HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեմինար` նվիրված կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան

Այսօր Ծաղկաձորում սկսվել է ՀՀ դատախազության և Քաղաքացիների շահերի պաշտպանության և աջակցության  հակակոռուպցիոն կենտրոնների /ՇՊԱԿ/ համատեղ կազմակերպած «Կոռուպցիոն հանցագործությունների հատկորոշման առանձնահատկությունները և հաղորդումներ ներկայացնելու կարգը» թեմայով սեմինար–դասընթաց` նվիրված կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան:

Սեմինարին մասնակցում են ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ դատախազության տարածքային մարմինների և ՀՀ դատախազության աշխատակազմի աշխատակիցներ,  հակակոռուպցիոն կենտրոնների և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ: 

Ողջունելով դասընթացի մասնակիցներին` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը կարեւորեց կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությունը` արձանագրելով, որ վերջին տարիներին դատախազությունը հետեւողական քայլեր է ձեռնարկում հասարակության լայն շրջանակների հետ համագործակցությունն ապահովելու իրավական մեխանիզմները ձեւավորելու ուղղությամբ:

Մասնավորապես 2010թ. հասարակական կազմակերպությունների հետ ստորագրվեց  մասնակցային համագործակցության մասին հուշագիր, իսկ  2011թ.` համագործակցության մասին հուշագիր ստորագրվեց ՇՊԱԿ-կենտրոնների հետ, եւ Ծաղկաձորում մեկնարկած սեմինարը նշված հուշագրի դրույթների գործնական կիրառման բնականոն շարունակությունն է: 

Դասընթացը, որը կտեւի 2 օր, միտված է ՇՊԱԿ կենտրոնների աշխատակիցների մասնագիտական գիտելիքների վերապատրաստմանը, եւ բանախոսները հանդես կգան «Ինչպե±ս հատկորոշել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները», «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների ներկայացման կարգը», «Կոռուպցիայի վերաբերյալ կրթության առանձնահատկությունները և նշանակությունը», «Կոռուպցիայի դեմ պայքարի դատավարական առանձին հիմնախնդիրներ» թեմաներով ծրագրային ելույթներով` վեր հանելով մի շարք խնդիրներ, պարզաբանելով կոնկրետ իրավիճակներում հակակոռուպցիոն կենտրոնների աշխատակիցների գործողությունների իրավական ըթացքի պահպանման նորմերը:

Ա. Դանիելյանը հույս հայտնեց, որ այս սեմինարի ընթացքում ձեռք բերված գիտելիքները ՇՊԱԿ աշխատակիցները լավագույնս կօգտագործեն քաղաքացիների շահերի պաշտպանության գործընթացում:

Միջոցառման ընթացքում ՇՊԱԿ-ների ազգային ցանցի կողմից Հրազդան քաղաքի բնակիչ Գ. Աթասյանին շնորհվեց «Տարվա քաղաքացի» մրցանակը` իր խախտված իրավունքները վերականգնելու գործում լավագույնս պայքարելու համար:

ՀՀ դատախազության և ՇՊԱԿ-ների ազգային ցանցի միջև համագործակցության զարգացման գործում զգալի ավանդ ունենալու կապակցությամբ շնորհակալագրերով պարգևատրվեցին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանը, ինչպես նաև` դատախազության և ՇՊԱԿ աշխատակիցներ: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter