HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ընտրություններ են, ես իրանց դուրսն եմ պետք, էրկու ամիս կպահեն բերդում, բաց կթողեն»

Մհեր Ենոքյան«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Ապրիլի 2-ին` ընտրությունների օրը, խցերի ստուգումը սկսվեց սովորականից ավելի ուշ: Մեծ մուրճը ձեռքին ներս մտավ բարձրահասակ, հաղթանդամ հսկիչը: Մի փոքր տխուր, հոգնած դեմքով բարևեց մեզ: Իր ձեռքի մուրճով, ինչպես սովորաբար արվում է, խփեց ճաղերին ու պատերին` ամրությունը ստուգելու համար:

-Ո՞նց եք,- հարցրեց:

-Ինչքանով բանտում կարելի ա լավ լինել, էդքանով` լավ,- պատասխանեցի ես:

-Եթե գաղտնիք չի, կասե՞ս` ում ես ընտրելու, - հարցրեց խցակիցս:

Մի պահ լռելուց հետո, հսկիչը վստահ ձայնով ասաց.

-Ես իմ ընտրությունը 19 տարի առաջ եմ արել ու մնում եմ հավատարիմ…

Խցակցիս հետ մտքերի մեջ ընկանք և սկսեցինք գուշակել:

-Քոչարյանի՞ն ես ընտրել, - մոտավոր հաշվարկ անելով`գրեթե միաձայն հարցրեցինք:

Քոչարյան ազգանունը լսելով` բազմիմաստ ձեռքի մուրճը շարժելով և արդեն խցից դուրս գալով` հսկիչն ասաց.

-19 տարի առաջ կնոջս ընտրեցի ու մինչև հիմա հավատարիմ եմ մնում:

Ծիծաղեցինք...

Ինձ աշխատասենյակ ուղեկցող մի ուրիշ հսկիչի հետ եմ խոսում նույն թեմայով.

-Մենք ուրիշ ընտրության հնարավորություն չունենք (ձեռքով ցույց է տալիս ուսադիրը), գործ ենք գտել` էրկու կոպեկ բան ենք աշխատում, դրանի՞ց էլ զրկվենք…

Կանխորոշված ներկայացումն՝ «Ընտրություններ» անվամբ, ավարտված է: Հիմա գրում եմ այս նամակ-հոդվածս ու հիշում մի քանի ամիս առաջվա պատմություն:

Ամանորից առաջ, երբ ինձ դատական նիստերի էին տանում, հենց դատարանում հանդիպեցի ու ծանոթացա մի կալանավորի հետ: Ահագին զրուցեցինք: Հետաքրքիր անձնավորություն էր` իր յուրովի մոտեցումներով ու աշխարհայացքով: Երբ մնում էինք առանձին (այլ կալանավորներ ու դատապարտյալներ չէին լինում), ավելի բաց տեքստով էինք խոսում:

Իմացա, որ նրան մի շարք հոդվածներով ծանր մեղադրանքներ են առաջադրված և նույնիսկ լավագույն տարբերակով նվազագույնը մոտ 12 տարի ազատազրկում էր սպառնում:

-Իրավաբանականում ես սովորում, ես էլ քեզ ասեցի, թե ինչ ապացույցներ ա հավաքել քննիչը, այ ո՞նց ես կարծում`ձև կա՞, որ ինձ բաց թողեն:

Մի պահ ուզում էի խորանալ օրենքների, իրավաբանության մեջ, բայց հետո հիշեցի, որ նա բազմաթիվ անգամներ հայտնվել է բանտում, երևի ինձինց լավ գիտի ամեն բան:

-Ամեն ինչ էլ հնարավոր ա, - ասացի ես:

-Ճիշտ ես, հեսա ընտրություններ են լինելու, ու ես իրանց դուրսն եմ պետք, էս էրկու ամիսը կպահեն ու բաց կթողեն:

-Բայց ի՞նչ հիմքով,-զարմացա:

-Լավ էլի, Մհե՛ր, դու էն միամիտ, դեղնակտուց կալանավորներից չես…, լավ էլ ջոկում ես կյանքը…Էդ արդեն իրանց գործն ա`ձևը կգտնեն:

Այդպես էլ եղավ: Վերջերս իմացա, որ նա վաղուց ազատության մեջ է...

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Ա. Ա.
Ազատությո՜ւն Մհեր Ենոքյանին: Ազատությո՜ւն անմեղ դատապարտվածներին: ✌

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter