HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Ովքեր էին դիտարկում ընտրությունները. Սամվել Ալեքսանյանի աներձագը` դիտո՞րդ

Խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել էր հայտ ներկայացրած 49 հասարակական կազմակերպություն, որոնց դիտորդների ընդհանուր թիվը ավելի քան 28․000 էր։ Եվ նույնիսկ նրանք, ում քաղաքականությունը քիչ է հետաքրքրում, թերևս լսել են, որ ընտրությունների դիտարկման համար Հայաստան էին ժամանել SOAD խմբի մենակատար Սերժ Թանկյանը, աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ էգոյանն ու դերասանուհի Արսինե Խանջյանը։ Նրանց էր միացել սփյուռքահայ դիտորդների մեծ բանակ, որոնք արձագանքել էին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության (որի մասնակիցներն են «Թրանսփարենսի ինթերնեշընըլ», Ժուռնալիսների «Ասպարեզ» ակումբ, «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունները) կոչին։

Բացի «Քաղաքացի դիտորդից», ընտրությունները դիտարկում էին ևս մեկ նախաձեռնություն՝ «Անկախ դիտորդ» քաղաքացիական դաշինքը, որի կազմում են «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», «Իրազեկ քաղաքացիների միավորումը», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդը», Գորիսի մամուլի ակումբը։ Ընտրությունները դիտարկում էին նաև իրավապաշտպան գործունեությամբ աչքի ընկած այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, «Ունիսոնը»։

Ապրիլի 3-ին Մեդիա կենտրոնում «Քաղաքացիական հասարակության և դիտորդների գնահատականը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ընտրությունները դիտարկած կազմակերպությունների ղեկավարները խիստ գնահատական տվեցին և արձանագրեցին, որ «հանրային վստահությունը ընտրությունների նկատմամբ չի վերականգնվել»։ Այս կազմակերպությունները, սակայն, հանրապետության 2031 ընտրատեղամասեր էին ուղարկել գրանցված դիտորդների ընդհանուր թվի մեկ վեցերորդը՝ շուրջ 5180 դիտորդ։

Իսկ «Քաղաքացի դիտորդի» նախաձեռնության այն պնդմանը, թե ընտրատեղամասերում կային մեծ թվով կեղծ դիտորդներ, որոնց նպատակն իրականում կուսակցական շահերի համար վերահսկողություն իրականացնելն էր,  միջազգային դիտորդ, «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի» ներկայացուցիչ Լիլիա Շիբանովան հակադարձել էր՝ ասելով, որ ցանկացած պարագայում դիտորդների մեծ թվի ներկայությունը ընտրատեղամասերում դրական ու կարևոր գործոն է։ 

Այնուամենայնիվ, ի՞նչ կազմակերպություններ էին ներկայացնում մնացած 22 835 դիտորդները, և ի՞նչ գնահատական են տվել նրանք ընտրությունների վերաբերյալ։

«Ընտրությունը քոնն է» կազմակերպությունն արձանագրել է «դրական տեղաշարժ»

«Հետքը» ապարդյուն փնտրեց այդ կազմակեպությունների հայտարարությունները ընտրությունների վերաբերյալ։ Միակ կազմակերպությունը, որը հանդես է եկել խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ հայտարարությամբ, «Ընտրություն քոնն է» ՀԿ-ն է։ Այս կազմակերպությունը հավատարմագրել էր 999 դիտորդ։ Եվ թեև այսօր էլ կազմակերպության կայքէջի վերջին թարմացումը 2013թ․ ընտրություններն են, դրա նախագահ Հովհաննես Համբարձումյանը ԱԺ ընտրություններից հետո «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ արձանագրել են «դրական տեղաշարժ»՝ նախկինում տեղի ունեցած ընտրությունների նկատմամբ։

Ի՞նչ էին ասում դիտորդ ՀԿ-ների «ամոթխած» ներկայացուցիչներն ընտրատեղամասերում

Ձեզ ենք ներկայացնում «Հետքի» կողմից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի քանի ընտրատեղամասերում կատարված դիտարկումները, որոնք որոշակի պատկերացում են տալիս այն մասին, թե ովքեր էին դիտարկում ընտրությունները։

Նախքան մեր դիտարկումները ներկայացնելը հիշեցնենք Ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթները։ Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանվում է, որ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն ՀՀ այն հասարակական կազմակերպությունները, «որոնք չեն աջակցում  թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին»։

Օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ «քվեարկության ընթացքում նաև տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում) կարող են ներկա գտնվել ․․․ տեղական դիտորդների դեպքում՝ յուրաքանչյուր կազմակերպությունից մեկ դիտորդ»: Իսկ 35-րդ հոդվածը սահմանում է, որ «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ․․ քվեարկության սենյակում կարող է ներկա գտնվել ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մինչև երկու վստահված անձ»:

Տեսանյութում ներկայացված են թիվ 7/19, 7/20, 7/13, 7/12, 7/10, 7/11, 7/9 ընտրատեղամասերի դիտորդները։ Նրանք կարկամում էին ու հրաժարվում խոսել տեսախցիկի առջև՝ թաքցնելով դեմքն ու փախչելով սրահից, կամ, հիմնականում տեսախցիկն անջատելուց հետո, ագրեսիվ վարք էին դրսևորում ու նույնիսկ սպառնում։ Որոշ դեպքերում նրանք չէին կարողանում ճիշտ արտասանել նույնիսկ իրենց կազմակերպության անունը, չգիտեին, թե ով է դրա նախագահը կամ թե երբ է այն հիմնադրվել, ինչ նպատակներ է հետապնդում կամ ինչ գործունեություն է ծավալում այն։

Մի դեպքում միջադեպի ժամանակ դիտորդը փորձում էր պաշտպանել հանձնաժողովի նախագահի «շահերը», կոպտեց լրագրողին, իսկ կարճ ժամանակ անց ընտրատեղամաս եկան երեք ոստիկան, որոնք իրենց ներկա գտնվելու պատճառը նշեցին «ընտրատեղամասում կուտակումները», թեև մարդիկ մինչ այդ էլ հանգիստ կանգնած էին շարքով և ոստիկանի միջամտության կարիքը չկար։ Որոշ դեպքերում դիտորդները չէին էլ թաքցնում, որ ներկայացնում են այս կամ այն կուսակցության շահերը, իրենց կուսակիցների հետ ավելի մտերմիկ հարաբերությունների մեջ էին։ Մի քանի դեպքում ընտրատեղամասերում միաժամանակ գրանցված էր միևնույն կազմակերպությունը ներկայացնող երկուական դիտորդ։ Պետք է նշել նաև, որ որոշ դեպքերում, բացի միևնույն կազմակերպությունը ներկայացնող մեկից ավելի դիտորդներից ընտրատեղամասում միաժամանակ ներկա էր 2-ից ավելի վստահված անձ, և եթե հաշվի առնենք, որ որոշ ՀԿ-ներ ներկայացնում էին կուսակցությունների շահերը, պատկերն ավելի հստակ է դառնում։

Ուշագրավ է, որ թիվ 7/19 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղարը ևս գիտեր այդ մասին. ձայների հաշվարկի ժամանակ տեսախցիկի առջև սկզբում ազատորեն նշեց՝ «մեկ կուսակցությունից ներկայացված է երկու վստաված անձ և մեկ դիտորդ»՝ համարելով, որ այստեղ խախտում չկա, հետո տարակուսելով հրաժարվեց իր՝ քիչ առաջ ասած խոսքերից։

Հաշվարկի ժամանակ 7/19 ընտրատեղամասում կար ՀՀԿ-ն ներկայացնող առնվազն 5 անձ, որոնցից երկուսը վստահված անձինք էին, երեքը` միևնույն կուսակցության շահերը ներկայացնող դիտորդ։ ԲՀԿ-ն մի փոքր զիջում էր․ ձայների հաշվարկի ժամանակ նույն ընտրատեղամասում կար այս կուսակցությունը ներկայացնող առնվազն 3 անձ։ Երկու դեպքում էլ` չհաշված հանձնաժողովի անդամներին։

Տեսանյութում կտեսնեք «Համահայկական երիտասարդական պալատ» (ԲՀԿ), «Ազատ հասարակության ինստիտուտ» (ՀՀԿ), «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» (ՀՀԿ), «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն» (ՀՀԿ), «Ազատ երիտասարդական խորհուրդ» (ԲՀԿ), «Արժանապատիվ սպա» (ՀՎԿ) «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ների դիտորդներին։

Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը ՀՀԿ-ի շտաբում և ընտրատեղամասում. պաշտոնյա՞, ՀՀԿ շտաբի ղեկավա՞ր, դիտո՞րդ, թե՞ վստահված անձ

Դավիթաշեն համայնքում տեղակայված 5/19 ընտրատեղամասի առջև որպես դիտորդ ներկայացավ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կարապետյանը։ Նա կանգնած էր «Դավիթաշեն 4/Ա2» համատիրության նախագահ Մհեր Հակոբյանի կողքին։ Հակոբյանի կուրծքը զարդարում էր դիտորդի վկայականը, ճիշտ է` կազմակերպության անունը նա զլացել էր կարդալ։ Տեսախցիկը միացնելուց հետո Կարապետյանը հերքեց քիչ առաջ որպես ՀԿ-ի անդամ ու դիտորդ ներկայանալու փաստը և ասաց՝ «Եկել եմ ընտրելու, տեղամասի առաջ կարա՞մ լինեմ»։ Մենք ուսումնասիրեցինք elections.am կայքի ընտրողների ռեգիստր բաժինը և պարզեցինք, որ Դավիթաշեն համայնքում գրանցված միակ ընտրողը Խաչատուր Երջանիկի Կարապետյանն է, որի հասցեն՝ Դավիթաշեն 2-րդ փող․, տուն 53։ Իսկ սա նշանակում է, որ նա չէր կարող ընտրությանը մասնակցել ընտրատեղամասեր թիվ 5/18-ում կամ 5/19-ում։

Բայց պետք է փաստել, որ ընտրություններին նա ակտիվորեն ներգրավված էր ոչ միայն որպես «դիտորդ», այլև որպես ՀՀԿ շտաբի անդամ, որին լրագրողը հանդիպել էր մարտի 30-ի երեկոյան՝ Դավիթաշեն համայնքի ՀՀԿ կենտրոնական շտաբի առջև: Ինչպես նշեց նրան ուղեկցող «Դավիթաշեն 4/Ա1» համատիրության նախագահ Նոդար Ավետիսյանը, նրանք նկատել էին շտաբից դուրս եկող մարդկանց հոսքը նկարող լրագրողին և դուրս էին եկել պարզաբանման։ Վերջիններս հավաքի նպատակը նշեցին որպես «ակտիվիստներին աշխատավարձի բաժանում» և լրագրողին առաջարկեցին ներգրավվել Արթուր Գևորգյանի և ՀՀԿ-ի քարոզչության գործին և ստանալ աշխատավարձ։

Այս լուսանկարներում Կարապետյանն է՝ շտաբի առջև, ընտրատեղամասի մոտ և Դավիթաշեն ՎՇ-ում՝ պաշտոնական հանդիպման ժամանակ։

ՎՇ ղեկավարի տեղակալը ՀՀԿ-ի շտաբի առջև

Կարապետյանը ընտրատեղամասի մոտ

Կարապետյանը պաշտոնական հանդիպման ժամանակ․ Դավիթաշենի ՎՇ-ի ֆեյսբուքյան կայքէջից

Դիտորդներ, որոնք պատրաստակամ էին խոսել

«Թրանսփարենսի ինթերնեշընլ» կազմակերպության դիտորդ Մարիամ Սաֆարյանը ու «Ելք» դաշինքի վստահված անձ Տաթևիկ Խաչիկյանը մտահոգություն էին հայտնում, որ վերը նշված կազմակերպությունների «դիտորդներն» ուղղորդում են ընտրողներին ու իրենց էլ զգուշացրել են «խելոք մնալ»։  «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն ներկայացնող դիտորդ Իրինա Մելքոնյանը գոհ էր ընտրությունների ընթացքից։ Ասում էր, որ համագործակցում է իր գործընկերների հետ և ամեն ինչ նորմալ է ընթանում։

ՀԿ-ներից միայն մեկի՝ «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» կազմակերպության դիտորդ Վահան Սարգսյանը համաձայնեց մեզ հետ զրուցել մի փոքր ավելի երկար։ Նա ասաց, որ շատ լավ գիտի, թե ով է իր կազմակերպության ղեկավարը, բայց չի պատրաստվում մեզ հայտնել նրա անունը, իսկ այդ հարցը համարեց «ոչ իրավաչափ»։ 

Թիվ 7/19 ընտրատեղամասը

Անհայտ կամ քիչ հայտնի կազմակերպությունների հետ զրույցները օգնեցին շատ բան պարզել, բայց ամենաուշագրավ բացահայտումը թիվ 7/19 ընտրատեղամասում էր սպասվում։ Դիտորդ Վահագն Ստեփանի Մկրտչյանը գերակշռորեն օրվա երկրորդ կեսին՝ ձայների հաշվարկի ժամանակ, հանկարծ սկսեց հրահանգներ տալ բոլորին․ նա շարժման մեջ էր անընդհատ՝ լինում էր մեկ 7/19, հետո անցնում մյուս՝ 7/20 ընտրատեղամաս։ Եվ երկու հանձնաժողովների բոլոր անդամները և նույնիսկ ոստիկանները տառացիորեն հետեւում էին նրա հրահանգներին։ Տեսախցիկների առջև, իհարկե, շատ զգուշավոր էր իրեն պահում, բայց երբեմն նյարդերը տեղի էին տալիս և չէր զսպում իրեն։ Ինձ դիմելով ասաց․ «Սաղ դու ես մեղավոր, գիտե՞ս, որ էսքան երկար ենք մնում։ Որ ստեղ չլինեիր, հիմա կես ժամում վերջացրել էինք, գնացել տուն», «Դու մինչև հիմա չհասկացար, որ ես ուր էլ լինեի, նույնն էր լինելու։ Ուզո՞ւմ ես իջնենք կողքի մանկապարտեզ։ Չնայած քեզ հիմա չեն թողնի ներս»։

Վահագն Մկրտչյանը հաշվարկի ժամանակ

«Բինգո՛». Վահագն Մկրտչյանը Սամվել Ալեքսանյանի կնոջ եղբա՞յրն է

Պարզվեց` «Ազատ հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի դիտորդ ներկայացող Վահագն Մկրտչյանը պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կնոջ` Շողերինայի եղբայրն է: Այդ ազգակցական կապը հաստատվում է նաեւ ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալներով։ Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Ստեփանի Մկրտչյանը, գրանցված չէ պատգամավորի հետ միևնույն հասցեում։ Նա եւ Վահագն Ստեփանի Մկրտչյանը գրացված են նույն հասցեում՝ Կոմիտասի 7/1, բն․ 19։

Ճիշտ է, Վահագն Ստեփանի Մկրտչյան անունով մի քաղաքացի էլ կա, բայց դիտորդի անթաքույց թելադրող վարքն ու ինքնավստահությունը գրեթե կասկած չեն թողնում, որ այս պնդումը ճիշտ է։ Բացի այդ, Վագահն Մկրտչյանի անվանակիցը շատ ավելի երիտասարդ է՝ ծնված 1986թ․, և դատելով արտաքինից, «մեր» դիտորդը հենց ինքն է, որ կա՝ Շողերինայի ազգակից, ամենայն հավանականությամբ եղբայրը։ Չմոռանանք նաև, որ այս տղամարդն ինքը հուշեց, որ «իր դեմ խաղ չկա»։ Այս ընտրատեղամասում էր նաև Ֆրանսիայից ժամանած երիտասարդ մի կին՝ Տաթևիկ Խաչիկյանը, որը «Ելք» դաշինքի վստահված անձն էր եւ «Հետքին» տված հարցազրույցում պատմում է այս ընտրատեղամասում ունեցած իր փորձառության մասին։

«Հետքը» Երեւանի եւ մարզերի բազմաթիվ այլ ընտրատեղամասերում հանդիպել է դիտորդների, որոնք չեն կարողացել ճշգրիտ հայտնել այն կազմակերպության անունը, որը ներկայացրել են, երբեմն «սայթաքել» են եւ ասել, թե սատարում են ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, մի դեպքում՝ Հայկական վերածնունդ կուսակցությանը, ուղղորդել են ընտրողներին եւ համագործակցել ՀՀԿ կամ ԲՀԿ վստահված անձանց հետ: Այդ փաստերը հաստատում են այն նախնական ենթադրությունը, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դիտորդների անվան տակ ընտրատեղամասեր են գործուղել  յուրայիններին, ովքեր վերահսկելու էին քվեարկության ողջ ընթացքը: Սա բացատրում է նաեւ այն հանգամանքը, թե ինչու այս ընտրություններին գրանցվեց դիտորդների աննախադեպ թիվ:   

առաջին լուսանկարում`  «Ազատ հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի դիտորդ Վահագն Մկրտչյանը գրկախառնված ՀՀԿ-ի վստահված անձ Գեղամ Խաչատրյանի հետ հետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter