնանկումայինից դառնալով ավելի հավասարակշռված»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել